ՀՀ ՊՆ ղեկավարը Ֆրանսիայի պատվիրակության հետ քննարկել է ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարության միջազգային հարաբերությունների և ռազմավարության գլխավոր վարչության Եվրոպա-Ամերիկա-Բազմակողմ գործողությունների ծառայության պետ Գիյոմ Օլանժիեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարի՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և պաշտպանական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման հնարավորությունները։
Ըստ աղբյուրի՝ նախորդիվ պատվիրակությունը աշխատանքային քննարկումներ է իրականացրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի և ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ: