Քաղաքականություն

Երևանում Եվրախորհրդարանի պատվիրակության հետ քննարկվել են տարածաշրջանային արդի զարգացումները

3 րոպեի ընթերցում

Երևանում Եվրախորհրդարանի պատվիրակության հետ քննարկվել են տարածաշրջանային արդի զարգացումները

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Տարածաշրջանային այցով Հայաստանում է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությունը: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ՀՀ Ազգային ժողովում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտնեց, որ հուլիսի 22-ին Դեյվիդ Մքալիսթերը Երևանում հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ԱԺ փոխխոսնակի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ:

Աղաջանյանի խոսքով՝ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև Ազգային ժողովում ներկայացված բոլոր երեք քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

«Հանդիպումների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային արդի խնդիրները, մասնավորապես՝ տարածաշրջանային զարգացումները հետպատերազմյան ժամանակահատվածում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների, հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում, այդ գործընթացներին զուգորդող խնդիրները և դրանց հնարավոր լուծումները: Արձանագրվել է նաև Եվրոպական խորհրդարանի դրական գործունեությունը և ազդեցությունը տվյալ գործընթացների վրա, մասնավորապես՝ նշվել և առանձնացվել են կոնկրետ հայտարարություններ և բանաձևեր, որոնք առնչվում են հայկական մշակութային ժառանգությանը Լեռնային Ղարաբաղում, ռազմագերին առնչվող հայտարարությանը Եվրախորհրդարանի կողմից, և հայկական կողմը արձանագրել է դրանք և շնորհակալ է մեր գործընկերներից այս սկզբունքային և օբյեկտիվ դիրքորոշման համար», - հաղորդեց Էդուարդ Աղաջանյանը:

Ընդունելով Եվրախորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել էր Եվրամիության խորհրդարանի հետ սերտ համագործակցությունը և նշել, որ Եվրոպական միությունը հանդիսանում է Հայաստանի ժողովրդավարական օրակարգի արդյունավետ իրականացման կարևորագույն գործընկերներից մեկը: Զրուցակիցներն անդրադարձել էին Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հնարավորություններին: Վարչապետ Փաշինյանը մանրամասն ներկայացրել էր հայկական կողմի դիրքորոշումները վերոնշյալ ուղղությամբ և պատասխանել ԵԽ պատվիրակության հարցերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում