Հասարակական

Սեւան համայնքի Գագարին գյուղում արդեն գործում է ջերմոցային խոշոր տնտեսություն

4 րոպեի ընթերցում

Սեւան համայնքի Գագարին գյուղում արդեն գործում է ջերմոցային խոշոր տնտեսություն

ԳԱՎԱՌ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեւան համայնքի Գագարին գյուղի նորակառույց ջերմոցային տնտեսությունը զբաղեցնում է 4 հեկտար տարածք, որի 2 հեկտարն արդեն գործում է 2022 թվականի սեպտեմբերի վերջերից, իսկ մյուս երկու հեկտարի վրա կառուցման աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են։

Ինչպես տեղում «Արմենպրես»-ին ներկայացրեց ջերմոցային տնտեսության տնօրեն Արշակ Համբարձումյանը, տնտեսությունը հիմնվում է 9 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրմամբ։ Ջերմոցային տնտեսության կառուցման մեկնարկը տրվել է 2021 թվականի օգոստոսին։ Այն հիմնվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Փոքր ու միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագրի շրջանակներում, որտեղ պետական աջակցությունը վարկի սուբսիդավորման տեսքով կազմում է 800 միլիոն դրամ։ «Այսօրվա դրությամբ արդեն ներդրվել է շուրջ 7 միլիոն դոլար։ Առաջին երկու հեկտարի վրա կառուցված ջերմոցը գործարկվել է այս տարվա սեպտեմբերից։ Արդեն տեղադրվել են բոլոր անհրաժեշտ սարքավորումները եւ տնկիները, որոնք կենսունակ են եւ բավարար ու անհրաժեշտ աճ են դրսեւորում։ Տնկիները բերվել են Հոլանդիայից, դրանք վեց տեսակի են, մի քանի տեսակ էլ հիմա մեզ մոտ փորձարկման փուլում են գտնվում։ Տնկիները մշակվելու են առանց թունաքիմիկատների, ավտոմատացված եւ կաթիլային ոռոգման համակարգով ։ Աճեցնում եւ պահում ենք հատուկ միջատներ, որոնք պայքարում են մյուս վնասատու միջատների դեմ։ Ապրանքային բերքը ստանալու ենք մեկուկես ամսից։ Արդեն աշխատանքի են ընդունվել 17 աշխատողներ, ովքեր զբաղված են տնկիների խնամքով։ Այժմ ընթացքի մեջ են հաջորդ երկու հեկտարի վրա կառուցվող ջերմոցի շինարարական աշխատանքները։ Այն նախատեսվում է շահագործել 2023 թվականի հունվարի վերջերից։ Ջերմոցների շինարարության ժամանակ բացվել է ավելի քան 100 ժամանակավոր աշխատատեղ, իսկ դրանց շահագործումից հետո կունենանք 90 մշտական աշխատատեղ։ Ջերմոցում կարտադրվեն միայն հոլանդական վարդեր։ Ջերմոցային տնտեսության գործունեության շնորհիվ Գագարինում կնվազեն աղքատությունն ու գործազրկությունը, էապես կբարելավվի տնտեսությունների սոցիալական վիճակը»,-ներկայացրեց Արշակ Համբարձումյանը։

Ջերմոցային տնտեսություն աշխատանքային այց կատարեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ով «Արմենպրես»-ի հետ նաեւ կիսվեց իր տպավորություններով։

«Սա իմ երրորդ այցելությունն է նորաստեղծ այս տնտեսություն։ Եվ ուրախալի է, որ ամեն այցի ընթացքում նկատելի առաջընթաց եմ տեսնում, այս անգամ արդեն՝ պատրաստի բացված արտադրամաս, աշխատողների, մյուս հատվածում՝ շինարարական եռուզեռ։ Նման խոշոր ու կարեւոր ներդրումը փաստում է, որ հայրենի կառավարությունը խթանում է տնտեսության զարգացումը ներդրումների միջոցով՝ խրախուսելով մասնավոր ձեռներեցությունը։ Միեւնույն ժամանակ, նման կարգի ծրագրերի իրականացման արդյունքում մարդիկ կարողանում են աշխատանք գտնել եւ ամրանալ հայրենի հողի վրա։ Հուսով եմ, որ առաջիկա տարիներին ջերմոցային այս տնտեսության օրինակով մեր մարզում կհիմնվեն նոր հզորությունների ջերմոցային տնտեսություններ, այս ուղղությամբ ներդրումները կլինեն ավելի տեսանելի եւ ընդգրկուն»,-կարծիք հայտնեց մարզպետ Կարեն Սարգսյանը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում