Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Օգոստոս 2022

Իրանն անընդունելի է համարում տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխության որևէ փորձ. Փաշինյանն ընդունել է Ալի Շամխանիին

Իրանն անընդունելի է համարում տարածաշրջանում աշխարհաքաղաքական 
փոփոխության որևէ փորձ. Փաշինյանն ընդունել է Ալի Շամխանիին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը ողջունել է Ալի Շամխանիի այցը Հայաստան և կարևորել Իրանի հետ բարեկամական ու եղբայրական հարաբերությունների շարունակական զարգացումը: «Բարձր մակարդակի փոխայցելությունները կարևոր են այդ խնդիրը լուծելու համար: Ուրախ եմ արձանագրել, որ Իրանի նախագահ պարոն Ռայիսիի հետ մեզ հաջողվել է շատ լավ աշխատանքային մթնոլորտ ձևավորել: Ուրախ եմ տեսնել, որ մեր մյուս գործընկերների միջև ևս աշխատանքային լավ հարաբերություններ կան, ինչը հարիր է երկու հարևան ու բարեկամ պետություններին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ երկկողմ օրակարգային հարցերի համատեքստում Ալի Շամխանիի այցը կլինի արդյունավետ:

Ըստ աղբյուրի՝ ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վարչապետ Փաշինյանին փոխանցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ջերմ ողջույնները: Ալի Շամխանին նշել է, որ Իրանը ևս շահագրգիռ է զարգացնելու և ամրապնդելու Հայաստանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում: Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ համագործակցության օրակարգային մի շարք հարցերի:

Նշվում է, որ մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման ուղղությամբ: Ալի Շամխանին ընդգծել է, որ Իրանն անընդունելի է համարում տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության որևէ փորձ և նշել, որ իր երկիրը ևս սատարում է ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացին՝ պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման շրջանակում:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ զրուցակիցներն ընդգծել են, որ տարբեր ուղղություններով հայ-իրանական համագործակցության զարգացման հիմքը տնտեսական կապերի ամրապնդումն է: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը և Ալի Շամխանին կարևորել են առևտրաշրջանառության, ենթակառուցվածքների, էներգետիկայի, արդյունաբերության և այլ ոլորտներում առկա փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Կողմերը քննարկել են ինչպես ընթացիկ, այնպես էլ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերն ու նախագծերը:

 

Վարչապետ Փաշինյանը խնդրել է իր ջերմ ողջույնները ևս փոխանցել ինչպես նախագահ Ռայիսիին, այնպես էլ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիին:  

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]