Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

ՀՀ նախագահը ներկա է գտնվել Եղիսաբեթ Երկրորդի հուղարկավորության պետական արարողությանը

ՀՀ նախագահը ներկա է գտնվել Եղիսաբեթ Երկրորդի հուղարկավորության պետական 
արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հուղարկավորության պետական արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդի հրաժեշտի արարողությանը, գրառում կատարել Լանկաստերի պալատում բացված սգո մատյանում:

Նախագահը մասնակցել է Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ Երրորդի կողմից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը, որը տեղի է ունեցել Բուքինգհեմյան պալատում։

Սեպտեմբերի 19-ի առավոտյան նախագահ Խաչատուրյանը մասնակցել է Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդի հրաժեշտի պատարագին, որը տեղի է ունեցել Ուեստմինստերյան աբբայությունում, որից հետո ներկա է գտնվել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի կողմից կազմակերպված ընդունելությանը:

Ընդունելությունների ժամանակ նախագահ Խաչատուրյանն առանձնազրույցներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների և միջազգային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Հանդիպումների ընթացքում նախագահն անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքներին, ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմանն, ինչպես նաև միջազգային և հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներին։

Անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, աշխարհաքաղաքական իրադարձություններին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am