Երևանի կենդանաբանական այգին կհամալրվի խոշոր կաթնասուններով
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կենդանաբանական այգում ապրում է մոտ 200 տեսակի 700 առանձնյակ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այգու գիտական գծով փոխտնօրեն Աշոտ Ասլանյանն ասաց, որ այգին առաջիկայում կհամալրվի խոշոր կաթնասուններով, որոնք այցելուների համար նորություն կլինեն:
«Մեծ հույս ունենք, որ առաջիկայում կունենանք մի քանի հետաքրքիր տեսակ: Անակնկալը չփչացնելու համար շատ բան չեմ ասի, միայն կասեմ, որ խոսքը վերաբերում է խոշոր կաթնասուններին»,- ասաց նա՝ հավելելով, որ գարնանն ու ամռանը այգում գրանցվել են սպասվելիք ծիները: Ունեցել են բեզուարյան այծեր, մուֆլոններ, սողուններ, մի շարք թռչուններ, առյուծ:
Փոխտնօրենն ասաց, որ սպասելիքներ ունեն հատկապես գալիք տարվանից, քանի որ հիմա կենդանիների նոր տեսակների զույգեր են կազմվում, որոնք որ սերունդ կտան արդեն եկող տարի: Այնպիսի տեսակներ են, որոնք մինչ այս պահը այգին չի ունեցել:
Անդրադառնալով այգու խնդիրներին՝ կենդանաբանական այգու գիտական գծով փոխտնօրենն առանձնացրեց հատկապես կենդանիների հանդեպ այցելուների ունեցած վերաբերմունքը:
«Շատ կցանկանայի, որպեսզի մեր այցելուները կենդանիների հանդեպ դրսևորեին ավելի հոգատար, պատասխանատու վերաբերմունք: Կենդանիներին հաճախ վերաբերում են որպես խաղալիքի, զվարճանքի առարկայի, այլ ոչ կենդանիների, որոնք ունեն իրենց վարքագիծը , հոգեբանությունը, որը պետք է անպայման հարգել և հաշվի առնել»,- հավելեց Ասլանյանը:
Հեղինակ՝ Անի Դանիելյան
Օպերատոր՝ Հովհաննես Մկրտչյան
Լուսանկարիչ՝ Հայկ Մանուկյան