1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Փոփոխվելու է սփյուռքահայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը

Փոփոխվելու է սփյուռքահայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է «Քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է ազգությամբ հայ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձի կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար որպես պարտադիր պահանջ սահմանել Հայաստանում վերջին երկու տարվա ընթացքում առնվազն 60 օր օրինական հիմքով բնակվելու կամ գտնվելու հանգամանքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծում ասվում է, որ Սահմանադրությամբ ազգությամբ հայերը Հայաստանում բնակություն հաստատելու պահից ունեն ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք, սակայն «Քաղա­քա­ցիու­­թյան մասին» օրենքով սահմանված չէ, թե որ պահից է անձը համար­վում Հայաստանում բնակություն հաստատած:

«Մասնավորապես, ՀՀ քաղաքա­ցիու­թյուն չունեցող 18 տարին լրացած, գործունակ, օտարերկրյա պետությունում բնակվող կամ Հայաստանում օրինական հիմքով բնակվող (գտնվող) յուրաքանչյուր անձ իրա­վունք ունի դիմելու ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, եթե օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվել է Հայաստանում: Սահմանվում է, որ ՀՀ քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայ անձը, որի խնամակալը ՀՀ քաղաքացի է, կարող է ստա­նալ քաղաքացիություն առանց վերոհիշյալ պահանջ­նե­րի պահպանման: ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացում օրենքն առա­­վել մեծ հնարավորություն է սահմանել ազգությամբ հայերի համար, քան ամրագրված է Սահմանադրությամբ»,- նշված է օրինագծի մեջ։

Գործող օրենքի նկատակը, ըստ ԱԱԾ-ի՝ հայ­րե­­նադարձությունը խթանելն է, սակայն ծառայության կողմից վերջին տարիներին կատարված ուսումնասիրություն­նե­րի արդյունքում պարզվել է, որ ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքով պայմանավորված ՀՀ քաղաքացիություն հայ­ցող անձանց մի ստվար զանգվածը, հատկապես Մերձավոր Արևելքի երկրների՝ Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի քաղաքացիները, երբևէ չեն եղել Հայաստանում կամ ժամանել են հազվադեպ` 4-5 տարին մեկ անգամ․ «Իսկ որոշ դեպքերում ժամանել են միայն ՀՀ քա­ղա­քա­ցիու­թյուն հայցելու նպա­տա­կով և, որպես կանոն, չեն իրա­կանացնում հայանպաստ գոր­ծու­նեություն։ Բացի այդ, եղել են նաև դեպքեր, երբ քաղաքացիություն ստանալուց հետո ՀՀ քաղաքացու անձնագրերը օգտագործել են միայն այլ պետություններ ճամփորդելու հնարավորություն ունենալու համար»։

Նախագծի ընդունման դեպքում օրենքով ամրագրված կարգավորումը կհամապատասխանեցվի Սահմանադրության 47-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջներին, ազ­գությամբ հայերի կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը կիրականացվի առավել արդյունավետ, կնպաստի ՀՀ քաղաքացիություն ստացող անձանց հայ­րենադարձությանը, կնվա­զեց­­նի ազգու­թյամբ հայ ներ­կա­յացող, սակայն իրականում հայկա­կա­նության հետ որևէ առնչություն չու­նեցող օտար­եր­կրա­ցիների կողմից Հա­յաս­տանի Հանրա­պե­տու­թյան քաղաքացիություն հայցելու դի­մում­ների քանակը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]