Հասարակական

Ոռոգման ջրի խնդիրը լուծելու պահանջով Ղարիբջանյանի և Գետքի բնակիչները ճանապարհ էին փակել

2 րոպեի ընթերցում

Ոռոգման ջրի խնդիրը լուծելու պահանջով Ղարիբջանյանի և Գետքի բնակիչները ճանապարհ էին փակել

ԳՅՈՒՄՐԻ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոռոգման ջրի խնդրի լուծման պահանջով հուլիսի 15-ին, Շիրակի մարզի Ղարիբջանյան և Գետք բնակավայրերի բնակիչները փակել էին Գյումրի-Արմավիր ճանապարհի՝ Ղարիբջանյանի հատվածը:

Որոշ ժամանակ ճանապարհը փակ պահելուց հետո երկու գյուղերի բնակիչները Ղարիբջանյանի վարչական կենտրոնում հարցը քննարկեցին Շիրակի մարզպետարանի, «Շիրակ»ՋՕԸ և Ախուրյան խոշորացված համայնքի պատասխանատուների հետ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը նշեց, որ վերջին օրերին արձանագրված շոգ եղանակով պայմանավորված խնդիրն ավելի է սրվել: «Ղարիբջանյանն ամբողջությամբ ու Գետքի մի մասը չեն հանդիսանում Շիրակ ջրօգտագործողների ընկերության անդամ, և ընկերությունը նրանց ջուր չի տրամադրում. այս գյուղերում միշտ օգտագործել են միայն իրենց ջրի պաշարները: Շոգ եղանակին զուգահեռ մեկնարկել է նաև ոռոգման սեզոնը, ավելացել են նաև ցանքատարածությունները, ինչով պայմանավորված խնդիրը լրջացել է»,-նշեց պատասխանատուն՝ տեղեկացնելով, որ խնդրի լուծման տարբերակն այդ գյուղերի բնակիչների անդամակցությունն է «Շիրակ» ջրօգտագործողների ընկերությանը:

Նա նաև հայտնել է, որ համայնքը խնդրին համապարփակ լուծում տալու համար ոռոգման ցանցի անցկացման սուբվենցիոն ծրագիր կներկայացնի կառավարությանը

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում