Քրեակատարողական հիմնարկում գտնվող Վահագն Վերմիշյանը հրաժարվել է առաջարկվող բուժօգնությունից. Արդարադատության նախարարություն
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ պարզաբանել է, որ Վահագն Վերմիշյանը հրաժարվել է առաջարկվող բուժօգնությունից:
««Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահագն Վերմիշյանի փաստաբանը հուլիսի 25-ին սոցիալական ցանցի իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ քրեակատարողական հիմնարկի բժիշկները հրաժարվել են շտապ օգնություն կանչելուց և Վահագն Վերմիշյանին բժշկական կենտրոն տեղափոխելուց: Կալանավորված անձ Վահագն Վերմիշյանի համար շտապ օգնություն կանչելու և բժշկական կենտրոն տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել:
Տեղեկացնում ենք, որ Վահագն Վերմիշյանի փաստաբանը նույն օրը ժամը 19:00-ի սահմաններում այցելել է քրեակատարողական հիմնարկ և պահանջել շտապ օգնություն կանչել, ինչին ի պատասխան` հիմնարկի աշխատակիցները հայտնել են, որ հիմնարկում բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնող ստորաբաժանումը կարող է ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն, որից հետո միայն, անհրաժեշտության դեպքում կհրավիրի շտապ օգնության բրիգադ:
Վ. Վերմիրշյանը մինչ փաստաբանի այցը առողջական վիճակի վերաբերյալ որևէ գանգատ չի ներկայացրել, միայն փաստաբանի ժամանելուց հետո` ժամը 19:30-ի սահմաններում, վերջինս գլխապտույտ, սրտխառնոց գանգատով դիմել է ստորաբաժանման հերթապահ բուժքրոջը: Բուժանձնակազմի կողմից իրականացվել է Վ.Վերմիշյանի զննություն: Օբյեկտիվ զննության արդյունքում արձանագրվել է զարկերակային ճնշում -130/80, պուլս-80 զարկ/րոպե, ինքնազգացողությունը եղել է բավարար: Բուժքրոջ կողմից առաջարկվել է դեղորայքային միջամտություն՝ կապված ներկայացրած գանգատների հետ, որից ազատազրկված անձը հրաժարվել է՝ պահանջելով կանչել շտապ օգնության բրիգադ, որի կարիքը չի եղել:
Նույն օրը ժամը 20:35-ի սահմաններում, Վ.Վերմիշյանը կրկին գանգատով դիմել է բուժանձնակազմին, սակայն կրկին հրաժարվել է առաջարկված բժշկական օգնությունից՝ կրկին պահանջելով կանչել շտապ օգնության բրիգադ: Վ.Վերմիշյանը հրաժարվել է բուժքրոջ օբյեկտիվ զննությունից /Զ/Ճ չափում/, հրաժարվել է դուրս գալ խցից՝ բուժօգնություն ստանալու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ: Մեկտեղ, նախարարությունից հայտնում են, որ վերոգրյալի մասին կազմվել է համապատասխան արձանագրություն:
Նույն օրը Ժամը 21:30-ի սահմաններում Վ. Վերմիշյանն ընդունել է փաստաբանին, հանդիպումն ավարտվել է ժամը 22:05-ի սահմաններում:
Ժամը 23:30-ի սահմաններում հերթապահ բուժքրոջ կողմից իրականացվել է գիշերային ստուգայց, որի ընթացքում Վ.Վերմիշյանը գանգատներ չի նշել, ասել է, որ իրեն լավ է զգում, ոչ մի բանի կարիք չունի։