ԳԱՎԱՌ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գավառի համայնքապետարանի տրամադրած միջոցներով հողային հարթեցմամբ նորոգվել է Սուրբ Խաչ եկեղեցի տանող ճանապարհը, որը գտնվում է քաղաքից 11 կիլոմետր հեռավորության, ծովի մակարդակից 2480 մետր բարձրության վրա։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Սուրբ Խաչ եկեղեցին համարվում է Գավառի տարածքի բնակիչների գլխավոր սրբավայրերից եւ ուխտատեղիներից մեկը, որտեղ ուխտագնացության են գալիս նաեւ աշխարհի տարբեր մասերից։ Քիչ չէ նաեւ զբոսաշրջիկների հոսքը, ուստի շատ է կարեւորվում ճանապարհի նորոգումը եւ անցանելիության ապահովումը լեռնային ոչ հեշտ տեղանքում։ Շինարարական աշխատանքները մեկնարկել եւ ավարտվել են հուլիս ամսվա ընթացքում։ «Միաժամանակ հողային հարթեցմամբ նորոգվել են Միքայելյան փողոցը՝ 1500 մետր երկարությամբ եւ Թթուջուր տանող ճանապարհը՝ 600 մետր երկարությամբ։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Քյավառ-Սերվիս» ՍՊԸ-ն։ Համայնքապետարանի կողմից տրամադրված միջոցներով շարունակվում են քաղաքի եւ համայնքի վարչական կազմում ընդգրկված երկրորդական նշանակության եւ ոչ ասֆալտապատ փողոցների բարեկարգման եւ նորոգման աշխատանքները»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակամից։
Խոսրով Խլղաթյան