Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարչապետն արձագանքել է Ադրբեջանի կողմից տարածվող կեղծ թեզին, թե Հայաստանը մոնոէթնիկ երկիր է

Վարչապետն արձագանքել է Ադրբեջանի կողմից տարածվող կեղծ թեզին, թե 
Հայաստանը մոնոէթնիկ երկիր է

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց Ադրբեջանի կողմից տարածվող կեղծ թեզին, թե Հայաստանը մոնոէթնիկ երկիր է, և Հայաստանում, իբր, փոքրամասնություններ չկան։

«Նախ նման ձևակերպումները Հայաստանի Հանրապետության ներքին գործերին կոպիտ միջամտություն են,  և Հայաստանում ոչ միայն կան ազգային փոքրամասնություններ, այլև նրանք ներկայացված են, մանդատներ ունեն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, և դա երաշխավորված է Սահմանադրությամբ։ Ներկայումս ազգային փոքրամասնությունները ներկայացնող չորս պատգամավոր կա Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում։

Իսկ եթե նման թեմաներով խոսույթը միջամտությունը չէ երկրի ներքին գործերին, ուրեմն արձանագրենք, որ Ադրբեջանում ոչ միայն մամուլի, ոչ միայն ընդդիմության, այլ նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումները կրում են համակարգային բնույթ։ Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների շահերը պաշտպանող առաջնորդների սպանությունների, բանտարկությունների մասին պատմող նյութերով հեղեղված է միջազգային մամուլը։ Ընդ որում, շատ դեպքերի մասին պատմում են ականատեսները՝ խոշտանգումների, հետապնդումների ենթարկված ակտիվիստները կամ սպանված ակտիվիստների ընտանիքների անդամները։ Ադրբեջանը, գուցե, բարի կամք դրսևորի և Միլլի Մեջլիսում պատգամավորական քվոտաներ սահմանի ազգային փոքրամասնությունների համար և դա երաշխավորի սահմանադրությամբ։ Սա, գուցե, իրավիճակի շտկմանն ուղղված առաջին քայլը կլինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետը։

Ամփոփելով խոսքը՝ վարչապետը նշեց, որ խաղաղության պայմանագիր լինելու է և լինելու է մինչև օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա։

«Ինչ վերաբերվում է մեր անելիքներին՝ Հայաստանի կառավարությունը և հանրությունը պետք է զբաղվեն ամենօրյա ստեղծարար աշխատանքով, կառուցելով, բարեփոխելով, բարիք ստեղծելով, անվտանգային համակարգը ուժեղացնելով։ Եվ մենք ոչ մի րոպե չպետք է շեղվենք Հայաստանի զարգացման, հզորացման և մեր ժողովրդավարությունը ամրապնդելու ճանապարհից»,- եզրափակեց Փաշինյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]