Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Յըլդըրըմը և Չիչեքը փետրվարի 23-ից գտնվել են ազատության մեջ. մանրամասներ՝ Հանրային պաշտպանի գրասենյակից. ԽՄԲԱԳՐՎԱԾ

Յըլդըրըմը և Չիչեքը փետրվարի 23-ից գտնվել են ազատության մեջ. մանրամասներ՝ 
Հանրային պաշտպանի գրասենյակից. ԽՄԲԱԳՐՎԱԾ

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Թամարա Բաղդասարյանը մանրամասներ ներկայացրեց ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքի և Հուսեյին Յըլդրըմի քրեական գործի վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Թամարա Բաղդասարյանը նշեց, որ Աթիլա Չիչեքը և Հուսեյին Յըլդրըմը 2021 թվականի օգոստոսին ձերբակալվել են Իրանից սահմանն ապօրինի հատելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու և իրենց հետ մաքսանենգությամբ զենք-զինամթերք Հայաստան տեղափոխելու կասկածանքով, նրանց մեղադրանք էր առաջադրվել: 

«Առաջին ատյանի դատարանը Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին դատապարտել էր 7 տարի ժամկետով ազատազրկման, որը բեկանվել է Վերաքննիչ դատարանի կողմից՝ հանրային պաշտպանի բողոքի հիման վրա: Վերաքննիչ դատարանը հաշվի է առել այն հանգամանքը, որ մեղադրյալները թեև զինված հատել են սահմանը, բայց դիմադրություն ցույց չեն տվել»,- ասաց Բաղդասարյանը:

2022 թվականի փետրվարի 23-ին դատարանը որոշում է կայացրել պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ երեք տարի ժամկետով: Այսպիսով, նրանց նկատմամբ կալանքը վերացվել էր և նրանք ազատ էին արձակվել դատական նիստերի դահլիճից:

«Նրանց նկատմամբ սահմանվել է փորձաշրջան, այսինքն՝ որոշակի պարբերականության նրանք պետք է ներկայանան համապատասխան ծառայություն և հաստատեն իրենց ներկայությունը»,- պարզաբանեց Բաղդասարյանը:

Դրանից հետո դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը, սակայն, վարույթ չի ընդունվել և դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ:

«Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո նրանք դադարել են լինել հանրային պաշտպանի  գրասենյակի շահառուներ:  Դրանից հետո նրանց ճակատագրի մասին տեղեկություն չենք ունեցել»,- եզրափակեց Բաղդասարյանը:

Անդրադառնալով տարածված լուրերին, թե Հայաստանն Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին արտահանձնել է Թուրքիային՝ Թամարա Բաղդասարյանն ասաց, որ  արտահանձնումը ենթադրում է որոշակի գործընթացներ, պետք է նշանակվի դատական նիստ, այլ պետությունից փաստաթղթեր պետք է ներկայացվեն, և դատարանը որոշում կայացնի՝ արդյոք պետք է՝ արտահանձնել տվյալ անձանց, թե ոչ: «Համենայնդեպս, հանրային պաշտպանի գրասենյակը նման հարցով դիմում չի ստացել»,- ավելացրեց նա: 

Սեպտեմբերի 25-ին տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանը Թուրքիային է հանձնել ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին: Տեղեկության տարածումից հետո ՀՀ ԱԱԾ-ն և ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանում են ներկայացրել՝ արձանագրելով, որ իրենց կողմից ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին չեն փոխանցել Թուրքիային։

(ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Նյութում կատարվել է փոփոխություն, «Թուրքիայից սահմանն ապօրինի հատելու» փոխարեն «Իրանից սահմանն ապօրինի հատելու»): 

Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզման մեջ հայտնված Քրդական բանվորական կուսակցության երկու զինյալների ձերբակալման հատուկ գործողություն է իրականացրել։ Նշվում է, որ Աթիլլա Չիչեքն ու Հուսեին Յըլդրըմն արդեն հասցվել են Թուրքիա։ Թուրքիան նրանց մեղադրվում է ահաբեկչության մեջ

Կարեն Խաչատրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am