Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Քաջարանի օրվա շրջանակում բացվեց «Ռուսական կենտրոն»․ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոն

Քաջարանի օրվա շրջանակում բացվեց «Ռուսական կենտրոն»․ Երևանում «Դոմ Մոսկվի» 
կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ Քաջարան քաղաքի 64-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում բացվել է 7-րդ «Ռուսական կենտրոն»-ը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնից, կրթամշակութային կենտրոնի բացման կարմիր ժապավենը կտրել են Հայաստանում ՌԴ դեսպանատան նախարարի խորհրդական Մաքսիմ Սելեզնևը, Քաջարանի  քաղաքապետ Մանվել Փարամազյանը, «ԶՊՄԿ»-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլինը և Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

ՀՀ-ում ՌԴ դեսպանատան նախարարի խորհրդական Մաքսիմ Սելեզնևը կարևորելով Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գործունեությունը նշեց՝ հատկանշական է, որ նման կրթական կենտրոններ են բացվում ոչ միայն մարզկենտրոններում, այլև Հայաստանի տարբեր քաղաքներում և փոքր համայնքներում։  

«Այս կենտրոնը 7-րդն է, ինչը փաստում է, որ նման բարդ աշխարհաքաղաքական ժամանակահատվածում մեր ժողովուրդները գործակցում են  հումանիտար-կրթական բնագավառում։ Ճանաչելով լեզուն և մշակույթը մենք ավելի լավ ենք ճանաչում միմյանց», - ասաց նա:

Կենտրոնը կահավորված և հագեցած է ժամանակակից տեխնիկայով, որը հնարավորություն է տալիս կազմակերպել ինտերակտիվ դասեր և քննարկումներ։ Քաջարանի  քաղաքապետ Մանվել Փարամազյանի խոսքով, կենտրոնի գործունեությունը պետք է ուղղվի երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը։

«Այսուհետև մեր երեխաներ ավելի խորը կուսումնասիրեն ռուսական մշակույթը, լեզուն, այս կրթական կենտրոնը յուրօրինակ հարթակ է, որը կստեղծի կրթական ժամանց և էլ ավելի կամրապնդի մեր եղբայրական ժողովուրդների հարաբերությունները», - ասաց  Քաջարանի  քաղաքապետ Մանվել Փարամազյանը։

«Վստահ եմ, որ կենտրոնը կնպաստի ռուսաց լեզվի զարգացմանը, հայ և ռուս ժողովուրդների բարեկամության դարավոր ավանդույթների պահպանմանը: Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչությունը լիովին աջակցում է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի նախաձեռնություններին», - նշել է Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ Վարչության պետի տեղակալ, գնդապետ Յուրի Դեդովը։

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի նախաձեռնությամբ և Քաջարանի քաղաքապետարանի օժանդակությամբ բացված նորաբաց կենտրոնում կանցկացվեն ռուսերենի անվճար դասընթացներ, որտեղ երեխաները կսովորեն ռուսերեն, կծանոթանան ռուսական մշակույթին ու պատմությանը։

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը շնորհավորելով Քաջարանին 64-ամյակի կապակցությամբ, վստահություն հայտնեց, որ այս քաղաքը  մեր երկրին ու աշխարհին շատ տաղանդավոր մարդիկ է պարգևելու։

«Այս տոնական օրը ռուսական կենտրոնը քաջարանցիների համար դարձավ յուրօրինակ նվեր։   Մենք գիտակցում ենք Հայաստանի մարզերում ռուսաց լեզվի և մշակույթի զարգացման կարևորությունը և վստահ ենք, որ կենտրոնը կնպաստի այդ աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը: Հատկանշական է, երբ հայտարարեցինք անվճար դասընթացների մասին, 3 օրում միայն Քաջարանում գրանցվեցին 50-ից ավելի փոքրիկներ, իսկ Կապանում եռակի անգամ ավելի, սա փաստում է, որ մեր դասընթացները պահանջված են և պետք է բացել նոր խմբեր։ Ցանկանում ենք նման կրթական հարթակներ ստեղծել Հայաստանի բոլոր մարզերում», - նկատեց Երևանում «Դոմ Մոսկվի» գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Կենտրոնում ներկայացված է կրթական նյութերի մեծ բազմազանություն, որոնց միջոցով հնարավոր է ճշգրիտ և բաց տեղեկատվություն ստանալ Ռուսաստանի մասին ամենատարբեր ոլորտներում։

Սա Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ բացված 7-րդ «Ռուսական կենտրոնն» է։ Նման կենտրոններ արդեն գործում են Երևանում, Վանաձորում, Արմավիրում, Իջևանում, Մալիշկա և Վարդաձոր համայնքներում։ Ռուսերենի անվճար դասընթացներ են իրականացվում Հայաստանի 37 քաղաքներում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am