Հասարակական

Սփյուռքի հարցերով գրասենյակը արել է առավելագույնը Հայաստան-սփյուռք կապն ավելի ամուր հիմքերի վրա դնելու համար. Սինանյան

7 րոպեի ընթերցում

Սփյուռքի հարցերով գրասենյակը արել է առավելագույնը Հայաստան-սփյուռք կապն ավելի ամուր հիմքերի վրա դնելու համար. Սինանյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը վերջին տարիներին աշխատել ե բավականին բարդ պայմաններում, որովհետև կորոնավիրուսի համավարակի բռնկումից հետո ունեցել ենք դաժան պատերազմ, որոնք ուղղակիորեն ազդել են Հայաստան-սփյուռք հարաբերությունների վրա, բայց, այնուամենայնիվ, այդ պայմաններում գրասենյակն արել է առավելագույնը, որպեսզի Հայաստան-Սփյուռք հարաբերությունները դնի ավելի հիմնավոր և համակարգված հիմքերի վրա:

«Արմենպրես»-իհետ զրույցում այս մասին ասաց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ նշելով, որ կարևոր է այս բարդ իրավիճակում հարաբերությունների հաստատումը ոչ թե դոնորի և բարեգործի սկզբունքների վրա, այլ երկուստեք ձևավորվող երկխոսության, երկու կողմերի համար շահութաբեր, հասկանալի և փոխըմբռնման հիմքերի վրա:

«Այս ամենի հետ մեկտեղ, գրասենյակը մեծ աշխատանքներ է տարել ենթակառուցվածքներ ստեղծելու վրա, որը շարունակական աշխատանք է: Քանի որ, երբ հարցը գալիս է Հայաստան-սփյուռք ինտեգրման և հայրենադարձության կազմակերպման հարցերին, ապա առանց դրանց նպաստող ենթակառուցվածքներ ունենալու, լուրջ ու հիմնավոր քաղաքականություն չի կարելի վարել»,- ասաց նա:

Զարեհ Սինանյանը ընդգծեց, որ իր նշած երկխոսության մի փուլն է Համաշխարհային հայկական գագաթնաժողովը (Global Armenian Summit), որը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 28-31-ին: Այն կազմակերպվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից:Նախատեսվում է հյուրընկալել շուրջ 600 մասնակիցների։

Ըստ նրա՝ այն որպես նոր ձևաչափ և դինաﬕկ հարթակ կծառայի սփյուռքի ներկայացուցիչների և տեղացի գործընկերների համար՝ քննարկելու համընդհանուր նշանակության մարտահրավերներն ու խնդիրները: Գագաթնաժողովի օրակարգում կընդգրկվեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ազգային անվտանգությունը, հայկական շահերի պաշտպանությունը, հայրենիքի ռազմավարական ոլորտների զարգացումը, հայրենադարձությունը, ներդրումային ներգրավվածությունը, հայապահպանությունը, սփյուռքի ինքնակազմակերպումը և այլն:

«Շատ կարծիքներ հնչեցին, որ հիմա դրա ժամանակը չէ, բարդ է միջավայրը և Հայաստանն այս պահին այլ խնդիրներ ունի, բայց այդ դեպքում ո՞րն է այն արդյունավետ ժամանակը, որի ընթացքում կարելի է գագաթնաժողովն ու երկխոսությունն անցկացնել: Մենք ֆորմատը այնպես ենք ընտրել, որ սկզբունքայնորեն տարբերվի նախորդ փորձերից, քանի որ մասնակիցների խոսքով՝ նախորդ համաժողովները անցկացվել են ավելի շատ պաշտոնական ձևաչափով և էական արդյունքներ չեն տվել: Մենք այդ ամենից ուզում ենք խուսափել և անցկացնել մի գագաթնաժողով, որի ընթացքում կհամախմբվենք, կզրուցենք, կքննարկենք մեզ բոլորիս հուզող հարցերը, բայց դա կանենք իմաստավորված ձևով՝ նպատակ ունենալով քննարկումների արդյունքները ներգրավել մեր ապագա քայլերում: Եվ ամենակարևորը՝ ի վերջո ֆիզիկապես էլ վերջապես կհավաքվենք Հայաստանում և իրատեսորեն հենց Հայաստանում կկարողանանք ներկայացնել Հայաստանի առաջ ծառացած խնդիրները»,- ասաց Զարեհ Սինանյանը:

Գագաթնաժողովի ընթացքում հնչեցված առաջարկները, լուծուﬓերն ու արդյունքները կդառնան համահայկական օրակարգի ստեղծման և առաջմղման հիմնաքարերը: Այսպիսով՝ հայրենիքն ու սփյուռքը ﬕասին կնախանշեն հետագա համատեղ աշխատանքի առաջնահերթություններն ու ճանապարհները:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար նշեց, որ գրասենյակը ունի նաև կրկնվող ծրագրեր, որոնք ամեն տարի անցկացվում են: Դրանցից մեկը, որը նոր է ավարտվել, սփյուռքահայ պատանիների ուսումնաճանաչողական «Քայլ դեպի տուն» ծրագրին է, որին դիմել են 2600 սփյուռքահայեր: Նրանցից 1200-ը հնարավորություն են ունեցել ամառն անցկացնել հայրենիքում, 200-ն առցանց են մասնակցել ծրագրին:

Նա ընդգծեց, որ կարևոր ծրագրերից է նաև «Սփյուռքի երիտասարդ դեսպան» նախագիծը, որը մեկնարկել է 2021-ից: Անցած տարի դիմել են 104 սփյուռքահայ երիտասարդներ: Նրանցից ընտրվել են 20 մասնակիցներ 16 երկրներից: 2022 թվականին դիմել է 56 մասնակից: 13 երկրից ընտրվել են 20 մասնակիցներ: «Ծրագիրը արդեն մեկնարկել է, և այս օրերին 13 տարբեր երկրներից շուրջ 20 սփյուռքահայ երիտասարդներ մի քանի օր է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի շրջանակներում արդեն Հայաստանում են: Նրանց համար ստեղծվել է հնարավորություն ծանոթանալու Հայաստանի տարբեր բնագավառներին, մարզերում առկա խնդիրներին և սերտ կապեր հաստատելու Հայաստանի և իրենց համայնքների միջև: Ծրագրի հիմքում առաջին հերթին համայնքների միջև կապերի ակտիվացումն է»,- ասաց սփյուռքի հանձնակատարը:

Անդրադառնալով բավականին մեծ հետաքրքրվածություն ունեցող «իԳործ» նախագծին՝ Սինանյանն ուրախությամբ ընդգծեց, որ 3 տարում ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրին դիմել են 1450 մասնագետներ 30-ից ավելի երկրներից: 100 մասնագետներ աշխատանքի են անցել Հայաստանի և Արցախի 25-ից ավելի գերատեսչություններում: Եվս 50 մասնագետներ աշխատանքը սեպտեմբերից արդեն սկսել են:

««իԳործ»-ի մասնակիցները ծրագրեր են իրականացրել գիտության, էկոնոմիկայի և ներդրումային քաղաքականության, շրջակա միջավայրի պահպանության, սոցիալական ապահովության, հայրենադարձության աջակցության և խթանման, սփյուռքի պարտատոմսերի պահանջարկի ուսումնասիրության, թվային տնտեսության զարգացում և կրիպտոարժույթի վերաբերյալ հետազոտություն, հանրային ծառայությունների թվայնացման, ճանապարհային անվտանգության, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, կրթության, առաջնային բուժօգնության ծառայությունների բարելավման, մարդու իրավունքների պաշտպանության, կինոոլորտի զարգացման ուղղություններով»,-ասաց նա։

Զարեհ Սինանյանը նշեց, որ «Սփյուռքի ներուժի քարտեզագրում» ծրագրի շրջանակներում արդեն իսկ հավաքագրվել է 50 հազարից ավելի տվյալ:

Գայանե Գաբոյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում