Հասարակական

Հայաստանում բարեփոխում են փախստականների և ապաստանի համակարգը, Եվրամիությունը վճռականորեն աջակցում է

7 րոպեի ընթերցում

Հայաստանում բարեփոխում են փախստականների և ապաստանի համակարգը, Եվրամիությունը վճռականորեն աջակցում է

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ինչպես աշխարհի շատ երկրներ՝ Հայաստանը նույնպես միջազգային պաշտպանություն հայցող անձանց հետ կապված խնդիրներ է ունենում: Տարեկան միջին հաշվով մոտ 220 մարդ ապաստան է հայցում Հայաստանի Հանրապետությունից, և քանի որ Հայաստանը միշտ ընդունել է մարդու իրավունքների գերակայությունը՝ պետության խնդիրն է պատշաճ ու միջազգայնորեն ընդունված չափանիշներին համապատասխան լուծումներ տալ ՀՀ-ում դժվարին կացության մեջ հայտնված այնպիսի մարդկանց հարցերին՝ ինչպիսիք փախստականներն ու միգրանտներն են: Հենց այս նպատակով էլ Հայաստանի պետական գերատեսչությունները ՄԱԿ-ի գործակալության և Եվրամիության աջակցությամբ նախաձեռնել են փախստականների և ապաստանի համակարգի բարեփոխումներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հուլիսի 15-ին Երևանում մեկնարկեց ՀՀ միգրացիոն ծառայության և ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի հանդիպումը միջազգային պաշտպանության մասին օրենսդրության համապարփակ բարեփոխումների շահագրգիռ կառույցների հետ:

Հանդիպմանը մասնակցում էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարը, Միգրացիոն ծառայության պետը, Արդարադատության փոխնախարարը, Մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը, ՄԱԿ փախստականների գերագույն հանձնակատարի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատարը, ինչպես նաև՝ դատական համակարգի, պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, կրթական և գիտական հաստատությունների և քաղհասարակության ներկայացուցիչները:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը հայտնեց, որ ոլորտի բարեփոխումներն իրականացվելու են 2022 թ. փետրվարին մեկնարկած երկամյա ծրագրի շրջանակում, որն էլ իր հերթին համահունչ է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ CEPA-ի շրջանակներում իրականացվող բարեփոխումների օրակարգին և ուղղված է փախստականների և միգրանտների կեցության և իրավունքների ապահովման համակարգի ձևավորմանը: Տերտերյանի խոսքով՝ սա քաղաքական կարևոր մարտահրավեր է Հայաստանի համար, քանի որ Հայաստանը միշտ հակված է եղել և ընդունել է մարդու իրավունքների գերակայությունը:

«Սա իսկապես շատ կարևոր մեկնարկ է: Կարծում եմ, որ տրամաբանական է մեր իրավակարգավորումները փորձարկելուց և իրական կյանքում աշխատելուց հետո, ժամանակ առ ժամանակ անդրադարձ կատարել իրավիճակին, վերլուծել ուժեղ և թույլ կողմերը և կախված մեր երկրի տնտեսական, քաղաքական, հասարակական կազմակերպվածության և զարգացման հերթական հանգրվանից՝ նաև բարեփոխումներ և շտկումներ կատարել այնպիսի կարևոր մի ոլորտի կարգավորումներում, ինչպիսին փախստականների և միգրանտների ապաստանի ու դրա հետ առնչվող հարցերի կարգավորումներն են Հայաստանում», - նշեց փոխնախարարը:

Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ միգրացիայի և միգրացիոն կառավարման ոլորտում առաջնայինը ինստիտուցիոնալ, պատշաճ փոփոխությունների նախատեսումն է՝ ի դեմս նոր ստեղծվող Ներքին գործերի նախարարության, որը կգա օգնելու լուծել բոլոր այն խնդիրները, որոնք առկա են միգրացիոն ոլորտում և փախստականների ու ապաստան հայցողների բնագավառում:

«Այն խնդիրները, որոնք մենք ունեինք տարբեր գերատեսչությունների շրջանակներում գեներացված տարբեր գործառույթները հորիզոնական մակարդակում իրականացնելու տեսանկյունից, արդեն կլուծվեն Ներքին գործերի նախարարության շրջանակներում», - հավելեց պաշտոնյան:

Փոխնախարարը նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ ՏԿԵ նախարարությանը և ՄԱԿ-ի Փախստականների գործակալությանը՝ կարևոր միջոցառման կազմակերպման համար և միջազգային գործընկերներին՝ միգրացիոն կառավարմանը վերաբերող հարցերը և հատկապես փախստականներին և ապաստան հայցողներին վերաբերող խնդիրները բարձր հոգածության ներքո պահելու համար:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ևս կարևորեց հանդիպումը՝ ընդգծելով, որ Եվրոպական միությունը վճռականորեն աջակցում է միգրացիոն համակարգն ամրապնդելու Հայաստանի կառավարության նախաձեռնությանը: Դեսպանը հիշեցրեց, որ նշված ոլորտի բարեփոխումները համահունչ են 2017 թ. Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված և նախորդ տարի ուժի մեջ մտած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում կողմերի ստանձնած պարտավորություններին:

Իր հերթին ՄԱԿ ՓԳՀ-ի միջազգային պաշտպանության բաժնի ղեկավար Անդրեյ Արյուպինը ընդգծեց ՄԱԿ ՓԳՀ-ի հանձնառությունը աջակցելու կառավարության ջանքերին՝ ուղղված ընթացիկ օրենսդրական բարեփոխումների իրականացմանը՝ համապարփակ և ներառական քաղաքականության մշակման մոտեցումների կիրառմամբ: «ՄԱԿ ՓԳՀ-ն պատրաստակամ է փորձագիտական աջակցություն տրամադրել մեր պետական գործընկերներին միջազգային պաշտպանության օրենսդրական բարեփոխումների համապարփակ փաթեթի պատրաստման հարցում՝ այն միջազգային չափանիշներին առավել համապատասխանացնելու նպատակով», - նշեց նա։

Հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության և Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության հետ համատեղ՝ «Միգրացիայի կառավարման կարողությունների հզորացում՝ ի աջակցության կառավարության՝ CEPA-ին համահունչ բարեփոխումների օրակարգի» երկամյա ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրամիության կողմից համաֆինանսավորմամբ՝ Միգրացիայի միջազգային կազմակերպության և ՄԱԿ փախստականների գերագույն հանձնակատարի կողմից՝ Միգրացիոն ծառայությանը աջակցելու և նրա հետ համագործակցելու միջոցով: Հանդիպումը հնարավորություն է տալու մասնակիցներին քննարկելու միջազգային պաշտպանությանն առնչվող ազգային օրենսդրության համապարփակ վերանայման հիմնական ուղղությունները և պետական մարմինները, հ/կ-ները և միջազգային շահագրգիռ կառույցները ներկայացնող փորձագետների միջգերատեսչական աշխատանքային խմբի ստեղծումը՝ ապահովելու ներառական և արդարացի խորհրդակցական գործընթացը՝ ուղղված օրենսդրական բարեփոխումների համապարփակ փաթեթի զարգացմանը՝ հօգուտ Հայաստանում միջազգային պաշտպանություն հայցող անձանց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում