Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

«Երևանյան բեսթսելեր». Աղաբաբյանն՝ ամենաընթերցված հեղինակը. հայ գրականություն. դեկտեմբեր, 2022

«Երևանյան բեսթսելեր». Աղաբաբյանն՝ ամենաընթերցված հեղինակը. հայ 
գրականություն. դեկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակն՝ ըստ դեկտեմբերի վաճառքի տվյալների:

Առաջին տեղում է «Բարի գործերի քաղաքը»։ Գիրք, որն ընթերցողին կգրավի ոչ միայն իր սյուժեով, այլև ժանրային յուրահատկությամբ։ Այն գրել են Մարկ Արենը և հինգ երիտասարդներ: Նրանում զետեղված փոքրիկ պատմությունները բարության զորեղ ուժի մասին են, այն մասին, թե ինչպես է մի աղջկա արած ֆեյսբուքյան գրառումը շատ արագ տարածում գտնում, մարդկանց հորդորում բարի գործեր անել և Երևանը դարձնում բարի գործերի քաղաք:

Երկրորդ տեղում է Սյունե Սևադայի «Աղի թեյ»-ը։ 2019-ի գարնանը երաժշտական աշխարհը ցնցվում է անսպասելի լուրից. համաշխարհային ճանաչում ունեցող  երիտասարդ հայ դաշնակահար ու կոմպոզիտոր Իդան ողբերգական ավտովթարի պատճառով հեռացել է կյանքից: Մահից ամիսներ անց հայաստանյան ամենամեծ հրատարակչության հիմնադիրը կապվում է Իդայի օգնականի ու ամենամտերիմ մարդու՝ Նենէի հետ՝ առաջարկելով Իդայի մասին կենսագրական գիրք գրել: Նենէն համաձայնում է, բայց գրվող ամեն էջի հետ բացահայտվում են մանրամասներ, որոնք ստիպում  են բացել անցյալի մռայլ էջերը, նորովի ճանաչել մարդկանց ու առերեսվել սարսափելի իրականությանը...

Համլետ Առաքելյանի «Անմահների ակադեմիան» երրորդ հորիզոնականում է։ Արեգն ու Արան Երևանյան համալսարանում իրենց առաջին տարվա ընթացքում ծանոթանում են տիկին Տարտարոսյանի՝ Անմահության հիմունքների դասախոսի հետ, և սկսում են գնալ գաղտնի անմահական հավաքների, որոնց նպատակը Վիեննայի Անմահության ակադեմիա ընդունվելն է: Դրա համար նրանք պիտի անցնեն անմահության մի քանի հարթակներով, մտածել սովորեն ու չշեղվեն անմահական ճանապարհից: Հստակ թվացող ուղին, սակայն, կասկածի տակ է դրվում, երբ Արեգը բացահայտում է Հայկի մատյանը, որ նախահոր թողած ուղեցույցն է դեպի Նրա աշխարհ: Համլետ Առաքելյանի այս հրաշավեպը վերերկրային իրարամերժ ուժերի հարատև պայքարի արտահայտումն է՝ երկու երիտասարդի երկրային հրաշապատում ճանապարհի մեջ:

Չորրորդ տեղում է Հովսեփ Վարդանյանի «Ագապի»-ն։ «Ագապի» վեպը մի անմեղ սիրո պատմություն է, որի գլխավոր հերոսուհին՝ Ագապին, հարում է հայ լուսավորչական դավանանքին, իսկ նրա սիրած երիտասարդը՝ կաթոլիկ: Դավանանքների այդ անտագոնիզմում երիտասարդ աղջկա՝ Ագապիի և նրա սիրեցյալի՝ Հակոբի սիրո պատմությունը վերածվում է ողբերգության...«Ագապի» վեպը լույս է տեսել 1851 թ. Կ. Պոլսում՝ հայերեն տառերով, թուրքերեն լեզվով, և ուղիղ հարյուր տարի մնացել էր անհայտության մեջ:

Հովիկ Աֆյանի «Ժողովրդի հայրերը» հինգերորդ տեղում է։ Աշխարհում չկա մի որդի, որը գոնե մեկ օր չի փնտրել իր հորը: Այս պատմությունն այդ օրվա մասին է: Վեպը չի հավակնում դառնալ հայրագիտության դասագիրք, առավելևս՝ անհույս միջնորդ-հաշտարար՝ հայրեր ու որդիներ հավերժ պատերազմում. այն ընդամենը ցույց է տալիս շեղված ճանապարհը այն օրից, երբ «Ծովինար խանում, էնոր քեռմեր ու աղջիկներ գնացին պըտըտելու Կաթնով Աղբյուր»: Սա անտեսանելի հայրերի ու չտեսնված որդիների՝ երկիր բերող ու երկրից տանող ոտնահետքերի ամբողջությունն է: Երջանիկ քաղաք կամ Անվախ Հանրապետություն, որտեղ մի ամբողջ ժողովուրդ լուռ հարցնում է Ծովինար նախամորը. «Իսկ ո՞վ է իմ հայրը և որտե՞ղ է նա»: Այս գիրքը չորս հերոս ունի, չորսն էլ ամեն օր լողանում են:

Վեցերորդ տեղում է Գոհար Նավասարդյանի «Ինձ պիոններ չնվիրես» վիպակը: Գիրքն անկեղծ սիրո պատմություն է՝ գրված իրական ապրումների հիման վրա։ Վիպակը մի երիտասարդ զույգի մասին է, որը մի քանի անգամ հանդիպում է շատ պատահական։ Երիտասարդը սիրահարվում է առաջին իսկ հայացքից՝ մոռանալով, որ միշտ թերահավատորեն է վերաբերվել առանց ճանաչելու դիմացինին սիրահարվելու փաստին։ Ինչպես բոլոր զույգերի մոտ, նրանց սերը ևս վախերի, կասկածների, մտորումների, խանդի ու կարոտի մեծ հանրագումար է, որը միշտ շաղախված է անեզր սիրով ու նվիրվածությամբ։ Գրքում այլաբանությունները շատ են, առաջին հայացքից սովորական թվացող հարաբերություններում շատ ավելի խորը հարցեր են արծարծվում։ Գրքի վերնագրում անգամ փոխաբերական իմաստ կա։ Հերոսուհին խնդրում է իր սիրած ծաղիկն իրեն չնվիրել, որպեսզի դրանք հողում մնան, ապրեն ու սիրվեն։ Սրա տակ էլ գրքի ամբողջ իմաստն է. ծաղիկը հողում է գեղեցիկ, թռչունը՝ ազատության մեջ, սերն էլ վանդակում չի շնչում, ուշ թե շուտ կխեղդվի...

Գոհար Նավասարդյանի «Սիրելուց հետո» գիրքը յոթերորդ տեղում է։ Այն, որ սիրահարվածությունից հետո գալիս է սերը, բոլորը գիտեն, բայց թե ինչն է հաջորդում սիրուն, շատերի համար է հանելուկ: Այս վիպակը սիրո գեղեցիկ պատմություն է, որում նկարագրվում է, թե ինչ է լինում սիրելուց հետո: Գիրքը սովորեցնում է խնամել սերը, չհամարել այն ուղղակի պարտականություն կամ բեռ, որովհետև այս զգացմունքը մեռնում է, երբ հարաբերություններում վաղուց կյանք չկա և, մյուս կողմից, կարող է շունչ առնել, եթե ինքներս ուզենանք… Վերջինս վիպակում հնարավոր է դառնում միայն կարոտի և կապվածության վախը հաղթահարելու շնորհիվ, որը պիտի բերեր որոշման` սիրած մարդուց հեռանալու: Վիպակում ցույց է տրված, որ հենց այդ որոշումը, ինչպես նաև պատահականությունները կամ գուցե ճակատագիրը իրենց հերթին գիտակցել են տալիս, որ յուրաքանչյուր հաջորդ րոպեն կարող է և չսկսվել, ինչը սթափեցնում է մարդուն` ստիպելով կյանքին այլ աչքերով նայել:

Ութերորդ տեղում է Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը: «Թակարդի» գլխավոր հերոսի անուն-ազգանունը հասկանալի պատճառով չի բացահայտվում մամուլում, նա չի երևում հեռուստաէկրաններին: Նրա և նրա նմանների բացառիկ գործողությունների մասին սովորաբար լռում են կամ խոսում միայն տասնամյակներ անց: Երկրի համար ճակատագրական պահին հատուկ պատրաստություն անցած այս եզակի մարդիկ իրենց բացառիկ գործողություններով անուրանալի ծառայություններ են մատուցում հայրենիքին: Բայց, սովորաբար, նրանց «մոռանում են»: Աշոտ Աղաբաբյանի «Թակարդը» վեպի հերոսը այդ բացառիկ անհատներից մեկն է՝ մեր կողքին ապրող հետախույզ «Ջոն Հանիսյանը», որի անհավանական թվացող գործողություներն ու դրամատիկ կյանքի պատմությունն է վեպի հիմքում՝ մեր օրերի հերոսամարտում:

Իններորդ տեղում է Աշոտ Աղաբաբյանի «Գաղութ»-ը, որը վերջինիս յոթերորդ գիրքն է։ Նախորդները վեպեր են, «Գաղութ»-ը` հոդվածների, էսսեների, պատմվածքների ժողովածու։ Այն անկախ Հայաստանի 90-ական թթ. հիշարժան դեպքերի, իրադարձությունների տարեգրությունն է՝ ականատես գրողի վավերագրական, հավաստի տվյալներով։ Յոթ մասից բաղկացած գրքի «Գաղութ» գլխում ՀՀ բանտերի, գաղութների իրավիճակն ու գողական աշխարհի նիստուկացն է, որի վկան է եղել հեղինակը` 1991-1992 և 2005թթ. լինելով բանտերում։

Տասներորդ տեղում է Աշոտ Աղաբաբյանի «Մենակը»: Ըստ հեղինակի՝ այս գրքի միջոցով առաջին անգամ ընթերցողը ծանոթանում է վերջին տասնամյակներում պետական գաղտնիք համարվող մի շարք իրադարձությունների բացահայտումներին, որոնք թեև առասպելական են թվում, բայց բացարձակ իրական դեպքեր են: Վեպի հիմքում ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի «գաղտնի» հայտնագործություններն են:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +6 «Բարի գործերի քաղաքը» Բուկինիստ 272
2 0 Սյունե Սևադա «Աղի թեյ» Newmag 126
3 +2 Համլետ Առաքելյան «Անմահների ակադեմիան» Անտարես 81
4 0 Հովսեփ Վարդանյան «Ագապի» Բուկինիստ 62
5 Նոր Հովիկ Աֆյան «Ժողովրդի հայրերը» Անտարես 50
6 +3

Գոհար Նավասարդյան

«Ինձ պիոններ չնվիրես»

հեղ․հրատ 47
7 * Գոհար Նավասարդյան «‎Սիրելուց հետո» հեղ․հրատ 42
8 -2 325172210_717846989954858_7707655031683556773_n.jpg (30 KB)

Աշոտ Աղաբաբյան

«Թակարդ»

Բուկինիստ 42
9 -8 Աշոտ Աղաբաբյան «Գաղութ» Բուկինիստ 38
10 * 325185627_1831004760611174_2563026634866333191_n.jpg (25 KB) Աշոտ Աղաբաբյան «Մենակը» Բուկինիստ 38

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am