Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Սիմֆոնիկ նվագախմբին տրված Կամերային երաժշտական թատրոնի շենքում 2023-ին կսկսվեն շինարարական աշխատանքներ

Սիմֆոնիկ նվագախմբին տրված Կամերային երաժշտական թատրոնի շենքում 
2023-ին կսկսվեն շինարարական աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն պատրաստ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին հատկացված Կամերային երաժշտական թատրոնի շենքի նախագծանախահաշվարկային փաթեթը: 2023-ին շենքում նախատեսվում է շինարարական աշխատանքներ իրականացնել:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը:

Նրա խոսքով՝ դեղին մամուլի էջերում երբեմն անհեթեթ լուրեր են շրջանառվում այն մասին, թե իբր շենքը վաճառված է, հետո նույն հոդվածի հաջորդ պարբերության մեջ նույն լրագրողը գրում է՝ իրենց հաղորդել են, որ սեփականության վկայականը  պատկանում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին: «Մտածում ենք այդ տարածքը վերածել ձայնագրման ստուդիայի, քանի որ դասական երաժշտությունը հանրայնացնելու, ժամանակակից կոմպոզիտորական աշխատանքները ձայնագրելու և տարածելու լուրջ խնդիր ունենք: Այդ հարթակը կաշխատի ոչ միայն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, այլև առհասարակ նվագախմբերի համար»,-շեշտեց Խզմալյանը:

Նա խոստովանեց՝ Կամերային երաժշտական թատրոնի մի դերասանուհու նորովի է բացահայտել, երբ նրա խաղն է տեսել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի բեմում: Դերասանուհին այդ թատրոնի ստեղծագործական տարերքի մեջ ուղղակի զարմացրել է Արա Խզմալյանին խաղի խորությամբ, նրբությամբ:

«Շատ կարևոր է նույն դերասանին այլ ստեղծագործական հարաբերություններում բոլորովին այլ մակարդակի վրա տեսնելը: Իմ հիացումն արտահայտել եմ: Իրավունք ունեմ հիանալու, որովհետև մասնագիտությամբ թատերագետ եմ»,-շեշտեց նա:

Խզմալյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող որոշ կառույցների  տնօրենների հետ զրուցել է այդ հաստատություններում կառուցվածքային ու հաստիքային փոփոխությունների վերաբերյալ: «Դա տեղի կունենա այն պատճառով, որ այդ կառույցները շատ են մնացել իրենք իրենց հույսին, իրենք իրենց հատուկ կարգավիճակ են վերագրել և հայտնվել են  լուսանցքում: Նման բան չի կարող լինել, և առաջիկայում կլսեք նոր փոփոխությունների մասին»,-շեշտեց փոխնախարարն ու հիշեցրեց, որ Կոմիտասի անվան ազգային քառյակը միավորվել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնին, «Հայկ» կինոստուդիան միացել է Հայաստանի ազգային կինոկենտրոնին, վերջերս ժողովրդական կոլեկտիվները միավորվել են և դարձել մեկ կառույց:

«Կարծում եմ՝ մենք ճիշտ ճանապարհով ենք գնում, քանի որ միասնական կառավարումն ու բովանդակությունը չպետք է նույնականացնել: Մեկ տնօրենի, մեկ կառավարող մարմնի ներքո կարող են աշխատել տարբեր ստեղծագործական խմբեր: Դա հնարավորություն կտա ստեղծագործական խմբերին մշտական կապի մեջ լինել ու համախառն գեղարվեստական արդյունք ստեղծել»,-հավաստիացրեց Խզմալյանը:

Անդրադառնալով միավորման պարագայում այս կամ այն համույթի կամ կառույցի ստեղծագործական կազմի անդամների հնարավոր օպտիմալացմանը՝ Խզմալյանն ասաց՝ կա տնօրեն, և այդ լիազորությունը տրված է տնօրենին: «Մենք միջավայրն  ենք ուզում փոխել: Մեր քաղաքական ուղերձն է հնարավորինս զգույշ լինել ստեղծագործական խմբերի նկատմամբ: Առավելագույնս զգոն լինել կադրային փոփոխություններում, որոնք վերաբերում են ստեղծագործական խմբերին, որովհետև մեր նպատակն այդ խմբերի գոյությունն է, այդ դիմագծի գոյությունն է, այդ դիմագծի ձևավորումն ու պահպանումն է, բայց, երբ հաճախ չես զբաղվում այդ հարցով, տեսնում ես, որ այս կամ այն համույթը դիմազրկվում է»,-շեշտեց փոխնախարարը:

2021-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ Պետական կամերային երաժշտական թատրոնը միացվել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին:

Ավելի վաղ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հայտնել էր, որ նախարարությունը մշակում է նախագիծ, ըստ որի նախատեսվում է Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հետ:  Ըստ փոխնախարարի՝ այդպես իրականում շատ ավելի լավ պայմաններ են ստեղծվում Երաժշտական թատրոնի կոլեկտիվի համար, որովհետև, եթե կան երգող, պարող դերասաններ, Պարոնյանի թատրոնի բեմից սկսած և մնացած ենթակառուցվածքներով ու մասնագիտական ռեսուրսով ավարտված՝ տասնապատիկ ավելի լավ պայմաններում են հայտնվելու: Արա Խզմալյանը նշել էր, որ մշակման փուլում գտնվող նախագծի ընդունման դեպքում հնարավոր է՝ Պետական կամերային երաժշտական թատրոնի շենքը տրամադրվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, որը 15 տարի փորձեր է իրականացնում տարբեր հարթակներում:

Երկու թատրոնի ներկայացուցիչները չէին ողջունել թատրոնների միավորման գաղափարը:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am