ՀՀ կառավարությունը 168 միլիոն 554.6 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի նիստում որոշում է կայացվել՝ 168 միլիոն 554.6 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, 10 միլիոն 944.2 հազար դրամ հատկացվել է Ճամբարակ համայնքի Իսահակյան, Վերին Ճամբարակ թաղամասերի, ինչպես նաև Այգուտ բնակավայրի ջրագծերի ներքին ու արտաքին ցանցերի կառուցման աշխատանքների համար։
22 միլիոն 244.1 հազար դրամ է հատկացվել Գավառ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքի կապիտալ վերանորոգման եւ խաղահրապարակի կառուցման, 7 միլիոն 218.8 հազար դրամ՝ Լուսակունք համայնքի կենտրոնական թիվ 1 փողոցի մասնակի ասֆալտապատման,
6 միլիոն 147.7 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրի մշակույթի կենտրոնի վարչական շենքի կապիտալ վերանորոգման, 16 միլիոն 384.3 հազար դրամ՝ Վարդենիս համայնքի 4 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգման 74 միլիոն 143.5 հազար դրամ՝ Վարդենիս համայնքի փողոցային լուսավորության ցանցի եւ արեւային ֆոտովոլտային վահանակների տեղադրման, 31 միլիոն 472 հազար դրամ՝ Գանձակ համայնքի խորքային հորի հորատման համար։
Խոսրով Խլղաթյան