Քաղաքականություն

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում քննարկումների արդյունքներով բանաձև ընդունելու հարցն այս պահին քննարկվում է. ԱԳ փոխնախարար

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում քննարկումների արդյունքներով բանաձև ընդունելու հարցն այս պահին քննարկվում է. ԱԳ փոխնախարար

ՋԵՐՄՈՒԿ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հիմնականում գոհացուցիչ է համարում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստում մի շարք երկրների ներկայացուցիչների ելույթները:

«ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում մի շարք երկրների ներկայացուցիչներ խոսեցին Հայաստանի տարածքում տեղի ունեցող արհավիրքների, հումանիտար և ռազմական հետևանքների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին: Հիմնականում կարող եմ ասել, որ հնչեցին մեզ համար շատ կարևոր ուղերձներ»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:

Հարցին, թե արդյոք քննարկման արդյունքներով սպասվո՞ւմ է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի ընդունում, ԱԳ նախարարի տեղակալը պատասխանեց, որ այդ հարցն այս պահին քննարկվում է:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 135 է, կան բազմաթիվ վիրավորներ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։

Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը սեպտեմբերի 14-ին քննարկվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի փակ նիստում, որը կայացել է Ֆրանսիայի նախաձեռնությամբ: Իսկ սեպտեմբերի 15-ին թեմայի շուրջ տեղի ունեցավ բաց քննարկում, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչի՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակի հիման վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում