Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

250 մասնակից, 30 միջազգային հեղինակավոր բանախոս. Երևանում կանցկացվի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումը

250 մասնակից, 30 միջազգային հեղինակավոր բանախոս. Երևանում կանցկացվի 
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումը

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Միջազգային ջանքերի համադրմամբ  պետք է պայքարել ցեղասպանության հանցանքի դեմ՝ առաջնահերթություն տալով կանխարգելմանը. 2022 թվականի  դեկտեմբերի 12-13-ին Երևանում տեղի կունենա «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումը՝  «Ցեղասպանության կանխարգելումը նոր տեխնոլոգիաների դարաշրջանում» խորագրով:

 «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար  Վահե Գևորգյանը նշեց, որ գլոբալ ֆորումին  մասնակցելու են շատ հեղինակավոր, այս ասպարեզում խոսք ունեցող անհատներ: Լինելու է մոտ 250 մասնակից, 30  միջազգային հեղինակավոր բանախոս՝ գիտնականներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ:

«Միջազգային անվտանգության ճգնաժամը որոշակի համատեքստ է ձևավորում ցեղասպանության կանխարգելման գործում: Բացի այդ, պատմությունից լավ գիտենք, որ միջազգային անվտանգության համակարգի փլուզումը մշտապես հանգեցնում է մարդկության դեմ հանցագործությունների և այլ զանգվածային  վայրագությունների, և այս համատեքստում անցկացնել գիտաժողով  և հրավիրել ցեղասպանության կանխարգելման գործում ներգրավված թե՛ քաղաքական, թե՛ փորձագիտական շրջանակների, ինքնին կարևոր է»,- ասաց փոխնախարարը:

Փոխնախարարի խոսքով՝թեմատիկ տեսակետից այս տարվա ֆորումի օրակարգը ձևավորվել է նոր տեխնոլոգիաների խնդրի շուրջ, թե ինչպե՞ս են նոր տեխնոլոգիաները նպաստում ցեղասպանությանը և ինչպես կարող են նպաստել դրանց կանխարգելմանը:

«Մեր գլոբալ ֆորումի գլխավոր ուղերձը կայանում է նրանում, որ մենք միջազգային ջանքերի համադրմամբ  պետք է պայքարենք ցեղասպանության հանցանքի դեմ՝ առաջնահերթություն տալով կանխարգելմանը, բայց միևնույն ժամանակ չմոռանալով,  որ կան ցեղասպանության դեմ պայքարի ևս երկու կարևոր սյուներ, դրանք են՝ զոհերի պաշտպանությունը, ցեղասպանության հանցանքի կրկնման բացառումը և հատուցումը»,-ասաց նա:

Անդրադառնալով ցեղասպանության կանխարգելման գործում նոր տեխնոլոգիաների կիրառման մարտահրավերներին՝ փոխնախարարն ընդգծեց, որ նոր, զարգացած տեխնոլոգիաների կիրառումը հանգեցրել է ցեղասպանության իրականացմանը: Ըստ նրա՝ ցեղասպանության իրականացումը երբեք էլ դյուրին գործ չի եղել. այն պահանջել է երկարատև ցեղասպան գաղափարի քարոզ հասարակության տարբեր շերտերի մեջ, այն պահանջել է հսկայական ծավալի մարդկանց կազմակերպված սպանություն, և այդ տեսակետից ցեղասպանությունների էջը բացվում է 20-րդ դարից, և Հայոց ցեղասպանությունը այդ տեսակետից  առաջիններից է:

Ըստ նրա՝  այն փաստը, որ ցեղասպանությունների կանխարգելումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնայնություններից է,  պատահական չէ. դա պայմանավորված է  ոչ միայն պատմությամբ, այլև ներկայով, այն տարածաշրջանային իրողություններով, որում մենք ապրում ենք:

Փոխնախարարն ընդգծեց, որ առանձին անդրադարձ կարվի նաև մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությանը, որը  նույնպես խիստ կարևոր է մեր տարածաշրջանում. կփորձեն վերլուծել, թե ինչպե՞ս ժամանակակից և նոր տեխնոլոգիաները կարող են նպաստել այդ ժառանգության պահպանմանը:

 Գայանե Գաբոյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]