Հասարակական

Ծխելու արգելքը խախտելու համար կազմվել է 1067 արձանագրություն. ոստիկանությունը զգուշացնում է

2 րոպեի ընթերցում

Ծխելու արգելքը խախտելու համար կազմվել է 1067 արձանագրություն. ոստիկանությունը զգուշացնում է

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների օգտագործման կամ դրանց օգտագործման սահմանափակման արգելքը խախտելու համար մարտի 15-ից մինչ օրս ոստիկանության կողմից կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 1067 արձանագրություն։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«2022 թ. մարտի 15-ից ուժի մեջ մտած «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը արգելվում է հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա օբյեկտներում (ճաշարաններ, սրճարաններ, բարեր և այլն): Քաղաքացների ուշադրությունը հրավիրում ենք հատկապես այս հանգամանքին, քանի որ ամառային հանգստի շրջանով պայմանավորված՝ շատերը ժամանցի համար ընտրում են բացօթյա օբյեկտները և հաճախ մոռանում, որ ծխախոտային արտադրանքի և փոխարինիչների օգտագործման արգելքը տարածվում է նաև դրանց վրա:

Հիշեցնում ենք, որ օրենքի կիրարկումը շարունակվում է, նաև վարչական պատասխանատվություն է սահմանված վերոհիշյալ դրույթի խախտման համար, իսկ սույն բնույթի իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավասությունը վերապահված է ոստիկանությանը:

Նշենք, որ մարտի 15-ից մինչ օրս ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների օգտագործման կամ դրանց օգտագործման սահմանափակման արգելքը խախտելու համար ոստիկանության կողմից կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 1067 արձանագրություն»,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ համաքաղաքացիներին կոչ անեռլով դրսևորել քաղաքացիական բարձր գիտակցություն, և համոզմունք հայտնելով, որ նրանք ոչ միայն ձեռնպահ կմնան օրենքի պահանջը խախտելուց, այլև կաջակցեն ոստիկանության ծառայողներին՝ հանրային առողջության պահպանմանն ուղղված գործում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում