Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԻԿՕՄ 26-րդ գլխավոր վեհաժողովին Հայաստանն արձագանքել է Ադրբեջանի հակահայկական զեկույցին

ԻԿՕՄ 26-րդ գլխավոր վեհաժողովին Հայաստանն արձագանքել է Ադրբեջանի 
հակահայկական զեկույցին

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թանգարանների առջև ծառացած մարտահրավերներն ու առկա խնդիրների լուծման փնտրտուքները եղել են օրերս Պրահայում կայացած Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) 26-րդ գլխավոր վեհաժողովի աշխատանքների առանցքում: Վեհաժողովին մասնակցել են աշխարհի 115 երկրների թանգարանային ոլորտի շուրջ 3000 ներկայացուցիչներ, այդ թվում, Հայաստանի պատվիրակությունը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ԻԿՕՄ- Հայաստանի նախագահ Հայկ Մկրտչյանը տեղեկացրեց, որ բավական հագեցած հանդիպումների օրակարգ է եղել: Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:

«Մարտահրավերներից, որ կցանկանայի առանձնացնել, առհասարակ, թանգարան եզրույթի ձևակերպումն է, դրա նոր ընկալումը: Սա շատ կարևոր է այն տեսանկյունից, որ միտում կա՝ ցանկացած ժամանցային վայր հիմնադրվելով, կոչվում է թանգարան, ինչն իրականում այդպես չէ: Թանգարանը բազմաշերտ ու բազմաֆունկցիոնալ կառույց է և կարևոր է, որ այդ ճիշտ մոտեցումը լինի»,-ասաց Հայկ Մկրտչյանը:

ԻԿՕՄ Հայաստանի անդամներից յուրաքանչյուրն անդամակցում է խորհրդի միջազգային թեմատիկ կոմիտեներին և տեղում աշխատանքներ տանում: ԻԿՕՄ Հայաստանի խորհրդի անդամ Արուսյակ Ղազարյանը տեղեկացրեց, որ այս տարի առանձին կոմիտեներում տարված աշխատանքը բավական արդյունավետ է եղել:

«Պայմանավորվածություններ են ձեռք բերել առնվազն 4 միջազգային կոմիտեների գիտաժողովները Հայաստանում հյուրընկալելու հարցում: Դրանք են գրական և կոմպոզիտորների թանգարանների, ցուցադրությունների փոխանակման, երաժշտական գործիքների և երաժշտական թանգարանների, ինչպես նաև անձնակազմի վերապատրաստման միջազգային կոմիտեները»,-ասաց Տաթև Սարոյանը:

Թանգարանների մարտահրավերների առանցքում նաև հետհամաճարակային շրջանում այցելությունների վերականգնումն է, ինչպես նոր տեխնոլոգիաների ակտիվ ներմուծումը թանգարանային ոլորտ: Քովիդի ժամանակաշրջանում աշխարհի շատ երկրների թանգարաններ կանգնել են փակման խնդրի առաջ: Հայաստանում, բարեբախտաբար, թանգարանների փակման դեպք չի եղել: ԻԿՕՄ Հայաստանի խորհրդի անդամ Տաթև Սարոյանը տեղեկացրեց, որ կորոնավիրուսից հետո Հայաստանի թանգարանները կարողանում են վերականգնել 2019 թվականի այցելությունների տեմպերը: Կոնկրետ, Մատենադարանը, կարելի է ասել, որ 80 տոկոսի չափով հասել է այդ ցուցանիշին:

«Թանգարանային այցելությունը բավական երիտասարդացել է: Եթե նախկինում ավելի մեծահասակ զբոսաշրջիկներ էին այցելում, ապա հիմա միտումը դեպի երիտասարդներն են: Ինչ վերաբերում է տեղի այցելություններին, ապա ասեմ, որ դպրոցական տարիքի երեխաների այցերը կրկնապատկվեցին: Մեզ համար թիրախային էին նաև ընտանեկան այցերը»,-ասաց Տաթև Սարոյանը:

Մասնագիտական քննարկումները զերծ չեն մնացել ադրբեջանական կեղծիքներից, ինչին հակադարձել է Հայաստանի պատվիրակությունը: Մանրամասնեց Հայկ Մկրտչյանը:

«Իրենք սովորաբար բոլոր հարթակներն օգտագործում են իրենց կեղծ, հիմքերից զուրկ թեզերը ներկայացնելու համար: Խոսում էին, թե, իբր հայերը ավերածություններ են անում, մզկիթներն են ոչնչացնում և այլն: Մենք նախապես արդեն Հայաստանում ԱԳՆ-ի մեր գործընկերների հետ քննարկել էինք այս հարցը: Փաստերով ներկայացրինք իրենց զեկույցի կեղծ լինելը: Ներկայացրինք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային կոմիտեի կողմից հրապարակված զեկույցն այն մասին, թե վերջին 2 տարիների ընթացքում իրականում ինչ է տեղի ունեցել Արցախի տարածքում, որը հիմնված է միջազգային հեղինակավոր պարբերականների, կառույցների հետազոտությունների վրա»,- ասաց Հայկ Մկրտչյանը:

Հայաստանի պատվիրակությունը նաև վրդովմունքի նամակ է փոխանցել պատասխանատուներին՝ ընդգծելով, որ պրոֆեսիոնալ հարթակը չպետք է վերածվի քաղաքականի:  

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]