Պաշտոնական

Փոխվարչապետը Գեղարքունիքի մարզում հետևել է պետական բյուջեի միջոցներով իրականացվող աշխատանքների ընթացքին

5 րոպեի ընթերցում

Փոխվարչապետը Գեղարքունիքի մարզում հետևել է պետական բյուջեի միջոցներով իրականացվող աշխատանքների ընթացքին

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը սեպտեմբերի 7-ին մարզային այցով Գեղարքունիքի մարզում էր։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ուղեկցությամբ փոխվարչապետը շրջայց է կատարել մի շարք համայնքներում, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին։

Մարզային այցին մասնակցել են նաև «Ճանապարհային դեպարտամենտ»-ի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը, պաշտոնատար այլ անձինք։

Փոխվարչապետը Կարճաղբյուր համայնքում այցելել է Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի կազմում գործող «Սևանի Իշխան» ՓԲԸ, շրջայց է կատարել ընկերության ձկնարտադրության համալիրում, ծանոթացել մանրաձկան արտադրության գործընթացին և գործարանի արտադրական հզորություններին:

Ներկայում «Սևանի իշխան» ՓԲԸ-ի մանրաձկան գործարանում առկա է Սևանի իշխանի երկու ենթատեսակներին պատկանող Գեղարքունի և Ամառային ձկնատեսակների տարբեր տարիքային խմբերի ծնողական կազմ, ինչպես նաև փորձեր են իրականացվում այլ ձկնատեսակների արհեստական բազմացման տեխնոլոգիաների մշակման ուղղությամբ։

Փոխվարչապետի հաջորդ կանգառը եղել է Մ-10 ավտոճանապարհի Մարտունի Գեղհովիտ 14 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման շինհրապարակում: Պետական բյուջեի միջոցներով իրականացվող աշխատանքները նախատեսվում է ավարտել 2023 թվականին։ «Ճանապարհային դեպարտամենտ»-ի ղեկավարի խոսքով՝ արդեն իսկ ավարտվել են 6,4 կմ ասֆալտապատման աշխատանքները, ընթանում են ճանապարհի սկզբնամասում վաքերի տեղադրման, մայթերի, իջատեղերի կառուցման աշխատանքները։

Համբարձում Մաթևոսյանն այնուհետև այցելել է Գեղհովիտ համայնք, որտեղ կառուցվում է թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Այն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից՝ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում։ Ներկայում կատարվում են շենքի հիմքի և առաջին հարկի բետոնային և երկաթբետոնային աշխատանքները։ Շինարարությունը մեկնարկել է 2021 թվականին և նախատեսված է ավարտել 2023 թվականին։

Մարտունի համայնքում փոխվարչապետին դիմավորել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը և մանրամասներ ներկայացրել պետական բյուջեի միջոցներով կառուցվող «Մարտունու բժշկական կենտրոն»-ի շենքի կառուցման ընթացքից։ Ներկայում ավարտվել են շենքի հիմնակմախքի և կաթսայատան աշխատանքները, ընթացքի մեջ են միջնորմների կառուցման, տանիքային, ներքին հարդարման, արտաքին երեսապատման, արտաքին և ներքին ինժեներական ցանցերի կառուցման աշխատանքները։

Փոխվարչապետ Մաթևոսյանի հերթական կանգառը եղել է Գավառում՝ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվող հանրապետական նշանակության ավտոճանապարհի շինհրապարակում։

Հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը 3,4 կմ է։ Նախատեսված է իրականացնել ճանապարհի երթևեկելի մասի հիմքի և երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի, ջրահեռացման ներքին համակարգի, մայթերի կառուցման աշխատանքներ։ Շինարարի հետ զրույցում փոխվարչապետը մի շարք դիտողություններ է արել կատարված աշխատանքների վերաբերյալ․ շինարարը խոստացել է նախքան շահագործման հանձնելը շտկել արձանագրված թերությունները։

Համբարձում Մաթևոսյանն այցելել է նաև Գավառի Սբ Աստվածածին եկեղեցի, որի շրջակայքի սալիկապատման և բարեկարգման աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։ Աշխատանքները կավարտվեն 2022 թվականի նոյեմբերին։

Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ.Պարթև վադապետ Բարսեղյանը առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում ընդունել է փոխվարչապետին և բարձր գնահատել համայնքների զարգացմանն ուղղված նման ծրագրերի իրականացումը, սրբավայրեր տանող ճանապարհների բարեկարգման աշխատանքները՝ այն համարելով Կառավարության, մարզային ու քաղաքային իշխանության հետ արդյունավետ համագործակցության արդյունք։

Համբարձում Մաթևոսյանն այցելել է նաև Ծովինար բնակավայրում գտնվող Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ խոնարհել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում