Հայ աշակերտները Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայից վերադարձել են 3 բրոնզե մեդալով
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 10-17-ն առցանց ձևաչափով տեղի ունեցած Ֆիզիկայի 52-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմում ընդգրկված էր 5 աշակերտ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, նրանցից 3-ը նվաճել են բրոնզե մեդալներ, երկուսն արժանացել են գովասանագրերի:
Ֆիզիկայի 52-րդ միջազգային օլիմպիադային մասնակցել են 79 երկրների ավելի քան 300 աշակերտներ: Հայաստանյան թիմից բրոնզե մեդալների են արժանացել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արտաշես Մկրտչյանը, Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Մարիա Առաքելյանը և Արեգ Բարսեղյանը: ՀԱՊՀ-ի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հովսեփ Կարապետյանը և Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Վյաչեսլավ Պետրոսյանը ստացել են գովասանագիր։
Թիմը ղեկավարել են Գագիկ Գրիգորյանը («ԱՅԲ» դպրոց, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց) և Բիլոր Կուրղինյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց)։
Օլիմպիադան անցկացվել է երկու` փորձնական և տեսական փուլերով, առցանց մասնակցությունն ապահովել է Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը։ Ֆիզիկայի 52-րդ միջազգային օլիմպիադայի (պաշտոնական կայքը՝ ipho2022.com ) կազմակերպիչ երկիրը Շվեյցարիան է:
«Ֆիզիկա» առարկայի նախորդ՝ 51-րդ միջազգային օլիմպիադայում, որը նույնպես անցկացվել էր առցանց ձևաչափով, Հայաստանի թիմն արժանացել էր 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալների։