Քաղաքականություն

Իտալացի խորհրդարանականները դատապարտում են Ադրբեջանի ագրեսիան՝ ակնկալելով միջազգային հանրության արձագանքը

7 րոպեի ընթերցում

Իտալացի խորհրդարանականները դատապարտում են Ադրբեջանի ագրեսիան՝ ակնկալելով միջազգային հանրության արձագանքը

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի խորհրդարանի վերին և ստորին պալատների մի խումբ ներկայացուցիչներ հայտարարություն են տարածել հայ-ադրբեջանական սահմանին բռնկված հակամարտության վերաբերյալ՝ կոչ անելով դադարեցնել զինված ագրեսիան և հստակ մատնանշելով, որ այն տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը՝ վկայակոչելով իտալացի խորհրդարանականների համատեղ հայտարարությունը:

Իտալացի խորհրդարանականները հույս են հայտնել, որ միջազգային հանրությունը բացահայտորեն կդատապարտի ագրեսոր կողմին:

«Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում բռնկված ողբերգական հակամարտության լույսի ներքո և վշտացած զոհերի ընտանիքներով, որոնց թիվը, պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, ցավոք, շարունակում է աճել, հույս ենք հայտնում, որ զինված ագրեսիան անմիջապես կդադարի, և որ միջազգային հանրությունը բացահայտորեն կդատապարտի ագրեսորին և ցանկացած գործողություն, որը խախտում է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը», - հայտարարել են Իտալիայի խորհրդարանականները:

Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը շնորհակալություն է հայտնել հայտարարությունը ստորագրած բոլոր խորհրդարանականներին, մասնավորապես՝ Պաոլա Բինետտիին, Ստեֆանո Բորգեզիին, Ումբերտո Բուրատտիին, Լաուրա Կավանդոլիին, Ջուլիո Չենտեմերոյին, Վիտո Կոմենչինիին, Ջուզեպպե Դոնինային, Պաոլո Ֆորմենտինիին, Նիկոլո Ինվիդիային, Ելենա Մուրելլիին, Տուլիո Պատասինիին, Կատիա Պոլիդորիին, Ալբերտո Ռիբոլլային և Ջովաննի Տոմբոլատոյին՝ դավանած բարձր արժեքների և մշտապես արդարության կողքին կանգնելու համար:

Առանձին գրառումներ են արել նաև իտալական պառլամենտի վերին և ստորին պալատի մի շարք ներկայացուցիչներ: Ըստ Իտալիայում ՀՀ դեսպանության՝ Իտալիայի պատգամավորների պալատի անդամ Մասսիմիլիանո Կապիտանիոն դատապարտել է հարձակումը Հայաստանի վրա՝ հույս հայտնելով, որ հրադադարի մասին հայտարարությունը կհարգվի, և հայ ժողովուրդը կկարողանա վերջապես խաղաղ ապրել՝ առանց շարունակական և չարդարացված ագրեսիայի ենթարկվելու:

«Պետք է վերջ դնել պատերազմին», - շեշտել է իտալացի պատգամավորը:

Իտալիայի Սենատի անդամ Ալբերտո Աիրոլան խիստ մտահոգություն է հայտնել սեպտեմբերի 13-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած զինված բախումների առնչությամբ՝ նշելով, որ դա զինադադարի լուրջ խախտում է ադրբեջանական ուժերի ագրեսիայի հետևանքով, որը տասնյակ զոհերի պատճառ է դարձել հայկական կողմից:

«Բռնության գործողությունները պետք է դատապարտվեն: Էսկալացիա, որը սպառնում է նորից պայթեցնել հակամարտությունը, որը, ներկայիս միջազգային լարվածության շրջանակներում, կարող է նոր և շատ վտանգավոր հակամարտության ճակատ բացել Ռուսաստանի և Արևմուտքի միջև՝ ամբողջությամբ բխում է Էրդողանի Թուրքիայի շահերից, որն արդեն երկար ժամանակ թեժացնում է կրակը՝ հետապնդելով նեոօսմանյան հեգեմոնիայի իր ծրագրերը: Հուսով եմ, որ միջազգային հանրությունը կմոբիլիզացվի՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը վերականգնելու և պահպանելու համար», - Ֆեյսբուքի իր էջում գրել է Աիրոլան:

Իտալիայի Սենատի անդամ, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Առաջ, Իտալիա» կուսակցության խմբի ղեկավար Էնրիկո Աիմին նշել է, որ սեպտեմբերի 13-ի գիշերը Ադրբեջանի կողմից ձեռնարկված հարձակման հետևանքով 49 հայ զինվորների զոհվելու փաստը մեծ տագնապ է ստեղծել Եվրոպայում և ամբողջ աշխարհում: Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է իր ողջ վրդովմունքն արտահայտի բացարձակապես դատապարտելի այդ արարքի համար:

«Մենք մեր աղոթքով մոտ ենք զոհվածների ընտանիքներին: Անհրաժեշտ է նաև, որ հակամարտությունը արագ դադարեցվի իր սկզբնական փուլում՝ խուսափելու ավելի լուրջ հետևանքներից, որոնք կարող են ապակայունացնել իրավիճակը, ինչը փորձ է արվում դժվարությամբ պահպանել այդպիսի խնդրահարույց տարածքում», - նշել է իտալացի սենատորը:

Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվել նաև խաղաղ բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին: Ինտենսիվ գործողությունները շարունակվել են ողջ գիշեր: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 49 զոհ:

Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակել է լարված մնալ։ Մասնավորապես՝ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծությամբ թիրախավորում են Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված դիրքերը, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերը:

Սեպտեմբերի 14-ին ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հաղորդել է, որ ժամը 15:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կրկին ծայրահեղ լարվել է: Ժամը 13:00-ից սկսած՝ Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, լայնորեն կիրառելով նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հատկանշական է, որ հարվածներ են հասցվել նաև մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության տրանսպորտային միջոցներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում