Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի ստեղծած «Նարարգին» սննդային հավելումը կանխարգելում է 2-րդ տիպի շաքարախտը

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի ստեղծած 
«Նարարգին» սննդային հավելումը կանխարգելում է 2-րդ տիպի շաքարախտը

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում մշակվել և պաշտոնապես գրանցվել է սննդի «Նարարգին» կենսաբանորեն ակտիվ հավելումը։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Գիտությունների ազգային ակադեմիայից, այն օգտագործվում է դիսբակտերիոզի, 2-րդ տիպի շաքարախտի կանխարգելման համար, աղիքային միկրոֆլորայի հավասարակշռությունը պահպանելու և վերականգնելու նպատակով հակաբիոտիկներով բուժման ընթացքում, նպաստում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցմանը:

««Նարարգին» կենսաբանորեն ակտիվ սննդային հավելումն ունի կիրառական նշանակություն բժշկության մեջ որոշակի հիվանդությունների կանխարգելման և բուժման համար: Նպաստում է ինսուլին արտադրող β-բջիջների վերականգնմանը և ենթաստամոքսային գեղձի արտազատիչ ֆունկցիայի խթանմանը, ինչը 2-րդ տիպի շաքարախտի բուժման հիմնական նպատակներից մեկն է: Կարգավորում և վերականգնում է աղիքային միկրոֆլորայի հավասարակշռությունը հակաբիոտիկներով թերապիայի կիրառման, ինչպես նաև դիսբակտերիոզի դեպքում։ Բերում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցմանը»,- ասել է «Նարարգին» սննդային հավելման մշակման հեղինակ, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի Պրոբիոտիկների կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Ֆլորա Տխրունին:

«Նարարգին»-ը մշակվել է թիրախային բազմաֆունկցիոնալ հատկություններով օժտված Lactobacillus acidophilus MDC 9602 (Ep. 317/402) և Lactobacillus rhamnosus БТК 20-12 MDC 9631 պրոբիոտիկ կաթնաթթվային բակտերիաների կոնսորցիումի հիման վրա: Այդ կաթնաթթվային բակտերիաները սինթեզում են նյութափոխանակության կենսաբանորեն ակտիվ արգասիքներ՝ արգինին ամինաթթուն, արտաբջջային բազմաշաքարներ և հակամանրէային միացություններ՝ բակտերիոցիններ, որոնք ճնշում են սննդի փչացմանը հանգեցնող միկրոօրգանիզմների, հակաբիոտիկների հանդեպ բազմակի կայուն մանրէների աճը։

Ֆլորա Տխրունու խոսքով՝ կոնսորցիումի կազմի մեջ մտնող կաթնաթթվային բակտերիաների կողմից արգինինի սինթեզման եզակի հատկությունը նպաստում է ինսուլին արտադրող β-բջիջների վերականգնմանը և ենթաստամոքսային գեղձի արտազատիչ ֆունկցիայի խթանմանը, քանի որ L- արգինինը խթանում է ինսուլինի արտանետումը և մեծացնում β-բջիջների զգայունությունը գլյուկոզի նկատմամբ, ինչը շաքարախտի բուժման հիմնական նպատակներից մեկն է»,- ասաց Ֆլորա Տխրունին:

«Նարարգին»-ը ստեղծվել է «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի կողմից բազային ֆինանսավորմամբ իրականացվող «Որոշակի հիվանդությունների կանխարգելման համար նոր պրոբիոտիկ շտամների հատկությունների ուսումնասիրություն» ծրագրի շրջանակներում։

«Նարարգին»-ն արտադրված է համաձայն ՀՀ ՏՊ 39377614.8805-2021։

2022թ-ին «Նարարգին» կենսաբանորեն ակտիվ հավելումը պաշտոնապես գրանցվել է և ստացել պետական գրանցման վկայական՝ թիվ ԱՄ.01.01.01.003.R000016.01.22։

«Ներկայում տարվում են աշխատանքներ մարքեթինգի՝ «Նարարգին»-ի ներքին, ինչպես նաև արտաքին շուկայում իրացման ուղղությամբ։ Ձեռք են բերվել համագործակցության նախնական պայմանավորվածություններ Ռուսաստանի Դաշնությունում, Չեխիայի Հանրապետությունում «Նարարգին»-ի ներդրման ուղղությամբ»,- ասել է Ֆլորա Տխրունին։

«Նարարգին»-ի հետազոտությունն արժանացել է դրական գնահատականի գիտական հանրության շրջանում, այդ թվում՝ միջազգային:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]