Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Արարատ Միրզոյանը Ռաֆայել Մարիանո Գրոսիի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման հետ կապված անհարկի շահարկումներին

Արարատ Միրզոյանը Ռաֆայել Մարիանո Գրոսիի հետ հանդիպմանն անդրադարձել է 
Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման հետ կապված անհարկի 
շահարկումներին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 4-ին հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԱԳՆ-ից, Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը, որպես ատոմային էլեկտրակայան շահագործող երկիր, կարևորում է ԱԷՄԳ հետ հաստատված արդյունավետ համագործակցության զարգացումը՝ ուղղված միջուկային էներգիայի խաղաղ, անվտանգ և ապահով օգտագործմանը:

Հայկական կողմը բարձր է գնահատել Գործակալության տեխնիկական համագործակցության ծրագրի և ԱԷՄԳ առաքելությունների դերը, որոնք հիմնարար նշանակություն ունեն ատոմային էլեկտրակայանի անվտանգ երկարաժամկետ շահագործման համար։ Այս համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է Հայկական ատոմային էլեկտրակայանի նկատմամբ հնչած սպառնալիքների, ինչպես նաև էլեկտրակայանի շահագործման հետ կապված անհարկի շահարկումների անթույլատրելիությունը:

Ռաֆայել Գրոսին նշել է, որ Հայաստանն ԱԷՄԳ վստահելի գործընկերն է և առանձնահատուկ շեշտել Հայաստանի թափանցիկ գործելաոճը և ԱԷՄԳ առաքելությունների առաջարկությունների հետևողական հասցեագրումը։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստան-ԱԷՄԳ ծավալուն օրակարգն իր մեջ ներառում է ինչպես միջուկային անվտանգության և էներգետիկայի, այնպես էլ՝ շրջակա միջավայրի, առողջապահության, արտակարգ իրավիճակների և այլ բնագավառներ: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է վերոնշյալ ուղղություններով Գործակալության ֆինանսական և մասնագիտական աջակցությամբ իրականացվող ծրագրերը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am