Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանը և ԵՄ-ն հնարավորություն ունեն համագործակցելու բոլոր ոլորտներում. դեսպան Վիկտորինի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ին

Հայաստանը և ԵՄ-ն հնարավորություն ունեն համագործակցելու բոլոր ոլորտներում. 
դեսպան Վիկտորինի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ին

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության հարաբերությունները 30 տարվա համագործակցության ընթացքում անցել են տարբեր փուլերի միջով: Այսօր Հայաստանը և ԵՄ-ն համագործակցության շատ լայն շրջանակ են սահմանել, իսկ 2017 թվականին ստորագրված նոր շրջանակային փաստաթղթի՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջոցով կողմերը հնարավորություն ունեն համագործակցելու բոլոր ոլորտային ուղղություններով: Այս մասին «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը:

ԵՄ պատվիրակության ղեկավարը նաև իր տեսակետն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին:

Դեսպան Անդրեա Վիկտորինի հետ «Արմենպրես»-ի հարցազրույցը տեղի է ունեցել 2022 թ. հուլիսի 18-ին:

 

- Տիկի՛ն Վիկտորին, շնորհակալ եմ Ձեզ հետ հարցազրույցի այս հրաշալի հնարավորության համար: Մենք բազմաթիվ հետաքրքիր հարցեր ունենք քննարկելու Հայաստան-Եվրամիություն օրակարգի վերաբերյալ: Թուլ տվեք սկսել այն հարցից, թե ինչպե՞ս եք Ձեզ զգում Հայաստանում և ինչպե՞ս են անցել Հայաստանում Ձեր դիվանագիտական առաքելության այս երեք տարիները՝ համեմատած այլ երկրներում աշխատանքի հետ:

- Ինչպես հավանաբար գիտեք՝ նախկինում նույնպես ես իրականացրել եմ դիվանագիտական առաքելություն Հայաստանում: Եղել եմ Հայաստանում Գերմանիայի դեսպանը  2007-2009 թթ.:  Երբ վերադարձա 2019-ին՝ տեսա, որ շատ  բան փոփոխված էր երկրի ընդհանուր մթնոլորտում և մարդկանց տրամադրության մեջ: Նաև բազում դրական քայլեր են եղել, որոնք մենք ձեռնարկել ենք միասին՝ Հայաստանի հետ համագործակցությամբ: Այնպես որ, այս ամենն ընդհանուր առմամբ շատ դրական էր, և ես գերազանց մեկնարկ ունեցա՝ բազմաթիվ այցելություններ   մարզեր, ծանոթացա  բազմաթիվ նախագծերի: Հետո բոլորս էլ հայտնվեցինք միևնույն դժվարին իրավիճակում: Նախ և առաջ, սկսվեց ՔՈՎԻԴ-19-ի համավարակը, որը հանգեցրեց «լոքդաունի»՝ կարանտինային իրավիճակի, մեկուսացման, հաղորդակցության սահմանափակումների՝ անմիջական շփման, ինչպես նաև համագործակցության  վրա թողնելով իր հետևանքները: Հետո՝ պատերազմը 2020 թ. սեպտեմբերի 27-ին, հետպատերազմյան շրջանը, 2021 թ. ընտրությունները…

Այնպես որ, սա մշտապես հագեցած և ծանրաբեռնված մի ժամանակաշրջան էր: Բնականաբար, այս բարդ ժամանակաշրջանում հայ ժողովրդի ծանր ապրումներն ինձ ևս հուզել են: Բայց ես շարունակում եմ լավատես լինել: Սիրում եմ  Հայաստանը,  Հայաստանի բնությունը: Եվ ուրախ եմ, որ կարող ենք շարունակել մեր առաքելությունը ՔՈՎԻԴ-19-ի պատճառով սկսված այս երկար ընդմիջումից հետո: Միայն վերջին ամիսներին  մի քանի անգամ եղել եմ Սյունիքում, էլ չեմ խոսում Հայաստանի մյուս մարզերի մասին: Այդպիսի այցերը միշտ մարդկանց հանդիպելու, նրանց անմիջական գնահատականները լսելու և նրանց կարիքների մասին տեղեկանալու լավ հնարավորություն են ընձեռում: Սա Հայաստանում իմ աշխատանքի կարևորագույն տարրերից  է:

- Ի՞նչն է ամենաշատը Ձեզ դուր գալիս Հայաստանում և ըստ Ձեզ՝ ամենից շատ ինչի՞ մասին է Հայաստանը:

- Հայաստանը հնադարյան ավանդույթների և մշակույթի  երկիր է: Հայաստանը քրիստոնեական երկիր է՝ բազում տպավորիչ մշակութային կոթողներով: Բայց ինձ համար ամենատպավորիչը  հայ մարդն է,  բնավորությունների բազմազանությունը և վառ ու գունեղ մշակույթի աշխարհը, ինչը ես շատ եմ գնահատում: Երեկ  մասնակցում էի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի փակման արարողությանը: Այստեղ շատ իրադարձություններ են տեղի ունենում. ես էլ սիրում եմ նոր վայրեր բացահայտել, նոր մշակութային միջոցառումներ հայտնաբերել: Հենց դրանց միջոցով է ձևավորվում Հայաստանի դրական կերպարը: Ես դա շատ եմ գնահատում:

 

- Ինչպես գիտեք՝ 2022 թվականը շատ նշանավոր տարի է հայկական դիվանագիտության համար, քանի որ Հայաստանի Հանրապետությունը այս տարի տոնում է տասնյակ միջազգային գործընկերների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման տարեդարձերը: Այս շարքում Հայաստանը և Եվրոպական միությունը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձը: Ինչպե՞ս կգնահատեք Հայաստան-Եվրամիություն գործընկերության ներկա մակարդակը, որտե՞ղ ենք այժմ Հայաստանի և Եվրամիության համագործակցության զարգացման առումով:

- Փորձենք փոքրիկ պատմական ակնարկ անել: Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև դիվանագիտական հարաբերությունները պաշտոնապես հաստատվել են 1992 թ. օգոստոսի 10-ին: Հարաբերություններն անցել են տարբեր փուլերի միջով: Սկզբնական շրջանում համագործակցել ենք TACIS-ի՝ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրներին Եվրոպական հանձնաժողովի տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակներում: Ես այստեղ էի, երբ բացվեց Եվրամիության պատվիրակությունը Երևանում: Դա տեղի ունեցավ 2008 թ. փետրվարին, երբ Հայաստան եկավ Եվրամիության արտաքին հարաբերությունների և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները: Ես հրավիրված էի որպես հյուր, քանի որ այդ ժամանակ Հայաստանում Գերմանիայի դեսպանն էի: Լիիրավ  գործող ԵՄ պատվիրակության բացումը կարևոր առաջընթաց էր Եվրամիություն-Հայաստան հարաբերություններում, քանի որ մենք ծածկում ենք երկկողմ հարաբերությունների բոլոր ոլորտները: 2009 թվականին ուժի մեջ մտավ Լիսաբոնի պայմանագիրը՝ հիմք հանդիսանալով Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության  ստեղծման համար, որն այժմ պատասխանատու է Եվրամիության արտաքին հարաբերությունների համար, ինչը կարևոր ուղենիշ է:

2017 թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ)՝  նոր ուղի հարթելով  Եվրամիության և Հայաստանի հարաբերություններում: Ինչո՞ւ: Մենք աշխատանքներ էինք տարել Ասոցացման համաձայնագրի վրա, որը հնարավոր չեղավ կյանքի կոչել 2013 թվականին. ՀԸԳՀ-ի շնորհիվ մենք այժմ ունենք երկկողմ հարաբերությունների բոլոր ոլորտներն ընդգրկող շրջանակային համաձայնագիր: 2021 թ. մարտի 1-ին ուժի մեջ մտած այս փաստաթղթի միջոցով Հայաստանն ու Եվրամիությունը հնարավորություն ունեն համագործակցելու բոլոր ոլորտային ուղղություններով: Սա շատ կարևոր է, քանի որ ՀԸԳՀ-ն ոչ միայն Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների իրավական հիմքն է, այլև, ինչպես Հայաստանի կառավարությունն է ձևակերպել՝ «Հայաստանի բարեփոխումների գործընթացի ուղեցույցն է»:

- Առևտրային և տնտեսական հարաբերությունների առնչությամբ. եթե չեմ սխալվում՝ Եվրամիության «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի» (GSP+) ռեժիմը նախորդ տարի ավարտվել է Հայաստանի համար: Սա կարո՞ղ է էական ազդեցություն ունենալ առևտրային հարաբերությունների վրա:

- Հայաստանի տնտեսական զարգացումը վերջին տարիներին թույլ է տվել առաջընթաց գրանցել երկրում՝ միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների մակարդակից անցում կատարելով դեպի միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների մակարդակ՝ ըստ Համաշխարհային բանկի դասակարգման: Սա ինքնին հիանալի նորություն է և վկայում է այն մասին, որ Հայաստանում տնտեսական  աճ է գրանցվել:

Նախորդ ժամանակահատվածում GSP+ ունենալը կոչված էր աջակցելու երկրի կայուն զարգացմանը: Ըստ Եվրամիության GSP կանոնակարգերի և դրույթների՝ այն պահից, երբ երկիրը երեք տարի անընդմեջ, և  մեկ տարի անցումային շրջանը ևս, դասակարգվում է որպես միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր, այն  կորցնում է ԵՄ-ի կողմից միակողմանի առևտրային զիջումներ արտոնող «GSP+»-ի շահառու լինելու կարգավիճակը: Այսինքն՝ 2021 թ. հունվարից Հայաստանն այլևս դադարել է օգտվել ներկրման այս արտոնյալ սակագներից:

Ինչ վերաբերում է հետևանքներին՝ դեռ շատ վաղ է խոսել այն մասին, թե ինչ ազդեցություն կունենա GSP-ի ավարտը Եվրամիության և Հայաստանի միջև առևտրի վրա: Ավելին, դժվար կլինի միմյանցից զատել GSP-ի ավարտի հետևանքները և ներկայումս համաշխարհային տնտեսության վրա ներազդող հիմնական մակրոտնտեսական գործոնները:

Թույլ տվեք ընդգծել, որ ազդեցություն լինում է միայն հայկական արտադրության ապրանքների մասով, նկատի ունեմ հայկական արտադրության ապրանքների ներմուծումը դեպի Եվրամիություն, բայց ՀԸԳՀ-ի միջոցով մենք դռներ ենք բացում այլ ուղղությունների համար, ինչը, հույս ունեմ, դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության և Հայաստան-Եվրամիություն  առևտրի վրա:

Այս պահին Եվրամիությունը Հայաստանի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերն է՝ Ռուսաստանից հետո: Կանոնակարգման միջավայրի բարելավման և արտադրության ավելի բարձր չափորոշիչներ սահմանելու նպատակով մեր համագործակցության շրջանակում ներառվել են նոր մեխանիզմներ, որից կշահեն եվրոպացի և հայ արտադրողները: Մենք խրախուսում ենք հայկական ընկերություններին ավելացնել ապրանքների և ծառայությունների վաճառքները, ինչը կնպաստի տնտեսական աճին և աշխատատեղերի ստեղծմանը Հայաստանում:

ՀԸԳՀ-ն նաև նախատեսում է մի քանի այլ դրույթներ, օրինակ՝ մտավոր սեփականության իրավունքի  պաշտպանության համակարգի ամրապնդման մասով: Սա նշանակում է, որ ե՛ւ հայկական ընկերությունները, ե՛ւ արվեստագետները (սա նաև շատ կարևոր է մշակութային, ստեղծագործական և նորարարական բարձրորակ արտադրանք վաճառելու համար) այժմ կկարողանան ապավինել Հայաստանում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության կուռ համակարգերին՝ ինչպես Եվրամիության դեպքում է: Սա նաև կնպաստի Հայաստանում օտարերկրյա ուղիղ ներդրումների ներգրավմանը:

Բացի այդ, աջակցում ենք ծառայությունների առևտրի բացմանը, ինչը նշանակում է նոր հնարավորությունների ընձեռում, ծառայությունների ոլորտի բազմաթիվ ձևերի երկկողմ առևտրի ազատականացում, օրինակ՝ վարձակալության/լիզինգի ծառայությունների, խորհրդատվական, ինժեներական, լուսանկարչական, փաթեթավորման, փոստային, ֆինանսական և տրանսպորտային ծառայությունների մատուցման բնագավառներում: Դա ենթադրում է, որ հայկական ընկերությունները կկարողանան ծառայություններ մատուցել ԵՄ-ում և հակառակը:

ՀԸԳՀ-ն նաև պատուհան է բացում ԵՄ-ի և Հայաստանի միջև պետական գնումների համար՝ հնարավորություն տալով հայ գործարարներին մասնակցել պետական գնումների մրցույթներին ԵՄ-ում և հակառակը: Տրամադրվում է փոխադարձ լրացուցիչ մուտք աշխատանքների կոնցեսիաների շուկա, օրինակ՝ ջրամատակարարման և այլ հանրային ծառայությունների մասով:  Մասնավորապես այն փաստը, որ ԵՄ-ն բացում է ծառայությունների շուկան և պետգնումների մրցույթներին մասնակցելու հնարավորությունը, կարող է շատ դրական ազդել Հայաստանի տնտեսության վրա:

 

- Եվրամիությունը Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերներից է: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի և ԵՄ-ի միջև ապրանքաշրջանառությունը 2021 թ. կազմել է շուրջ 1,2 մլրդ եվրո: Առևտրատնտեսական փոխգործակցությունը կողմերի միջև ընդլայնելու հեռանկարներ տեսնո՞ւմ եք՝ օգտագործելով հատկապես այն գործիքները, որոնք կարող է տրամադրել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

- Այո՛, ինչպես արդեն բացատրեցի: ՀԸԳՀ-ն նախատեսում է կարգավորումներ, որոնք մի կողմից պաշտպանում են արտադրողներին ե՛ւ ԵՄ-ում, ե՛ւ Հայաստանում, իսկ մյուս կողմից բացում են նոր շուկաներ: Կարծում եմ՝ մենք իսկապես շարժվում ենք դեպի համագործակցության նոր ոլորտներ, օրինակ՝ դեպի ստեղծարար արդյունաբերություն: Դրանք շատ կարևոր են նաև ԵՄ-ում: Նախորդ շաբաթ մենք ստորագրեցինք «ԿԱՏԱՊՈՒԼՏ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի վերաբերյալ պայմանագիրը, որի շրջանակներում աջակցելու ենք Հայաստանում ստեղծարար արդյունաբերության ոլորտի զարգացմանը: Տեսնում եմ մեկ այլ բնագավառ ևս. տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող հայկական ընկերությունները ԵՄ շուկա մուտք գործելու հսկայական ներուժ ունեն: Այսպիսով,  կարծում եմ՝ համագործակցության ոլորտները շատ են, և դա դրական ազդեցություն կունենա երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների վրա:

- Ի՞նչ այլ կարևոր ոլորտներ կարող եք առանձնացնել CEPA-ի համաձայնագրից: Օրինակ՝ քաղաքական բարեփոխումներ, մարդու իրավունքներ, ժողովրդավարություն:

- ՀԸԳՀ-ն համագործակցության հնարավորություն է ստեղծում բոլոր ոլորտներում: Քանի որ Եվրոպական միությունը արժեքահեն կառույց է՝ մենք ամուր համագործակցություն ենք իրականացնում արդյունավետ կառավարման ոլորտում, այսինքն՝ Եվրամիությունը աջակցում է Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին, հատկապես՝ մեր համագործակցության համար առանցքային օրենքի գերակայության և մարդու իրավունքների ոլորտներում: Ներգրավված ենք Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի իրականացման աշխատանքներում, որը կավարտի այս տարեվերջին: Հուլիս ամսին քննարկում ծավալեցինք այս ոլորտում համագործակցության վերաբերյալ և անհամբերությամբ ակնկալում ենք համագործակցություն 2023-2025 թթ. գործողությունների ծրագրի շուրջ:

ԵՄ պատվիրակությունը համագործակցում է ոչ միայն համապատասխան պետական գերատեսչությունների, այլև, ինչպես արդեն նշել եմ, սերտորեն համագործակցում է քաղաքացիական հասարակության հետ: Աջակցում ենք մարդու իրավունքների դաշտում աշխատող ոչ-կառավարական կազմակերպություններին: Ծրագիր ենք իրականացնում նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ և սերտորեն համագործակցում ենք նրա հետ: ՀՀ ՄԻՊ-ի հետ մշտական կապի մեջ եմ՝ մտահոգիչ հարցերի շուրջ:

ՀԸԳՀ-ն Հայաստանի կողմից հռչակվել է որպես բարեփոխումների ուղեցույց: Ուստի  մենք ակտիվորեն ներգրավված ենք դատաիրավական, հակակոռուպցիոն և ոստիկանության ոլորտի բարեփոխումների գործընթացներում:  Պետական բյուջե է փոխանցվել դատաիրավական ոլորտի բարեփոխումների բյուջետային աջակցության ծրագրով նախատեսված հերթական տրանշը, որը կազմում է ավելի քան 8 մլն եվրո: Ինչո՞ւ է սա կարևոր: Սա արդարադատության համակարգում կատարված աշխատանքի որակի վկայությունն է: Եվրոպական կառույցների կողմից  որոշում է ընդունվել  շարունակելու համագործակցությունը արդարադատության ոլորտում, ինչը տեղի է ունենում միայն, եթե նախկին համագործակցությունը հաջող է գնահատվել: Ընդհանուր առմամբ Եվրամիության կողմից սահմանված է բյուջետային աջակցության հատկացման կանոնների և պայմանների շատ խիստ համակարգ: Վերոնշյալ փոխանցումը հավաստում է արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումների նկատմամբ մեր վստահության մասին: Իհարկե, ոչ ոք չի հերքում, որ կան խնդիրներ, և անհրաժեշտ է շարունակել  ջանքերը, բայց Հայաստանն իրականացնում է ստանձնած  բարեփոխումները: Ներկա պահին մենք նախապատրաստում ենք այս ոլորտում բյուջետային աջակցության նոր ծրագիր և հույս ունենք, որ այն կհաստատվի մինչև տարեվերջ:

Մի քանի շաբաթ առաջ ազդարարեցինք մի նոր Թվինինգ ծրագրի մեկնարկը:  Ծրագիրն  ուղղված է կոռուպցիայի դեմ պայքարին և իրականացվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Արդարադատության նախարարության և Գերմանիայից ու Լատվիայից հրավիրված փորձագետների հետ միասին: ԵՄ-ն և Հայաստանը համագործակցության շատ լայն շրջանակ են սահմանել և գործի են դնում  տարբեր գործիքակազմեր:

- Իսկ եթե ավելի լայն նայենք Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ կարելի է ասել, որ եվրոպական ուղղությունը կամ եվրոպական ինտեգրումը միշտ էլ եղել է նորանկախ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկը առնվազն վերջին 20 տարիներին կամ գուցե ավելի: Այս ընթացքում կողմերը կյանքի են կոչել բազմաթիվ նախագծեր, ծրագրեր, այդ թվում՝ ԵՄ հարևանության և ընդլայնման քաղաքականության, Արևելյան գործընկերության շրջանակներում: Այնպիսի երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, եվրոպական ինտեգրման այս երկար ճանապարհը վերջնական նպատակակետ ունի՞, թե՞ սա անընդհատ շարունակվող, չդադարող գործընթաց է:

- Դե, կարծում եմ՝ դա Հայաստանը պետք է որոշի: Հայաստանն է սահմանում մեր համագործակցության տեմպերը: 2013 թվականը հեշտ չէր Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար, բայց կարծում եմ՝ ՀԸԳՀ-ի միջոցով մենք ապահովել ենք հարաբերությունների շատ լավ հիմքը: Կա մեկ սկզբունք, որը կարևոր է Եվրոպական միության համար. «Մենք ցանկանում ենք խորացնել համագործակցությունը մեր Արևելյան գործընկերների հետ, բայց մենք դա կանենք ըստ յուրաքանչյուր երկրի ցանկության»:Այստեղից էլ բխում է  «ավելին՝ ավելի և քիչ՝ քչի դիմաց» սկզբունքը, ըստ որի՝ գործընկեր պետություններն իրենք են որոշում համագործակցության մակարդակը: Շատ կարևոր է ընդգծել, որ Եվրամիությունը չի փորձում մրցակցության մեջ մտնել միջազգային այլ գործընկերների հետ:

Կարծում եմ՝ կարևոր է ընդգծել վերջին տարիների մեր համագործակցության տեսանելի դրական արդյունքը: ՀԸԳՀ շրջանակային համաձայնագիրը ցույց է տալիս, որ մեզ հաջողվեց սերտ հարաբերություններ հաստատել, մինչդեռ Հայաստանը միաժամանակ անդամակցում է մեկ այլ ինտեգրացիոն կառույցի՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ): Ըստ իս՝ այս համաձայնագրի շնորհիվ մենք հնարավորություն ենք գտել կարգավորելու այս իրավիճակը և ընդառաջ գնալու Հայաստանի նկրտումներին: Հայաստանի կառավարությունը և ՀՀ քաղաքացիներն իրենք պիտի որոշեն, թե ինչ են ուզում:

Եթե ինձ հարցնեք՝ արդյոք տեղին է ավելի խորացնել Եվրոպական միության հետ կապերը, բնականաբար, ես միշտ էլ կողմ կլինեմ նման  որոշման, քանի որ ես հաստատակամ եվրոպացի եմ: Եվրամիությունը և իր անդամ պետությունները միասին և շատ ակտիվ աշխատում են «Team Europe/Եվրոպայի թիմ» նախաձեռնության շրջանակներում: Սա մեր՝ ԵՄ-ի և  անդամ պետությունների  ներգրավվածության և համագործակցության ոգու հստակ դրսևորումն է:  Եվ այն տվել է բավականին դրական արդյունքներ, մասնավորապես՝ ՔՈՎԻԴ-19-ի ընթացքում, ինչպես նաև պատերազմից հետո անդամ պետությունները միացան մեր նախաձեռնություններին՝ տրամադրելով օգնություն խոցելի խմբերին, հիմա էլ՝ Հայաստանի հետ համագործակցության հետագա ծրագրերին, մասնավորապես՝ «Եվրոպայի թիմ» նախաձեռնությունը Հայաստանի հարավում՝ Սյունիքում:

 

- Ընդհանրապես, մենք հաճախ ենք տարբեր քննարկումների և համաժողովների ընթացքում լսում հայտարարություններ եվրոպական ինտեգրումն ու Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու անհրաժեշտության մասին, մենք լսում ենք ելույթներ այն մասին, որ Եվրամիությունը որոշակի արժեքների վրա հիմնված կառույց է, որ կան եվրոպական ու համամարդկային արժեքներ, որոնք Եվրամիությունը առաջ է մղում: Այս տեսանկյունից շատ հետաքրքիր կլինի լսել Ձեր մեկնաբանությունը, թե առհասարակ ի՞նչ է իրենից ներկայացնում և ինչի՞ մասին է Եվրոպական միությունը: Օրինակ՝ 1) այն ավելի շատ առևտրատնտեսական գոտի է, հետևաբար՝ հիմնականում տնտեսական համագործակցության և բարեկեցության մասին է, 2) այն ավելի շատ քաղաքակրթական տարածություն է, հետևաբար՝ քաղաքակրթական ընտրության մասին է, թե՞ 3) ԵՄ-ն ավելի շատ աշխարհաքաղաքական բևեռ է, հետևաբար՝ եվրոպական ինտեգրումը աշխարհաքաղաքական ընտրություն է: Այլ խոսքերով՝ ինչի՞ մասին է եվրոպական ընտրությունը:

- Գիտեք, ես ծնվել եմ 1950-ականներին՝ այն ժամանակներում, երբ Եվրոպայում դեռ զգացվում էին Երկրորդ աշխարհամարտի ծանր հետևանքները: Ես գերմանացի եմ: Մեծացել եմ հավատարիմ այն համոզմունքին, որ պետք է կանխել, պետք է թույլ չտալ մեկ այլ պատերազմ, պետք է գնալ հաշտեցման: Ես հաստատակամ եվրոպացիների սերունդն եմ. Երկրորդ աշխարհամարտից հետո հաշտության նպատակով Ֆրանսիայի ու Գերմանիայի միջև ստորագրված Ելիսեյան համաձայնագրի սերունդն եմ։  Ուստի համոզված  եմ՝ Եվրամիությունը արժեքների միություն է: Սա է միավորել մեզ 1950-ականների պատմությունից մինչ այսօր՝ թույլ չտալով, որ համաշխարհային պատերազմը կրկնվի: Հենց այս համոզմունքից ելնելով են Եվրամիությունը և ԵՄ անդամ պետությունները աջակցում Ուկրաինային Ռուսաստանի ագրեսիայի դեմ:

Եվրամիությունը, բնականաբար, նաև տնտեսական միություն է: Այդուհանդերձ, Եվրամիության հիմքում այն փոխըմբռնումն է, որ միասին՝ մեր բոլոր գործընկերների հետ համատեղ ջանքերով, ձգտելու ենք ապահովել խաղաղությունն ու կայունությունը Եվրոպայում: Իսկ գլոբալ մարտահրավերներով պայմանավորված՝  Եվրամիության ներգրավվածությունն ու համագործակցությունը գնալով ամրապնդվում է: Մենք խորապես համոզված ենք, որ պետք է միասին աշխատել գլոբալ խնդիրների հաղթահարման ուղղությամբ, պետք է պաշտպանել մեր ընդհանուր սկզբունքներն ու արժեքները: ԵՄ-ը ձեռք է մեկնում այն երկրներին, որոնք կիսում են այս համոզմունքը և  ցանկություն ունեն մեզ հետ այս ուղղությամբ աշխատելու: Այս գաղափարն է մեր ռազմավարական հիմնական մոտեցման՝ «Global Gateway» («Համաշխարհային դարպաս») նախաձեռնության հիմքում, այն է՝ մենք իսկապես ցանկություն ունենք աշխատելու մեր գործընկերների հետ միասին նաև ենթակառուցվածքների և տնտեսական ներդրումների ոլորտներում՝ բոլորիս համար առաջընթաց ապահովելու նպատակով:

- Հայաստան-Եվրամիություն դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառումներ նախատեսվա՞ծ են կամ գուցե արդեն անցկացվե՞լ են:

- Մենք արդեն սկսել ենք տոնակատարությունները: Ամեն տարի մայիսի 9-ին մենք նշում  ենք  Եվրոպայի օրը, իսկ Հայաստանում այն տոնում ենք փոքր-ինչ ավելի ուշ:  Այս տարի  Երևանում  կազմակերպել ենք Եվրոպայի օրվան  և ԵՄ-ՀՀ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված մամուլի ասուլիս, տարբեր միջոցառումներ տարբեր հետաքրքրություններ ունեցող խմբերի համար: Միջոցառումներ ենք կազմակերպել նաև Գյումրիում, և ապա՝  Գորիսում: Առաջիկայում ևս կլինեն միջոցառումներ, որոնք տեղի կունենան աշնանը՝ կրկին նվիրված դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

- Կա՞ն արդյոք Եվրամիության կողմից Հայաստանում իրականացված կամ նախատեսված այնպիսի ծրագրեր կամ նախագծեր, որոնց մասին կցանկանայիք կիսվել մեզ հետ:

- Նախ և առաջ՝ Եվրամիությունը Հայաստանի խոշորագույն դոնորն է: Մենք համագործակցում ենք բազմաթիվ ոլորտներում: Ինչպես արդեն նշեցի՝ Եվրամիությունն աջակցում է Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին, ինչը նշանակում է, որ մենք ակտիվորեն ներգրավված ենք  արդարադատության, ոստիկանության և հակակոռուպցիոն բարեփոխումների դաշտում: ԵՄ-ն աջակցություն է տրամադրում բազմաթիվ ծրագրերի, որոնք նպաստում են տնտեսական զարգացմանը՝ ի շահ ՀՀ քաղաքացիների, մասնավորապես՝ մարզերում: Հայաստանը միայն Երևանով չի սահմանափակվում. կարևոր է զարգացնել նաև մարզերը: Արդեն մի քանի տարի է՝ մեր համագործակցության թիրախ ենք սահմանել երեք մարզերը՝ Լոռին, Շիրակը և Տավուշը, որտեղ իրագործվում են բազմաթիվ ծրագրեր, մասնավորապես՝ նորարարության, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտների զարգացման ուղղությամբ: ԵՄ-ն Ավստրիական զարգացման գործակալության հետ միասին ակտիվորեն աջակցում է «կանաչ» գյուղատնտեսության զարգացմանը:

Բերեմ մեկ այլ օրինակ. «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» (LEAD) ծրագրի շրջանակում  աջակցում ենք  մարզերի և հատկապես գյուղական համայնքների զարգացմանը՝ խթանելով տեղական իշխանությունների, գործարար համայնքի և քաղաքացիական հասարակության միջև համագործակցությունը, որի միջոցով՝  մշակվում են համայնքների զարգացման խթանմանը միտված համատեղ ծրագրեր՝ կրկին Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում:

2021 թ. ՀՀ  կառավարության խնդրանքով, մեր աջակցությունն ուղղել ենք դեպի հարավ՝ մի շարք ծրագրեր ենք  իրականացնում  Սյունիքում՝ մարզի բնակիչների սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստելու նպատակով:

Համագործակցության մեկ այլ ուղղություն է Կանաչ գործարքը (Green Deal): Կանաչ գործարքը Եվրոպական միության համար  դարձել է «մանտրա», քանի որ մենք հասկացանք, որ կարող ենք պայքարել կլիմայի փոփոխության դեմ և ապահովել տնտեսության կայուն զարգացումը, եթե հոգ տանենք էկոլոգիայի մասին և աջակցենք «կանաչ» ձեռնարկություններին:

Հայաստան-Եվրամիություն համագործակցության կարևոր ոլորտներից է էներգաարդյունավետությունը: ԵՄ անդամ պետությունների և Եվրոպական ներդրումային բանկի հետ միասին մենք վերանորոգում ենք Երևանի մանկապարտեզները՝ դրանք սեյսմակայուն և էներգաարդյունավետ դարձնելու նպատակով: Մյուս կարևոր ծրագիրը «ԵՄ-ն՝ Սևանի համար» (EU4Sevan) նախագիծն է, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության՝ GIZ-ի կողմից:

Մեր համագործակցության կարևոր տարրերից է աջակցությունը քաղաքացիական հասարակությանը: Հայաստանում մենք ֆինանսավորում ենք մարդու իրավունքների, խոցելի խմբերի պաշտպանության, անկախ մեդիայի ոլորտներում գործունեություն ծավալող քաղհասարակության կազմակերպություններին:

Համագործակցության մյուս խոշոր ուղղությունը կրթության ոլորտն է: ԵՄ-ն աջակցում է ՀՀ ԿԳՄՍՆ-ին կրթության ռազմավարության հարցում, և հույս ունենք, որ կրթության ոլորտի ռազմավարությունը ՀՀ Ազգային ժողովի կողմից հաստատվելուն պես կմեկնարկենք կրթությանն ուղղված նոր խոշոր բյուջետային աջակցության ծրագիր:

Մշակույթի ոլորտում մենք համագործակցում ենք «Ստեղծարար Եվրոպա»-ի հետ՝ նախաձեռնելով մշակութային նախագծեր Հայաստանում: ԵՄ-ն կրթաթոշակներ է առաջարկում ուսանողներին «Էրազմուս պլյուս» ծրագրի շրջանակներում:

- ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեին նախորդ տարի, երբ Երևանում էր, լայնորեն քննարկված հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով, որ Եվրամիությունը կարող է շուրջ 2,6 միլիարդ եվրո մոբիլիզացնել Հայաստանում տնտեսական աճ ապահովելուն և աշխատատեղերի ավելացմանն ուղղված առաջնահերթ ծրագրերի իրականացման համար: Վստահ եմ, որ Ձեզ շատ են հարցրել այս հայտարարության մասին, բայց օգտվելով առիթից՝ կուզեի խնդրել, որ ևս մեկ անգամ մեկնաբանեք այն: Նկատի ունեմ՝ մարդիկ զարմանում են, թե կոպիտ ասած՝ «ինչո՞ւ պետք է նրանք այդքան մեծ գումար տան մեզ»: Այլ խոսքերով՝ ո՞րն է Հայաստանին այդպիսի մեծ օժանդակություն հատկացնելու պատճառը կամ շարժառիթը:

- Թույլ տվեք մեկ անգամ ևս բացատրել Տնտեսական ներդրումային պլանի կառուցվածքը: Տնտեսական և ներդրումային պլանը, որը հասանելի է Արևելյան գործընկերության բոլոր երկրներին, միտված է օգտագործել մասնավոր և պետական ներդրումները՝ հետհամավարակային սոցիալ-տնտեսական վերականգնումը խթանելու, արժանավայել աշխատատեղեր ստեղծելու, նորարարությունը խրախուսելու և անցումը դեպի «կանաչ» ու թվային տնտեսություն արագացնելու համար: Հարկ է ընդգծել, որ նշված 2,6 միլիարդ եվրոն ոչ թե Եվրամիության կողմից հատկացվելիք դրամաշնորհային ֆինանսավորման փաթեթ է, այլ հնարավոր այն ներդրումների ընդհանուր ծավալն է, որոնք կարող են մոբիլիզացվել երկրում՝ որպես Արևելյան գործընկերության՝ 2021 թ. դեկտեմբերին տեղի ունեցած գագաթնաժողովում Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների ղեկավարների կողմից հաստատված Տնտեսական ներդրումային պլանի մի մաս:

Ինչ վերաբերում է Տնտեսական ներդրումային պլանով նախատեսված բոլոր ներդրումներին՝ այդ հնարավոր ներդրումների հիմնական մասը գալու է միջազգային ֆինանսական հաստատությունների  և մասնավոր սեկտորի ներդրումների միջոցով: Ներկայումս մենք Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի հետ միասին օգտագործում ենք նաև այլ ֆինանսական գործիքներ՝ ինչպիսիք են երաշխիքները կամ խառնուրդ ֆոնդերը, որպեսզի ավելի խոշոր ներդրումներ ապահովենք այստեղ՝ Հայաստանում: Այժմ մենք ակտիվորեն աշխատում ենք մի շարք  ուղենշային նախաձեռնությունների մշակման  ուղղությամբ: Դրանցից մեկը միտված է փոքր ու միջին ձեռնարկությունների աջակցությանը:

ԵՄ-ն քննարկում է բանկերի հետ, թե ինչպես կարող ենք օգնել Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցմանը: ԵՄ-ն և ՎԶԵԲ-ը արդեն աջակցել են այս մեծ նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքների իրականացմանը: Հաջորդիվ կունենանք հավելյալ խոշոր ծրագրեր Սյունիքում: Դրանցից մեկի շրջանակում, որը մշակման գրեթե վերջնական փուլում է, Եվրոպական ներդրումային բանկի հետ համատեղ կաջակցենք «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF-ՔՈԱՖ) երկու կենտրոններին՝ Սյունիքում: Մենք դա համատեղում ենք ԵՄ-ի «Թիմ Եվրոպա» նախաձեռնության հետ՝ փոքր ու միջին ընկերությունների, սոցիալական պաշտպանության և Սյունիքում իրականացվող տարբեր ծրագրերի համար ավելին անելու նպատակով:

Մյուս ուղենիշը «Կանաչ Երևան» նախաձեռնությունն է: 2021 թ. վերջին ստորագրված առաջին պայմանագրով Երևանին կտրամադրվեն «կանաչ» ավտոբուսներ: Գնման գործընթացն անցել է ամփոփիչ  փուլ:  Բացի այդ՝ միասին աշխատում ենք Երևանում թափոնների կառավարման ոլորտում:

- Հաջորդ հարցն ավելի քաղաքական կամ նույնիսկ ներքաղաքական բնույթ ունի: Հայաստանի քաղաքական ընդդիմությունը քննադատում է Ձեզ և Եվրամիության քաղաքական մոտեցումները Հայաստանում՝ ասելով, որ Դուք քաղաքականապես ակնհայտորեն աջակցում եք գործող կառավարությանը: Այլ խոսքերով՝ երբ ասում եք, որ Հայաստանի ժողովուրդը կամ բնակչության մեծ մասը 2018 թ. թավշյա հեղափոխության կամ 2018 և 2021 թթ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրել է ժողովրդավարության կամ ժողովրդավարական զարգացման ուղին, ընդդիմադիր գործիչները հակադարձում են՝ ասելով, որ այդ փոփոխություններն իրականում ոչ թե ժողովրդավարության և ժողովրդավարական բարեփոխումների կամ ավելի լավ կյանք ընտրելու, այլ ավելի խորքային աշխարհաքաղաքական, տարածաշրջանային փոփոխությունների մասին էին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հարցի և 2020 թ. 44-օրյա պատերազմի հետ: Ինչպե՞ս եք վերաբերվում նման քննադատությանը և ինչպե՞ս կմեկնաբանեք նշված տեսակետը:

- Յուրաքանչյուր ոք ազատ է արտահայտելու իր կարծիքը: 2018-ին ես դեռ այստեղ չէի, բայց գիտեմ, որ մարդիկ դուրս էին եկել փողոց, քանի որ փոփոխության էին ձգտում: Նրանք ժողովրդավարություն հաստատելու և կոռուպցիայի դեմ պայքարելու իրենց ցանկությունն էին արտահայտում:

Չեմ կարծում, թե կոնկրետ զարգացումներ կախված են Եվրամիության հետ ավելի սերտ համագործակցությունից: Մենք շատ լավ կանխատեսումներ ունեինք, երբ ես Հայաստան եկա 2019 թվականին: Տնտեսությունն ու տուրիզմը մեծ վերելք էին ապրում, և գործերն իսկապես ճիշտ ուղղությամբ էին ընթանում: Բայց շուտով մենք առերեսվեցինք ՔՈՎԻԴ-19-ի համավարակին, իսկ հետո՝ պատերազմին:

Ես ի գիտություն եմ ընդունում քննադատությունը: Այդուհանդերձ, կարծում եմ, որ հարկավոր է կոնֆլիկտի կառուցողական լուծում գտնել: Հայաստանի կառավարության և քաղաքացիական հասարակության խնդիրն է վերլուծել, թե ինչպես զարգացան իրադարձությունները և ինչպես են իրենք գնահատում դրանք: Ես տեղյակ եմ, որ Ազգային ժողովում քննություն է ընթանում պատերազմի դեպքերի վերաբերյալ, և կարծում եմ, որ պետք է քննարկել դրա արդյունքները և հետո քննարկում ծավալել հայ հասարակության ներսում:

Համոզված եմ, որ Եվրամիության և Հայաստանի համագործակցությունը բխել է երկու կողմի շահերից: Եվ ես կրկնում եմ իմ միտքը. Եվրոպական միության հետ համագործակցությունը երբեք ուղղված չէ երրորդ կողմի դեմ, և ԵՄ-ն Հայաստանին ընտրության առաջ չի կանգնեցնում:

- Նկատի ունեք՝ արտաքին քաղաքականության առումով Եվրամիության հետ հարաբերությունները չեն հակասում միջազգային այլ գործընկերների հետ հարաբերություններին:

- Այո՛, չեն հակասում: Եվ սա նաև Արևելյան գործընկերության փիլիսոփայությունն է: Այնտեղ մենք ունենք հստակ ցուցում, որ յուրաքանչյուր գործընկեր ինքն է, ըստ իր ցանկության, ընտրում ինտեգրման մակարդակը և գործընթացի տեմպերը:

 

- Տիկի՛ն դեսպան, ի՞նչ հեռանկարներ եք տեսնում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման համար՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի տևական և համապարփակ հանգուցալուծումը և ավելի լայն առումով՝ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը՝ նկատի ունենալով պատերազմից հետո Ռուսաստանի, հետո նաև Եվրամիության ղեկավարության միջնորդությամբ տեղի ունեցած բանակցությունները հումանիտար խնդիրների, տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի և այլ հարցերի շուրջ:

- Նախ և առաջ, Եվրամիությունը շահագրգռված է կողմերի հաշտեցմամբ և հիմնախնդրի կայուն լուծմամբ: Մենք ցավում ենք տեղի ունեցած յուրաքանչյուր միջադեպի համար: Անհրաժեշտ է ապահովել համապատասխան միջավայր, որը կերաշխավորի առաջընթաց Ձեր նշած մի քանի հարցերում: Այս համատեքստում պետք է ասեմ, որ հարկավոր է ավելին անել մնացած գերիներին վերադարձնելու, ականազերծման ոլորտում, ինչպես և անհայտ կորածների որոնման մեջ առաջընթացի հասնելու համար: Իսկապես, մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերը և կողմ ենք հակամարտության հետ կապված բոլոր խնդիրների համապարփակ կարգավորմանը: Եվրամիությունը վճռականորեն աջակցում է սահմանային խնդիրների, տարածաշրջանում հաղորդակցության կապերի ապաշրջափակման, խաղաղության պայմանագրի շուրջ ընթացիկ և ապագա բանակցություններին և հաշտեցման ջանքերին: 2020 թ. պատերազմի ավարտից ի վեր մենք ներգրավված ենք գործընթացին ամենաբարձր մակարդակով՝ հանձին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ի հավելումն առկա այլ ջանքերի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու նպատակով: Մեր նպատակն է տեսնել հաջողություններ բոլոր այս ոլորտներում:

- Առանցքային հարցերից մեկն այսպիսի դեպքերում դիվանագիտական բանակցությունների ձևաչափն է՝ խնդրի քաղաքական լուծմանը հասնելու նպատակով: Եթե մինչև 2020 թ. պատերազմը բավական հստակ էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հովանու ներքո, որոնք ընդհանուր առմամբ կառուցողականորեն համագործակցում էին Մինսկի խմբի շրջանակում, ապա այժմ իրավիճակն ավելի անորոշ է. Մոսկվան վերջին ամիսներին պնդում է, որ արևմտյան գործընկերները հրաժարվել են աշխատել Ռուսաստանի հետ Մինսկի խմբում, սակայն Ֆրանսիան և Միացյալ Նահանգները պաշտոնապես հայտարարում են, որ իրենք պատրաստ են շարունակել աշխատանքը, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ: Այս լույսի ներքո շատ ուշագրավ են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գործադրած ակտիվ դիվանագիտական ջանքերը: Նրա միջնորդությամբ արդեն երեք-չորս հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև: Շառլ Միշելի միջնորդությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի տրամաբանության մե՞ջ է, թե՞ ինչ-որ առումով առանձին կամ զուգահեռ նախաձեռնություն է:

- Եվրամիության դիրքորոշումը շատ հստակ է եղել մինչև պատերազմը և նաև պատերազմի ընթացքում, որ մենք լիովին աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո գործընթացի առաջմղմանը: Գործընթացն, իրոք, առաջնորդում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այո՛, դուք իրավացի  եք՝ Եվրոպական միությունն այժմ ավելի ակտիվ դիրք է ստանձնել և տեսանելի դեր է խաղում հնարավոր ամենաբարձր մակարդակով՝ ի դեմս նախագահ Միշելի, ինչպես նաև Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի կանոնավոր խորհրդակցությունների և այցերի միջոցով: Նա կրկին այստեղ էր հուլիսի 13-ին և 14-ին: Այնպես որ, մենք մշտական կապի մեջ ենք, նախագահ Միշելը անձամբ է ներգրավված:

Այս ջանքերը ոչ մի կերպ մրցակցության նպատակ չունեն կամ ուղղված չեն այլ դերակատարների դեմ. պետք է ընդգծեմ սա, քանի որ շատ են շահարկումներն այս հարցի շուրջ: Մենք պետք է խոսենք փոխլրացման, ոչ թե մրցակցության մասին:

Երեք եռակողմ հանդիպումները՝ 2021 թ. դեկտեմբերին, 2022 թ. ապրիլին և մայիսին Բրյուսելում, նպատակ ունեին աջակցելու կայուն հանգուցալուծմանը: Միևնույն ժամանակ, ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նախաձեռնեց բարձր մակարդակի հանդիպումներ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի միջև: Այս բարձր մակարդակի միջնորդությունները, շփումների որակը այն ավանդն է, որ մենք կարող ենք ունենալ այս գործում, և Եվրամիությունն իսկապես հանձնառու է շարունակելու մեր ջանքերն այս ձևաչափերում: Բնականաբար, մենք լսում ենք երկու երկրների ցանկությունները: Բայց կրկնում եմ՝ սա մրցակցություն չէ, սա փոխլրացում է այլ ջանքերի միջոցով: Մենք ողջունում ենք նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ուղիղ շփումը, որ տեղի ունեցավ հուլիսի 16-ին Թբիլիսիում: ԵՄ-ն ողջունում է ուղիղ կապը, որ հաստատվել է երկու արտգործնախարարների միջև: Կարծում եմ՝ բոլոր այս տարրերը միավորվում են, և ջանքեր են գործադրվում երկու երկրների միջև կայուն լուծում գտնելու նպատակով:

- Եվ վերջին հարցը. տեսնո՞ւմ եք արդյոք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման իրական հնարավորություններ՝ նկատի ունենալով հատուկ ներկայացուցիչների մակարդակով սկսված դիվանագիտական երկխոսությունը: Ո՞րն է Եվրամիության դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ՝ հատկապես հայ-թուրքական սահմանի բացման հնարավորության առումով:

- Եվրամիությունը միշտ ակտիվորեն աջակցում է հարաբերությունների նորմալացման գործընթացներին: Հրապարակային հայտարարություններ են եղել՝ ընդգծելով, որ մենք աջակցում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ քննարկումների նախաձեռնությանը: Հույս ունենք, որ սա կտանի դեպի կարգավորում: Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հեռախոսազրույցը կարևոր քայլ էր առաջ: Եվրամիությունը տարիներ շարունակ ակտիվ է եղել և աջակցել է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը: Մենք ուզում ենք առաջընթաց տեսնել, քանի որ կարծում ենք, որ դա շահավետ է ժողովուրդների համար և նոր հնարավորություններ կբացի:

 

Հարցազրույցը վարեց Արամ Սարգսյանը

Լուսանկարիչ՝ Հայկ Բադալյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]