Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Եթե գործատուն աշխատանքի ընդունի հաշմանդամություն ունեցող կամ նպաստ ստացող գործազուրկ ընտանիքի անձի, պետությունից աջակցություն կստանա

Եթե գործատուն աշխատանքի ընդունի հաշմանդամություն ունեցող կամ նպաստ 
ստացող գործազուրկ ընտանիքի անձի, պետությունից աջակցություն կստանա

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի այն գործատուներին, որոնք աշխատանքի կընդունեն գործազուրկ  քաղաքացիների՝ մասնավորապես նրանց, որոնք կունենան հաշմանդամության կարգավիճակ կամ կլինեն ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի անդամներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զբաղվածության խթանման միջոցառումը հաստատելու մասին հարցը կառավարության նիստում հավանություն ստացավ:

Ծրագրից կկարողանան օգտվել ՀՀ տարածքում պետական գրանցում ստացած այն իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք չեն հանդիսանում հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին, վերջին 3 ամսվա ընթացքում անընդհատ ունեցել են առնվազն 10 վարձու աշխատող: Միջոցառման շրջանակում գործատուն աշխատանքի կկարողանա ընդունել այն գործազուրկ քաղաքացիներին, որոնք վերջին 3 ամսվա ընթացքում չեն հանդիսացել հարկ վճարող և 6 ամսվա ընթացքում չեն եղել աշխատանքային հարաբերությունների մեջ տվյալ գործատուի հետ:

«Այն գործատուները, որոնք առնվազն 1 տարով աշխատանքի կընդունեն առաջին կամ երկրորդ խումբ ունեցող կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց, 12 ամիս շարունակ կստանան փոխհատուցում՝ աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի 100 տոկոսի չափով՝ յուրաքանչյուր ամսվա համար, բայց ոչ ավել, քան 50 հազար դրամ: Ընդ որում, մենք նաև այլ բաղադրիչ ունենք, միանվագ 500 հազար դրամ աջակցություն ենք տալիս՝ աշխատանքային միջավայրը խելացի հարմարեցումներով ապահովելու համար»,-ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Իսկ եթե գործատուն աշխատանքի ընդունի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի 30-45 տարեկան գործազուրկ անձի, պետությունը 6 ամիս շարունակ կտրամադրի փոխհատուցում՝ աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի 30 տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան 12 հազար դրամ:

Նախարարի խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 30-45 տարեկան անձանց մեջ բավականին մեծ տոկոս է կազմում այն կանանց թիվը, որոնք տնտեսապես ակտիվ չեն: Եվ պետությունը կավելացնի աջակցությունը ևս 3 ամիս, եթե կնոջ խնամքին կլինի մինչև 5 տարեկան երեխա:

Ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի 63-ից բարձր տարիքի գործազուրկ անձանց է վերաբերում հաջորդ կարգավորումը: «Մենք կարևորում ենք ակտիվ ծերության ծրագրերը, որպեսզի կարողանանք նրանց սոցիալական և տնտեսապես ակտիվ պահել մեր հասարակության մեջ: Այսպիսով՝ եթե սոցիալական նպաստ ստացող ընտանիքի 63-ից բարձր տարիքի գործազուրկ անձանց աշխատանքի են ընդունում, ապա 6 ամիս ժամկետով աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված և եկամտային հարկի 70 տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան ամսական 21 հազար դրամ կտրամադրենք»,-ասաց նախարարը:

Կան շահառուների այլ խմբեր ևս, օրինակ՝ նպաստ ստացող ընտանիքների երիտասարդներ:

Եթե ծրագիրը, օրինակ, 3 ամսով է, ապա գումարը տրվում է ծրագրով սահմանված ժամկետը լրանալուց 5 օր հետո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]