Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գյումրու դրամատիկը նոր թատերաշրջանում թատերական հրավառություն է խոստանում

Գյումրու դրամատիկը նոր թատերաշրջանում թատերական հրավառություն է 
խոստանում

ԳՅՈՒՄՐԻ,  30 ՕԳՈՍՏՈՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Վ․ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նոր թատերաշրջանում  անակնկալներ է խոստանում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝   157-րդ թատերաշրջանի մեկնարկը թատրոնը կազդարարի Սթիվեն Կինգի «Միզերի» հոգեբանական ներկայացմամբ (բեմադրող ռեժիսոր՝ Գոռ Մարգարյան):

«Այս թատերական տարին էլ Գյումրու դրամատիկականի համար պետք է լինի թատերական հրավառության տարի՝ 4 ամիսների ընթացքում թատրոնը պատրաստում է 3 առաջնախաղ, իսկ Նոր տարուն՝  ամանորյա ներկայացում: Թատերաշրջանի մեկնակը կազդարարի ինձ համար շատ առանձնահատուկ առաջնախաղ՝ «Միզերին»: Բեմադրող ռեժիսորը մայրաքաղաքից  է հրավիրված՝ տաղանդավոր ռեժիսոր Գոռ Մարգարյանն է: Իսկ եթե Գոռ Մարգարյանն է, ապա մոտեցումն անսպասելի է՝ ներկայացումը ծնվել է «ետնաբեմում»՝ հանդիսատեսին տեղափոխելով այլ միջավայր՝ ժամանակակից ու ճկուն սցենոգրաֆիկ ու նկարչական մոտեցմամբ՝ օգտագործելով թատրոնի ողջ տեխնիկական հնարավորությունները: Գոռի առաջարկով և իմ ցանկությամբ ստեղծագործական խմբին միացավ նաև Համազգային թատրոնի սիրված դերասանուհի Տաթև Ղազարյանը: Մյուս գլխավոր դերակատարը մեր տաղանդավոր դերասան Արսեն Սաղաթելյանն է: «Միզերին» հանդիսատեսի դատին կհանձնվի սեպտեմբերի 17-ին և 18-ին: Վստահ եմ՝ այս ներկայացումը երկար կյանք է ունենալու»,- «Արմենպրես»-ի հետ ունեցած զրուցի ժամանակ նշեց Գյումրու պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ ներկայացման տոմսերն արագ են սպառվում:

Հաջորդ առաջնախաղը սպասվում է սեպտեմբերի 24-25-ին․ թատերասերների դատին կներկայացվի ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր  Նիկոլայ Ծատուրյանի բեմադրած Ուիլյամ Գիբսնի «Հրաշագործը» պիեսը: Ներկայացումն իրականացվում է  ԿԳՄՍՆ-ի հայտարարված դրամաշնորհի շրջանակներում: Ներկայացման գործընկերը «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն է:

«Սա համատեղ ներկայացում է՝ կյանքի է կոչվում  Երևանի Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի հետ, աշխատում ենք այնպիսի տաղանդավոր դերասանների հետ, ինչպիսիք են Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար ու տնօրեն Նարինե Գրիգորյանը, որն զբաղված է գլխավոր դերումինչպես Գյումրիի, այնպես էլ Համազգային թատրոնի սիրված դերասաններ և 8-ամյա  Անգելինա Զաքարյանը: Ներկայացումը կխաղանք Գյումրիում, Երևանում»,-նշեց Լյուդվիգ Հարությունյանը:

Եւս մեկ առաջնախաղ էլ սպասվում է նոյեմբերին․ Ֆրանսիայում բնակվող հրավիրված ռեժիսոր Սաթեն Խաչատրյանը հայ-ֆրանսիական մշակութային բարեկամության շրջանակներում կներկայացնի  ժամանակակից դրամատուրգ Ժուել Պոմրայի «Երկու Կորեաների վերամիավորումը»  գործը:

«Մինչև Ամանոր սպասում ենք նաև մեր տոնական ներկայացմանը: Տարեվերջին կունենանք նաև մի քանի հյուրախաղ ինչպես Հայաստանում, այնպես էլ  Իսպանիայում, որտեղ նախատեսվում է հյուրախաղեր «Մհեր Մկրտչյան» փոքր թատրոնի երկու ներկայացմամբ»,- նշեց Լյուդվիգ Հարությունյանը։

 Արմենուհի Մխոյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]