Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Առաջ շարժվելու ամենաճիշտ ուղին համախմբվելն է. Ռուբեն Վարդանյանը ներկայացրեց «Ապագա Հայկականը» շարժման նպատակները

Առաջ շարժվելու ամենաճիշտ ուղին համախմբվելն է. Ռուբեն Վարդանյանը 
ներկայացրեց «Ապագա Հայկականը» շարժման նպատակները

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը վստահ է, որ «Ապագա Հայկականը» նախաձեռնություն է, որի շնորհիվ հնարավորություն են ունենալու աշխատել միասնաբար, նոր լուծումների ճանապարհներ քննարկել և փոփոխություններ իրականացնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարդանյանը նման տեսակետ հայտնեց «Ապագա Հայկականը» համաժողովի շրջանակներում տեղի ունեցած պանելային քննարկման ընթացքում:

Նա նշեց, որ  փորձում են «Ապագա Հայկականը» նախաձեռնությամբ ցույց տալ, որ հայ ազգը, որը ոչ միայն ապրում է Հայաստանում, այլ սփռված է  ամբողջ աշխարհով, իսկապես կարող է միավորվել և միասնական և արդյունավետ լուծումներ գտնել:

«Իսկապես կարևոր է, որ մենք կարողանանք օգտագործել մեր ամենաուժեղ կողմերը: Մենք ունենք Արցախում, Հայաստանում և սփյուռքում  ապրող փայլուն մարդիկ, ովքեր պետք է զգան, որ  միասին կարող ենք փոխել մեր ապագան: Այսօր ամբողջ աշխարհում հաջողության միակ ճանապարհը միասին աշխատելու, համագործակցելու մոդելն է, և մենք էլ պետք է գիտակցենք, որ առաջ շարժվելու ամենաճիշտ ուղին համագործակցությունն է բոլոր օղակների հետ»,-ասաց Վարդանյանը:

Ըստ նրա՝  հայ ժողովրդի մեծ մասը սովորություն ունի ապրել անցյալով, հիշել անցյալի տխուր կետերը: Վարդանյանի  խոսքով՝ բոլորը ապագայի հանդեպ պետք է միայն լավատես լինեն և հասկանան, որ այսօր միակ ճիշտ տարբերակն է ոչ թե հետ, այլ առաջ նայելը:

Անդրադառնալով հայ ժողովրդի պատմական պատասխանատվությանն ու  առկա մարտահրավերներին՝  Ռուբեն Վարդանյանն  առանձնացրեց երեք միտք.  «Տարիներ շարունակ հայ ազգի համար կրթությունը, գիտությունը  կարևոր տեղ են զբաղեցրել: Ինձ համար այսօր դա պահպանելը կարևորագույն հարցերից է: Մեր նպատակներից է, որ կրթված հայը նորից դառնա օրինակ և մոդել բոլորի համար: Երկրորդը՝ Արցախը, որը ինձ համար կարմիր գիծ է: Մենք պետք է դուրս գանք զոհի կարգավիճակից, մենք հաղթող ժողովուրդ ենք, դա մեր արյան, գեների մեջ պետք է մտնի, որ մենք կարող ենք և պարտավոր ենք հաղթել: Երրորդ՝ պետք է հստակ գիտակցենք, որ  21-րդ դարը մեր դարն է, որի տված հնարավորությունները պետք է օգտագործենք Հայաստանի զարգացման և լավագույն ապագայի համար, քանի որ մենք պատասխանատվություն ենք կրում մեր զոհված տղաների, մեր երեխաների և մեր ապագա սերունդների առջև»,- ասաց Վարդանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am