1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նրանք չունեն ոստիկանական գործառույթների մանդատ․Կռիլովը մեկնաբանել է՝ ինչու ՌԴ խաղաղապահները չեն բացում Լաչինի միջանցքը

Նրանք չունեն ոստիկանական գործառույթների մանդատ․Կռիլովը մեկնաբանել է՝ 
ինչու ՌԴ խաղաղապահները չեն բացում Լաչինի միջանցքը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանը 100 օր է՝ փակ է պահում Արցախն  արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը ՝ Լաչինի միջանցքը։ Միջազգային հանրության կոչերը, դատապարտող հայտարարությունները, ընդունած բանաձևերը և Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշումը՝ Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ, որևէ արդյունք չեն տվել, ընդհակառակը՝ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ քաղաքականություն վարել և սրել իրավիճակը Հայաստանի և Արցախի սահմանի երկայնքով։

Այս առիթով «Արմենպրես»-ը զրուցել է քաղաքագետ, Ռուսաստանի Պրիմակովի անվան գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Կռիլով հետ։ Քաղաքագետի հետ զրուցել ենք  հայ-ադրբեջանական հակամարտության, Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահների գործունեության, Հարավային Կովկասում Ռուսաստանի Դաշնության դերի մասին։

Ալեքսանդր Կռիլովը նշել է, որ, թեև միջազգային հանրությունը բարոյապես դատապարտում է Լաչինի միջանցքը փակումը, սակայն դեռևս անհասկանալի է, թե ինչ մեխանիզմներ կարող են օգտագործվել այն բացելու համար։ Քաղաքագետի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահները չունեն ոստիկանական գործառույթներ իրականացնելու մանդատ, որի հետևանքով ստեղծվել է բարդ իրավիճակ, ինչից տուժում է խաղաղ բնակչությունը։

Քաղաքագետը քիչ հավանական է համարում, որ ներկա փուլում արտաքին խաղացողները կարող են իրենց պայմանները թելադրել հակամարտող կողմերին, մասնավորապես Ադրբեջանին և Թուրքիային, որոնք հանդես են գալիս միասնական ճակատով։ Դրա հետևանքով կայուն լարվածությունը տարածաշրջանում կպահպանվի և այն մերթընդմերթ կարող է սրվել ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև Հայաստանի սահմանների երկայնքով, սակայն այն չի վերածվի լայնամասշտաբ պատերազմի։

Կռիլովի կարծիքով՝ Ադրբեջանը հաջողությամբ կիրառում է «սալյամիի մարտավարությունը»։  Նրա խոսքով՝ Ադրբեջանի մոտ դա ստացվում է, իսկ Հայաստանը դեռ կարող է դրան հակադրել միայն այդ ռազմավարության դեմ արդյունավետ հակադարձմամբ, բայց շեշտում է, որ դրա համար անհրաժեշտ են համապատասխան զինված ուժեր։ 

Խոսելով Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում Ռուսաստանի դերի մասին՝ զրուցակիցն ընդգծել է, որ պետք չէ Ռուսաստանի հնարավորությունները գերագնահատել` ընդգծելով, որ ռուսական դիվանագիտությունն ամեն ինչ անում է հայ-ադրբեջանական հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար։ Քաղաքագետը հույս է հայտնել, որ ինչպես Մոսկվայի, այնպես էլ արևմտյան երկրների կողմից ճնշումները, ինչպես նաև Հայաստանի կողմից ավելի ակտիվ դիվանագիտությունը կարող են խաղաղ գործընթացում առաջընթացի հանգեցնել։

-Պարոն Կռիլով, Ադրբեջանը արդեն 100 օր փակ է պահում Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը ՝ Լաչինի միջանցքը, ինչն այնտեղ առաջացրել է հումանիտար ճգնաժամ։ Չնայած միջազգային կոչերին, քննադատություններին և բոլորովին վերջերս Արդարադատության միջազգային դատարանը կայացրած որոշմանը, որը պարտավորեցնում է Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով տրանսպորտային միջոցների, մարդկանց, բեռների ազատ տեղաշարժը, Ադրբեջանը ոչ մի քայլ չի ձեռնարկում Լաչինի միջանցքը բացելու համար, ընդհակառակը ՝ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ քաղաքականություն վարել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը։ Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի միջազգային հանրությունը, որպեսզի Լաչինի միջանցքը բացվի։

-Հասկանալի է, որ միջազգային հանրության կողմից բարոյական դատապարտում է տեղի ունենում, բայց խնդիրն այն է, որ պարզ չէ, թե ինչպիսին կարող է լինել Լաչինի միջանցքի ապաշրջափակման մեխանիզմը, որովհետև արևմտյան գործընկերները սահմանափակվում են դատապարտմամբ։ Ռուսաստանը հակամարտության գոտում ունի խաղաղապահ զորակազմ, սակայն այդ զորախմբի մանդատը չի նախատեսում ոստիկանական գործառույթների իրականացում։ Եվ այստեղ ադրբեջանական ղեկավարությունը օգտվում է ոչ թե իր զինված ուժերի, այլ ձևական քաղաքացիական ակտիվիստների միջոցով գործողություններ իրականացնելու հնարավորությունից։ Բոլորը հասկանում են, որ քաղաքացիական ակտիվիստները միայն ձևական են, բայց ռուս խաղաղապահները մանդատով իրավունք չունեն ոստիկանական գործառույթներ իրականացնել, ցրելու տարբեր տեսակի ցույցեր, բողոքի ակցիաներ և այլն ։

Մյուս կողմից, ըստ ՌԴ խաղաղապահների մանդատի, նրանց գործառույթը հակամարտող կողմերի տարանջատումն է, բայց եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքի անվտանգությունն ու տրանսպորտի գործունեության ապահովումը ընկած է Ադրբեջանի վրա։ Ի սկզբանե այս ամենը գրված էր անորոշ, բայց եթե հիշենք նոյեմբերի 9-ը, երբ ռազմական գործողությունների պայմաններում անհրաժեշտ էր շտապ հասնել դրա դադարեցմանը, հասկանալի է, որ այդ ժամանակ մշակման ժամանակ չկար։

Ահա թե ինչու այստեղ էլ հայկական կողմը, բնականաբար, մեծ դժգոհություններ ունի ռուսական կոնտինգենտի նկատմամբ, որը, ըստ էության, վերահսկում է Լաչինի միջանցքը, բայց վերահսկողությունն այն է, որ նա թույլ չի տալիս ռազմական գործողությունների վերսկսումը, բայց միևնույն ժամանակ չի կարող խոչընդոտել ֆորմալ քաղաքացիական ակցիաներին։

Բայց դրա հետ մեկտեղ Ադրբեջանը մեծ դժգոհություններ ունի, քանի որ եռակողմ համաձայնագիրը նախատեսում է հայկական զինված ուժերի դուրսբերում Լեռնային Ղարաբաղի տարածքից, սակայն Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը շարունակում է գոյություն ունենալ։ Եվ այստեղ Ադրբեջանը հայտարարում է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները պետք է նրանց զինաթափեն կամ արտաքսեն, տեղափոխեն Հայաստան։ Բայց այստեղ նույնպես կրկին հարցն այն է, որ ՌԴ խաղաղապահների համար ոստիկանական գործառույթներ նախատեսված չեն ։ Ուստի այստեղ շատ բարդ իրավիճակ է , և ամենից շատ դրանից տուժում է հենց խաղաղ բնակչությունը, որն այժմ գտնվում է շատ ծանր դրության մեջ։

 

-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստի ժամանակ հայտարարել էր, որ վերջին երկու տարիների ընթացքում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, ինչպիսիք են

Խծաբերդի, Հին Թաղերի օկուպացիան, Փառուխի դեպքերը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիական անձանց սպանությունները, հրադադարի պարբերական խախտումները, քաղաքացիական բնակչությանը ահաբեկելուն ուղղված գործողությունները անհանգստացնում են Հայաստանին: Վարչապետը հույս ունի, որ ՌԴ խաղաղապահները կկատարեն իրենց առջև դրված գործառույթները, բայց եթե Ռուսաստանի Դաշնությունը որևէ օբյեկտիվ պատճառներով չի կարող կատարել այդ դերը, Փաշինյանը ասել է, որ Ռուսաստանը պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ՝ ահազանգելով Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական բնակչության զանգվածային սպանությունների և քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման վտանգի և սա թույլ չտալու համար՝ Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում լրացուցիչ միջազգային մեխանիզմներ գործարկելու անհրաժեշտության մասին: Ինչ եք կարծում, Ռուսաստանը պետք է դիմի՞ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և արդարացված է այդ գործողությունը:

-Դե պատկերացրեք, եթե Ռուսաստանի ղեկավարությունը սկսեր արտահայտվել այն ոգով, ինչ պետք է անի Հայաստանի ղեկավարությունը։ Այստեղ մի քիչ տարօրինակ է։ Ամեն դեպքում, հավանաբար, ամենից շատ պետք է մտածել այն մասին, թե ինչ կարող է անել Հայաստանի ղեկավարությունը։ Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում հայտարարում է, որ ինքը չի խառնվում Ղարաբաղի ներքին գործերին, քանի որ դա իր գործը չէ։ Եվ ահա Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունների ընթացքում Ղարաբաղի թեման չի հնչում և չի բարձրացվում։ Նախկինում պատերազմից հետո այլ դիրքորոշում կար։ Այնուամենայնիվ, հայկական ղեկավարությունը հայտարարում էր այն մասին, որ խաղաղության համաձայնագիրը պետք է ներառի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին կետը։

Սահմանամերձ շրջանների, ռազմավարական կարևոր բարձունքների գրավումը, Լեռնային Ղարաբաղի շրջափակումը,  սահմանային լարվածության պահպանումը Ադրբեջանի գիտակցված քաղաքականությունն է, և այդ քաղաքականության ևս շատ հետաքրքիր դրսևորում է դարձել Ղարաբաղի նոր վարչական բաժանումը։ Այսինքն ՝ Լեռնային Ղարաբաղ անվանումը (Իլհամ Ալիևն արդեն հայտարարել է այդ մասին) չպետք է օգտագործել. այն այլևս չկա, իսկ սահմանն այնպես է գծված, որ Ադրբեջանում հռչակել են «Ղարաբաղյան տնտեսական տարածաշրջան»։ Աղդամի շրջանն այնտեղ չկա, բայց երկրի ներսում ավելացվում է երկու շրջան՝ ադրբեջանցի բնակչությամբ։ Հասկանալի է, որ հիմա ամեն ինչ արվելու է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև տնտեսական կապերը խզելու համար։

Ահա դա արվում է ։

Հայաստանի ղեկավարության քաղաքականությունն է՝ հնարավորինս միջազգայնացնել խնդիրը, այստեղ ներգրավել նոր խաղացողների, ակտիվացնել հին խաղացողներին՝ Միացյալ Նահանգներին ու Եվրամիությանը։ Ահա այստեղ տեսնում ենք, որ հավաքական Արևմուտքի կողմից, ըստ էության, առաջ են քաշվել խաղաղապահ բազմաթիվ նախաձեռնություններ, բայց դրանք ոչ մի արդյունքի չեն հանգեցրել։ Օրինակ՝Ռասմուսենի վերջին այցը։ Նա ժամանակին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն էր: Նա եկավ, նայեց, և հետո ի՞նչ։ Եվ հետո ոչինչ։ Սա հենց այսպիսի ցուցադրական գործունեություն է՝ առանց իրական բովանդակության։

Իրականում Արևմտյան քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության հենց սկզբից ավելի շատ ուղղված էր ոչ թե այդ հակամարտությունը լուծելուն և կողմերի շահերը հաշվի առնելուն, այլ Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը սահմանափակելուն, Հարավային Կովկասից նրան դուրս մղելուն։ Եվ հիմա տեսնում ենք, որ նույն նպատակներն է հետապնդում արևմտյան քաղաքականությունը, որովհետև եթե եռակողմ հայտարարության հիման վրա խաղաղ կարգավորում է ձեռք բերվել, ապա Ռուսաստանը մնում է Հարավային Կովկասում, ինչը մեր արևմտյան մրցակիցները խիստ չեն ցանկանում , ուստի նրանք ամեն ինչ անում են խաղաղ գործընթացը խափանելու համար։ Մենք տեսնում ենք, որ դրա պատճառով էլ իրավիճակի սրում է տեղի ունենում։

-Ի՞նչ լուծում եք այժմ տեսնում Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված, ահա այս տեսքով։

-Կա երկու ճանապարհ՝ ռազմական լուծում և խաղաղ լուծում, ըստ էության, ինչպես ի սկզբանե եղել է։ Հիմա, եթե կողմերը չեն կարողանում պայմանավորվել, խնդիրը լուծում են մարտի դաշտում կամ գտնում են խաղաղ կարգավորման ինչ-որ ձեւ։ Երրորդ ճանապարհն այն է, որ արտաքին խաղացողները պարտադրեն իրենց կամքը և թելադրեն իրենց կամքը հակամարտող կողմերին։ Դե, հիմա դժվար է պատկերացնել, որ ինչ-որ մեկը, լինի դա Ռուսաստանը, թե հավաքական Արևմուտքը, թելադրի իր պայմանները պատերազմում հաղթանակ տարած Ադրբեջանին, ինչպես նաև Թուրքիային, քանի որ իրականում նրանք հանդես են գալիս որպես միասնական ճակատ։ Ես իրադարձությունների նման զարգացում չեմ պատկերացնում։ Հետևաբար, այստեղ կարելի է ակնկալել, որ կայուն լարվածությունը կշարունակվի՝ ավելի սրվելու միտումով և ոչ միայն Ղարաբաղում, այլև Հայաստանի սահմանների երկայնքով։

 

-Դե հիմա արդեն ասում են, որ Ադրբեջանը զորքեր է կուտակում, հնարավո՞ր է ինչ-որ էսկալացիա, դուք տեսնու՞մ եք ինչ-որ լայնամասշտաբ պատերազմի հավանականություն ։

-Լայնամասշտաբ պատերազմը քիչ հավանական է, քանի որ եթե դա տեղի ունենա Ղարաբաղում, ինչպես օրինակ եղել է 2020 թվականին, ապա դա անխուսափելիորեն բախում կլինի ՌԴ խաղաղապահների և անխուսափելի պատերազմ
Ռուսաստանի հետ, ուստի պետք է սպասել , որ կշարունակվի այս ամբողջ լարվածությունը սահմանային բախումների ֆորմալ շրջանակներում, ինչն էլ շատ հաջող իրականացնում է Ադրբեջանը։ Սա «սալյամիի մարտավարությունն է՝ կտոր-կտոր կտրել։ Նրանց մոտ դա ստացվում է, իսկ Հայաստանը դեռ կարող է դրան հակադրել միայն այդ ռազմավարության դեմ արդյունավետ հակադարձմամբ, բայց դրա համար անհրաժեշտ են համապատասխան զինված ուժեր։ Եվ, եթե վերլուծենք վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարությանը, ապա նա այնքան էլ բարձր չի գնահատում Հայաստանի ռազմական պատրաստականության աստիճանը՝ դիմակայելու ահա այդպիսի սադրիչ գործողություններին։ Նա հայտարարեց այն մասին, որ հայկական բանակի «հինգերորդ շարասյունը» նպաստել է ղարաբաղյան երկրորդ պատերազմի պարտությանը և, հավանաբար, այդ «հինգերորդ շարասյունը» դեռ շարունակում է գործել ՝ դատելով զինծառայողների ձերբակալություններից, որոնք շարունակվում են։ Այնպես որ, այստեղ իրավիճակը չափազանց անբարենպաստ է, և, ըստ երևույթին, արժե մեծ ուշադրություն դարձնել դրան:

 

-Ռուսաստանն իր կողմից ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի ։ Արդյոք արդյունավետ են Ռուսաստանի Դաշնության բոլոր գործողությունները, որպեսզի Հարավային Կովկասում խաղաղություն հաստատվի։

-Պետք չէ գերագնահատել Ռուսաստանի պոտենցիալ հնարավորությունները։ Այսինքն ՝ այստեղ խաղաղ միջոցներով ռուսական դիվանագիտությունն անում է այն ամենը , ինչ հնարավոր է։ Ցավոք, ահա այս իրավիճակում՝ ուկրաինական համատեքստում և հավաքական Արևմուտքի հետ հակամարտության ֆոնին, Ռուսաստանի համար չափազանց բարդ է, և նրա համար շատ կարևոր է նոր ճակատներ չավելացնել, այդ թվում ՝ Հարավային Կովկասում։ Այնպես որ, այստեղ հասկանալի է, որ Մոսկվան իրեն շատ զգույշ է պահում, և, գուցե, ինչ-որ այլ պայմաններում ավելի քիչ կաշկանդված լիներ, ավելի շատ վճռականություն կցուցաբերեր, բայց հիմա գլխավոր խնդիրը Կովկասում երկրորդ ճակատի բացումից խուսափելն է։ Այնպես որ, այստեղ ռուսական դիվանագիտությունն անում է այն, ինչ կարող է անել։ Կարող է անձամբ Ռեջեփ Թայիփ Էրդողան և Իլհամ Ալիևի հետ բանակցել, համոզել։ Բայց տեսնում եք, որ նման մեթոդները դեռ չեն հանգեցրել Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը։ Դե, հուսով ենք, որ, այնուամենայնիվ, ճնշում կգործադրվի ոչ միայն Մոսկվայից, այլև Արևմուտքի երկրներից։ Այստեղ, իհարկե, հայկական դիվանագիտությունը պետք է ավելի մեծ ակտիվություն ցուցաբերի, որպեսզի Հայաստանի արևմտյան դաշնակիցները, որոնք հայտարարում են, որ ցավում են հայ ազգի, հայկական պետականության համար, ավելի մեծ համառություն ցուցաբերեն Բաքվի և Անկարայի վրա ճնշում գործադրելու առումով։ Բայց տեսնում եք , որ Եվրամիության համար հիմա շատ կարևոր են ադրբեջանական էներգառեսուրսները, այսինքն ՝ բոլորն էլ միջազգային ասպարեզում ունեն իրենց սահմանափակումները, իրենց շահերը, այնպես որ այս առումով Հայաստանը հիմա շատ բարդ վիճակ ունի։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]