Քաղաքականություն

ԵԱՀԿ-ն ծայրաստիճան մտահոգված է զինված միջադեպերի և զոհերի կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ-ն ծայրաստիճան մտահոգված է զինված միջադեպերի և զոհերի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Լեհաստանի նախագահությունը «ծայրաստիճան մտահոգված է Հարավային Կովկասում զինված միջադեպերի և զոհերի մասին» հաղորդագրությունների կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունը այդ մասին հայտարարել է Թվիթերի իր պաշտոնական էջում:

«Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապաէսկալացում հաստատելու և երկխոսությունը վերսկսելու համար: Մենք առաջվա պես հանձնառու ենք աջակցելու բոլոր ջանքերին, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը», - նշված է լեհական նախագահության հայտարարության մեջ:

Լարվածությունը Լեռնային Ղարաբաղի գոտում սկսվել էր օգոստոսի 1-ից, երբ ըստ Արցախի Պաշտպանության բանակի՝ ադրբեջանական ստորաբաժանումները առավոտյան 09:00-ից սկսած սադրանքի էին դիմել Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում՝ փորձելով հատել շփման գիծը: Ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Բախշիյանը: Ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունները շարունակվել էին նաև հետագա օրերին: Օգոստոսի 3-ին, ժամը 15-ի սահմաններում, ադրբեջանական ստորաբաժանումները նոր հարձակում էին ձեռնարկել շփման գծի հյուսիս-արևմտյան ուղղությամբ՝ կիրառելով հարվածային անօդաչու սարքեր, ինչի հետևանքով զոհվել էր Արցախի Պաշտպանության բանակի երկու զինծառայող, ևս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ էր ստացել:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտել էր Ադրբեջանի կողմից ագրեսիվ գործողությունների նոր ալիքը և կոչ էր արել միջազգային հանրությանը հասցեական որակավորում տալ Ադրբեջանի գործողություններին և կիրառել համապատասխան քայլեր՝ սանձելու պաշտոնական Բաքվի ապակառուցողական քաղաքականությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում