Սփյուռք

Հայրենիք պահելը քրտինք է, արյուն է, զոհողություն. Բեյրութի «Հայկազյան» համալսարանի նախագահ Փոլ Հայդոստյան

11 րոպեի ընթերցում

Հայրենիք պահելը քրտինք է, արյուն է, զոհողություն. Բեյրութի «Հայկազյան» համալսարանի նախագահ Փոլ Հայդոստյան

ԵՐԵՎԱՆ,15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ հովանավորությամբ Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության, ընթանում է «Զմյուռնիան Հայոց եւ Հունաց ցեղասպանությունների ուղեծրում. բնաջնջում, հրկիզում եւ տարագրություն. սեպտեմբեր, 1922 թվական» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը, որի համակազմակերպիչներն են ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը, ԳԱԱ պատմության ինստիտուտը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, Սալոնիկի «Արիստոտել» համալսարանի պոնտագիտության ամբիոնը եւ Բեյրութի «Հայկազյան» համալսարանը: Վերջինիս նախագահ՝ վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոստյանն այսպես սկսեց մեր զրույցը.

-Հերթական այցս հայրենիք պայմանավորված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կայացող միջազգային գիտաժողովին իմ մասնակցությամբ, կարեւոր մի միջոցառում՝ նվիրված Զմյուռնիայի հայկական եւ հունական կոտորածների հարյուրամյակին: Զմյուռնիան, հազարամյակներ շարունակ լինելով հունական նավահանգստային խոշոր քաղաք եւ առեւտրային կենտրոն, մի քանի հարյուր տարի հայության համար նույնպես եղել է մշակութային, հրատարակչական գործի ու կենսազարգացման ծաղկուն կենտրոն: 1922-ի սեպտեմբերին, երբ Թուրքիան սկսեց ծավալվել դեպի արեւմուտք, նրա վերջին զավթումներից մեկը եղավ Զմյուռնիան, որին հաջորդեցին ահավոր սպանությունները, ոճրագործությունները, թալանն ու կողոպուտը, հրկիզումները: Սպանդից հրաշքով փրկված քրիստոնյաները՝ հիմնականում հայեր եւ հույներ, հաստատվեցին Հունաստանի ափերում, առավելապես՝ Աթենքում եւ Սալոնիկում: Ահա այս ողբերգությանն է նվիրված միջազգային գիտաժողովը, որում հատուկ զեկույցով հանդես կգամ նաեւ ես: Հավելեմ, որ նույն խորագրով կլինի նաեւ տասներեք պաստառից կազմված երկլեզու՝ հայերեն եւ անգլերեն ծանուցումներով լուսանկարների ցուցադրություն՝ վերցված թանգարան-ինստիտուտի ֆոնդերից, վերապրածների ժառանգների ընտանեկան արխիվներից, ինչպես նաեւ այլ հավաքածուներից տարատեսակ ցուցանմուշներ:

-Իսկ կա՞ն գիտաժողովի մասնակիցներ ուրիշ երկրներից:

-Իհարհե, կան: Գիտաժողովին մասնակցում են ցեղասպանագետներ, պատմաբաններ, ազգագրագետներ, արվեստաբաններ, հոգեբաններ, իրավունքի մասնագետներ Հայաստանից, Հունաստանից, Լիբանանից, Միացյալ Նահանգներից, Կանադայից, Նիդերլանդներից, Իտալիայից եւ Չեխիայից: Այսինքն՝ նախատեսված են մեծաթիվ զեկույցներ՝ շուրջ քառասուներկու:

-Վերապատվելի, այժմ խոսենք Ձեր ղեկավարած «Հայկազյան» համալսարանի մասին. ե՞րբ է հիմնադրվել, ինչպիսի՞ն է դասախոսական կազմը, ուսանողական շերտը, միայն հայե՞ր են, թե՞

-Համալսարանը հիմնվել է 1955-ին: Ի սկզբանե այն նախատեսված է եղել մանկավարժներ եւ ղեկավար մասնագետներ պատրաստելու, վերաորակավորման խնդիրներ լուծելու համար: Մտահոգություններից մեկն այն էր, որ Սիրիայի, Լիբանանի հայկական դպրոցները, որոնք հիմնվել էին հետեղեռնյա տարիներին՝ 1922-ից մինչեւ երեսունականները, գրեթե կորցնելու շեմին էին իրենց հին, փորձառու եւ բանիմաց ուսուցիչ-ուսուցչուհիներին, եւ նորերին պատրաստելու անհրաժեշտությունը կար: Ուստի Մերձավոր Արեւելքի Հայ ավետարանական եկեղեցին, աջակցությամբ Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության, որոշում է հիմնել ուսումնական մի հաստատություն՝ քոլեջ, որն ունենա միջազգային մակարդակ, հետեւի ամերիկյան կրթական ծրագրերին, եւ ուսուցումը կազմակերպվի նաեւ անգլերենով: Առաջին սովորողները 43 հոգի էին, նրանցից 15-ը՝ օտարազգիներ: Բայց քոլեջի ղեկավարները շուտով հասկացան, որ միայն ուսուցիչներ պատրաստելը բավարար չէ, կարիք կա նաեւ այլ մասնագիտությունների՝ հումանիտար, հասարակական, քաղաքական, տնտեսագիտական, զանազան այլ մասնագիտությունների մասին մտածել: Եվ մտահոգությունները վերածեցին իրողության՝ քոլեջը դարձավ այդպիսին: 1960-ականների վերջերին Լիբանանում «Հայկազյանը» հայտնի դարձավ որպես տնտեսագիտության կարեւորագույն դպրոցներից մեկը: 1970-ի սկզբներին ծնվեց նաեւ հաստատության հայագիտական հանդեսը, որը, որոշակի ընդհատումներով, հրատարակվում է առ այսօր: Սկսած այս տարվանից՝ հանդեսը լույս կտեսնի երկու հատորով, այսինքն՝ կկրկնապատկի տպագրելիք յոթհարյուր էջանոց անտիպ նյութերի թիվը:

-Հետաքրքիր է համալսարանի անվանումը՝ «Հայկազյան»: Ինչու՞

-Երբ 1955-ին հիմնվելու էր հաստատությունը, դրա առաջին նվիրատուներից մեկին՝ Միացյալ Նահանգներում բնակվող Ստեփան Մեխակյանին, հարցնում են, թե ո՞ւմ անունը պետք է կրի այն: Ստեփանը եւ նրա կինը՝ Մարին, առաջարկում են, որ այն կոչվի եղեռնի նահատակ, վերապատվելի դաստիարակ, պրոֆեսոր Արմենակ Հայկազյանի անունով, ով իրենց ուսուցիչն էր եղել եւ Մարիի հայրը: Այս պատվելի ու վաստակաշատ հայն Արիզոնայում «Ջենամյան» քոլեջի տնօրենն էր, որի մասին 1921 թ. ամերիկյան հեղինակավոր թերթերից մեկը՝ «Նյու Յորք Թայմսը», գրել է. «Վախճանվել է Միջին Արեւելքի ամենանշանավոր մանկավարժը…»: Մեր համալսարանը ահա այս բարձր ու հեղինակավոր մարդու անունն է կրում, ում հիշատակին խոնարհվում ենք տասնամյակներ շարունակ…

-Չմոռանանք դասախոսական կազմի, ուսանողության մասին

-Քանի որ, բացի հայագիտական առարկաներից, օգտագործվող լեզուն անգլերենն է, ուստի մեր դասախոսների երկու երրորդը տարբեր ազգի են՝ Միջին Արեւելքի երկրներից, Եվրոպայից, նաեւ Ամերիկայից, իսկ մեկ երրորդը՝ մեր ազգակիցներ: Ընդհանուր աշխատակազմում (գրասենյակներ եւ այլն), սակայն, հայերի թիվը գերակշռող է, եւ շփումները՝ մայրենիով: Ասեմ, որ մենք գործում ենք Բեյրութի կենտրոնական շրջանում գտնվող վեց մասնաշենքերում: Այժմ ունենք 700 ուսանող, որոնց 40-42 տոկոսը հայեր են՝ առավելապես Սիրիայից եւ Լիբանանից, մի քանիսը՝ Արաբական ծոցից, հազվադեպ՝ նաեւ Հայաստանից: Բացի մագիստրատուրայից եւ բակալավրիատից, համալսարանն ունի նաեւ ուսուցիչների վերաորակավորման կենտրոն, որտեղ տարեկան 400 ուսուցիչներ են վերապատրաստվում:

Բուհը ճանաչված է նաեւ իր «առատաձեռնությամբ», այսինքն՝ հսկայական զեղչեր, բարեգութ վերաբերմունք ուսանողների նկատմամբ, տարեկան շուրջ մեկ միլիոն դոլարի օժանդակություն մանավանդ հայ ուսանողներին, որպեսզի նյութական սուղ պայմանները չխաթարեն նրանց ուսումնառությունը: Հպարտությամբ ասեմ, որ մեր շրջանավարտներն աշխարհով մեկ տարածված են այսօր, արժանացել են մեծամեծ պաշտոնների: Շատերն իրենց ուսումը շարունակում են աշխարհի լավագույն համալսարաններում՝ Լիբանան, Եվրոպա, Կանադա, Նահանգներ, այլուր: Ունենք «Հայկազյանի» ուսումնառությամբ գրողներ, խմբագիրներ, հայկական դպրոցների տնօրեններ, հայ գաղթօջախներում, եկեղեցական ու հոգեւոր կյանքում պատասխանատու գործունեություն ծավալած բազմաթիվ մեր նախկին սաներ: Ի վերջո, մեր համալսարանը ոչ միայն Լիբանանում, այլեւ նրա շրջանակներից դուրս է ճանաչված եւ վայելում է վաստակած անուն ու հեղինակություն: Այն համագործակցում է ամերիկյան ու հայրենի համալսարանների, ինստիտուտների, թանգարանների, գրադարանների հետ: Տարին մեկ անգամ վերոնշյալ հայագիտական հանդեսի շնորհանդեսն ենք կատարել Երեւանում, Գյումրիում, նաեւ Ստեփանակերտում:

-Գիտաժողովն անցկացվում է Ցեղասպանության թանգարանում: Իսկ ինչպե՞ս է ոգեկոչվում Ապրիլի 24-ը «Հայկազյանում»:

-Նկատի ունենալով, որ մեր ուսանողների կեսից ավելին հայեր չեն, մենք մեծ պատասխանատվությամբ եւ ըստ պատշաճի ենք ոգեկոչում այդ օրը: Ուզում եմ հիշել, թե ինչպես միջոցառումներից մեկից հետո ինձ մոտեցավ մեր արաբ ուսանողներից մեկը եւ ասաց, որ ինքը տեղյակ էլ չէր, որ 1915-ին թուրք իշխանությունները նման բարբարոսություն են ծրագրել եւ իրագործել իրենց բուն հայրենիքում ապրող հայերի հանդեպ: Ի դեպ, մեր ծրագրերում էլ է ներառված Հայոց եղեռնը, որին գումարվում է նաեւ եղեռնի մասին պատմող հանրահայտ գրքերի ընթերցումը: Չմոռանամ հիշատակել, որ համալսարանի բակում տեղադրված է եղեռնի ոգեկոչմանը նվիրված հուշակոթող՝ անմոռուկի տեսքով, որին այցելելով՝ հյուրերը, դիվանագետները ծաղիկներ են խոնարհում, ծանոթանում եղեռնի պատմությանը, լուսանկարվում կոթողի ֆոնին…

-Եվ իմ վերջին հարցը՝ ինչպե՞ս եք տեսնում այսօր էլ ծանր փորձություններ հաղթահարող մայր հայրենիքի ապագան

-Որքան էլ ծանր լինեն պայմանները, մենք պետք է սովորենք տեր կանգնելու այն հարստությանը, որը կոչվում է հայրենիք, հայրենի հող, հայրենի մշակույթ: Հայրենիքը վերացական հասկացություն չէ: Երկիրը հայրենիք է կոչվում, որովհետեւ նրանում ունենք անցյալ, արմատ եւ որում կերտելու ենք մեր ապագան: Իրավիճակը, այո, ծանր է, հուսախաբությունները՝ շատ, ճնշումները՝ անպակաս: Բայց որտեղ էլ լինենք, ինքներս մեզ լքել չենք կարող: Հայրենիքը նաեւ ավանդ է: Քաղաքական իրողություններն անցողիկ են՝ գալիս են ու գնում: Կարեւորն այն է, որ ինքներս մեզ չվնասենք, թույլ չտանք այնպիսի կորուստներ, որոնց վերագտնելն այլեւս անհնարին կդառնա… Ամփոփեմ ասելիքս. ես ապրել եմ սփյուռքում եւ միշտ զգացել եմ, որ տարբեր երկրներում բնակվող հայերս հպարտ ենք մեր գրականությամբ, մեր մշակույթով, մեր լեզվով, մեր հավատքով, անգամ մեր խոհանոցով: Բայց այս ամենը բավարար չեն հայրենիք պահելու համար: Հայրենիք պահելը, ինչպես այսօր ենք տեսնում, քրտինք է, արյուն է, զոհողություն է, անձնուրացություն է ու նվիրում: Հայրենիքը ես չեմ: Հայրենիքը բոլորս ենք…

Զրույցը՝ Հակոբ ՍՐԱՊՅԱՆԻ

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սփյուռք

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Սփյուռք

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Սփյուռք

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

Սփյուռք

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

Սփյուռք

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Սփյուռք

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Հայաստանում տեղի են ունենում  խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Սփյուռք

Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Սփյուռք

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

Սփյուռք

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում