Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

«Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ը խթանում է ֆրանսերենի և ֆրանկոֆոն մշակույթների տարածմանը. դեսպան

«Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ը  խթանում է ֆրանսերենի և ֆրանկոֆոն 
մշակույթների տարածմանը. դեսպան

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023» ամենամյա միջոցառումը, լինելով Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային օրակարգի կարևորագույն ծրագրերից մեկը, խթանում է ֆրանսերենի և ֆրանկոֆոն մշակույթների տարածմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն:

«2023 թվականին դեսպանությունը ուրախ է ներկայացնել ֆրանսերենին և ֆրանսիական մշակույթին նվիրված  շուրջ 20 միջոցառում ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Ծրագիրը բազմաժանր է. կինո, երաժշտություն, թատրոն, բանավեճ, ժամանակակից արվեստ, ֆրանսերենի իմացության մրցույթ: Ֆրանկոֆոնիայի օրերի մեկնարկը Հայաստանում միշտ եղել է շատ սպասված և յուրահատուկ,  ինչի շրջանակներում իրականացվող  միջոցառումները էլ ավելի կխթանեն ֆրանսերենի և ֆրանկոֆոն մշակույթների տարածմանը: Այս տարվա ֆրանկոֆոնիայի օրերի ծրագիրը շատ խիտ է, և Հայաստանի արտաքին գործերի նախարարության կայքում կարող եք գտնել այդ ցանկը: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր գործընկերներին, ովքեր իրենց մեծ ներդրումն ունեն  ֆրանկոֆոնիայի տարածման հարցում»,-ասաց դեսպանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նույնպես կարևորեց Ֆրանկոֆոնիայի օրերի անցկացումը Հայաստանում, ընդգծելով, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը համախմբում է շուրջ 320 միլիոն ֆրանսախոսների և հնարավորություն է ընձեռում տոնելու համերաշխությունն ու միասին ապրելու ցանկությունը՝ ներկայացնելով նաև Ֆրանկոֆոնիայի արժեքները:

«Հայաստանը շատ մեծ պատասխանատվությամբ և ակտիվությամբ է մասնակցում  Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում իրականացվող բոլոր միջոցառումներին և նախաձեռնություններին: Սա ևս մեկ վկայություն է, որ Հայաստանում մեծ կարևորություն են տալիս Ֆրանկոֆոնիայի օրերին, և ամեն տարի մենք ավելի ու ավելի մեծ մասնակցություն ենք ունենում երկամսյակի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին: Ուրախությամբ պետք է հայտնեմ, որ այս տարի էլ մեր թե՛ կրթական, թե՛ մշակութային  հաստատությունները շատ ակտիվ են եղել և մեծ թվով միջոցառումներ ենք պլանավորում Երևանում և մարզերում: Կարևորում եմ  բոլոր մարզերի ներգրավվածությունը միջոցառումներին: Եվ ես վստահ եմ, որ բոլոր միջոցառումները նպաստելու են ֆրանսերենի և ֆրանկոֆոն մշակույթի ու արժեքների տարածմանը, ինչպես նաև ստանալու ենք հնարավորություններ մեր համագործակցությունը ամրապնդելու, շարունակելու, ինչպես նաև նոր նախաձեռնություններ իրականացնելու համար»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

Հայաստանում Շվեյցարիայի դեսպան, ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Լուկաս Ռոզենկրանցն ընդգծեց, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը մի յուրահատուկ հարթակ է, որը մի ընդհանուր լեզվի միջոցով զարգացնում է իր անդամ պետությունների միջև մշակութային, կրթական և տնտեսական համագործակցությունը՝ ի նպաստ ժողովուրդների:

«Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը առաջին հերթին մշակութային և քաղաքակրթական մի նախաձեռնություն է: Այն ծրագրեր է իրականացնում, որոնք աջակցում են գրողներին, կինոգործիչներին, երաժիշտներին և ֆրանկոֆոն արվեստագետներին և ավելի հասանելի է դարձնում նրանց աշխատանքները միջազգային ավելի լայն շուկայում և օգնում  մեծ ճանաչում ձեռք բերել: Իսկ ինչ վերաբերվում է ֆրանկոֆոնիայի քաղաքական բաղադրիչին, նրա առաջնահերթություններն են խաղաղության պահպանումը, մարդու իրավունքների և ժողովրադավարության պահպանումը և իհարկե մամուլի ազատության արժեքները: Եվ ես հույս ունեմ, որ այս միջոցառումները թույլ կտան հայ հասարակությանը պատկերացում կազմել Ֆրանկոֆոնիայի մշակութային հարստության մասին»,- ասաց դեսպանը:

 Ֆրանսիայի դեսպանի՝ մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկերներին՝ նշելով, որ առանց իրենց պատրաստակամության հնարավոր չէր լինի որևէ  բան կազմակերպել:

«Այս տարի « Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ի մեկնարկը կտրվի մարտի 18-ից 26-ը՝ ֆրանկոֆոն կինոյի 6-րդ փառատոնով: Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես ապրիլի 6-ին  կկազմակերպվի «Ասա ինձ տասը բառ բոլոր ժամանակներում» մրցույթը, որը նպատակ ունի խթանել ֆրանսերենի ուսուցումը՝ լեզվի խաղային և դինամիկ կիրառմամբ: Մասնակիցները պետք է երկխոսություն վարեն ու ելույթ ունենան բեմի վրա»,- ասաց Գիյոմ Նարժոլեն:

Նա նշեց, որ Ֆրանկոֆոնիայի  օրերի շրջանակում Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբ՝ մարտի 17-ից ապրիլի 20-ը տեղի կունենա Հայաստանի ազգային կամերային նվագախմբի համերգաշարերը: Իսկ Մարտի 28-ից ապրիլի 25-ը Հայաստանի ազգային գրադարանում կկազմակերպվի ֆրանսիական կինոյին նվիրված կինոակումբ:

Ապրիլի 1-ից 29-ը «ԿԱԶԱ» հիմնադրամի Գյումրու կենտրոնում կկայանա Ֆիլմերի ցուցադրություններ «Խաղաղության էկրաններ» կազմակերպության կողմից: 

«Ապրիլի 12-ին և 13-ին  տեղի կունենա  երկլեզու դրամատիկական արվեստանոց, որը դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Սերժ Ավետիքյանի նախաձեռնությամբ 2021 թ.-ին ստեղծված մի նախագիծ է, որը Երևանի ու Գյումրու մի խումբ երիտասարդ դերասանների հնարավորություն է տալիս մասնակցելու ֆրանսիացի, բելգիացի դերասանների, բեմադրիչների ու պարուսույցների կողմից անցկացվող աշխատարանների»,- ասաց նա։

Ապրիլի 14-ից սկսած Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կլինի  Ալեքսիս Պոլի Disornaments ցուցահանդեսը:

«2014 թվականից ի վեր ճանապարհորդության, կոմպոզիցիայի ու տարբեր համագործակցությունների միջոցով Ալեքսիս Պոլը ուսումնասիրում ու վերստեղծում է երգեհոնիկը (շարմանկա՝ շարժական մեխանիկական երաժշտական գործիք) և առհասարակ հանրաճանաչ մշակույթները։ Երգեհոնիկից փոխառված ծակոտաքարտի ու բռնակի միջոցով նա փորձում է շեղվել վերջինիս ավանդական կիրառությունից՝ երաժշտական նոտագրությունը փոխարինելով հայկական ասեղնագործության զարդանախշերի բազմազանությամբ և կրկնությամբ: Ցուցահանդեսին կներկայացվեն երգեհոնիկի շուրջ արված այս շարունակական հետազոտությունների արդյունքում ստացված տեսողական և ձայնային ինստալյացիաներ, ինքնատիպ աշխատանքներ»,- եզրափակեց Գիյոմ Նարժոլեն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am