Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

«իԳործ»-ի շրջանակներում Հայաստան վերադարձած մասնագետը կարծում է, որ հզոր երկիր կառուցելու համար պետք է զարգացնեն մարզերը

«իԳործ»-ի շրջանակներում Հայաստան վերադարձած մասնագետը կարծում է, որ հզոր 
երկիր կառուցելու համար պետք է զարգացնեն մարզերը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանից 16 տարեկանում Ամերիկա տեղափոխված Տաթև Մանուչարյանը 2021 թվականին «իԳործ» նախագծի շրջանակում հնարավորություն ստացավ վերադառնալ Հայաստան ու աշխատել Շրջակա միջավայրի նախարարությունում՝ ներդնելով սեփական փորձն ու գիտելիքները  ոլորտի բարելավման, զարգացման և քաղաքականությունների ու ծրագրերի մշակման գործում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ  զրույցում Տաթևը պատմեց, որ  ծնվել և մինչև 16 տարեկանը ապրել է Երևանում, հետո ընտանիքով տեղափոխվել են Լոս Անջելես: Այնտեղ դպրոցն ավարտելուց հետո համալսարանում սովորել է  քաղաքագիտություն: Այնուհետև տեղափոխվել է  Եվրոպա, ապրել Նիդերլանդներում, որտեղ մագիստրատուրայում սովորել է «Եվրամիության օրենսդրություն»:

Որոշում, որը բերեց Հայաստան

«Հոլանդիայում ուսումս ավարտելուց հետո աշխատել եմ  նույն  համալսարանում որպես հետազոտող, ինչպես նաև դասավանդել եմ «Եվրամիության օրենսդրություն»: Ասեմ, որ գնալուս պահից սկսած միշտ ցանկություն եմ ունեցել վերադառնալ Հայաստան, աշխատել այստեղ, պատերազմից հետո այդ ցանկությունս ավելի մեծացավ: Մտածեցի, իսկ ես ի՞նչ եմ արել, որ կանխեմ նման երևույթները, այսինքն` երկրից գնացել եմ և ոչ մի բանով չեմ նպաստել իմ hայրենիքին՝ բացի որպես զբոսաշրջիկ գալով: Իրականում միշտ երազանքս է եղել գալ  և ապրել Հայաստանում, աշխատել այստեղ և այդպես որոշեցի գամ ու վերջապես երազանքս իրականություն դարձնեմ՝ նպաստելով երկրիս զարգացմանը»,- ասաց Տաթևը:

Խնդիրներ և երևույթներ, որոնց բախվեց

Անդրադառնալով խնդիրներին, որոնց բախվել է Հայաստան գալով՝ նշեց, որ խնդիրներ՝ որպես այդպիսիք գրեթե չի ունեցել, ուղղակի կան որոշ երևույթներ, որ դրսում ապրելով նկատում ես: «Քանի որ աշխատանքս բնապահպանության հետ է կապված, շատ կցանկանայի, որ Երևանի բնակիչները և առհասարակ Հայաստանի բնակչությունը քաղաքի և շրջապատի նկատմամբ ավելի հոգատար վերաբերմունք դրսևորեն: Շատ տխուր է, որ տեսնում ես ամենուր աղբ՝ քաղաքներում, բնության գրկում, մեր տեսարժան վայրերում, ճանապարհներին, մի խոսքով՝ աղբահանության խնդիրն է ինձ շատ հուզում և Երևանում օդի աղտոտվածությունը, մնացած հարցերում շատ լավ ընտելացել եմ»,- ասաց նա:

Տաթևը նշեց, որ  տարբեր երկրներում կան առավելություններ և՛ լավ, և՛ վատ կողմեր, բայց ոչ մի երկրում դու քեզ տանը չես զգում այնպես, ինչպես քո սեփական ծննդավայրում: «Ես Երևանում եմ ծնվել մեծացել, և այդ զգացողությունն ինձ համար շատ-շատ կարևոր է: Շատ հաճելի է  լինել այստեղ և զգալ քեզ տանը»,-ասաց նա:

Ապագայի հետ կապված ծրագրեր

Խոսելով ապագայի ծրագրերից՝ Տաթևը նշեց, որ դրանք դեռ հստակ չեն, այս պահին «իԳործ» ծրագիրը դեռ կեսն է անցել, այն կավարտվի 2022 թվականի սեպտեմբերին: Ապագայի պլանները կախված կլինեն, թե այս ընթացքում ինչպես կդասավորվի և ինչ աշխատանքային հնարավորություններ կլինեն:

«Հայաստանում մնալու գաղափարը կարելի է ասել միշտ մտքումս եղել է: Հույս ունեմ այս ընթացքում էլի այդպիսի հնարավորություններ կլինեն, որ կարողանամ աշխատել և ապրել Հայաստանում: Համենայնդեպս, պատերազմից հետո հասկացա, որ որոշ ժամանակով և որպես զբոսաշրջիկ Հայաստան գալով, ոչնչով չեմ օգնի իմ հայրենիքին,- ասաց նա:

Աշխատանքը Հայաստանում

Մասնագետը նշեց, որ աշխատանքի վայրում դժվարություններ կարելի է ասել չեն եղել, որովհետև, կարծես թե, հայտնվել է ճիշտ տեղում, աշխատանքի վայրում բոլորին շատ լավ հարմարվել է:

«Աշխատում եմ Շրջակա միջավայրի նախարարության կլիմայական քաղաքականության վարչությունում, որտեղ բոլորը շատ բաց մարդիկ են, և իրենց հետ աշխատելը ինձ համար շատ հեշտ է: Պետք է նշեմ, որ սովորելու տեղ միշտ էլ կա և այստեղ շատ բաներ եմ սովորել Հայաստանի բնապահպանական խնդիրների, դրանց հնարավոր լուծումների մասին և մի շարք այլ կարևոր հարցեր: Ինձ շատ հետաքրքիր է այդ ամենը: Ինձ համար, այո, Հայաստանում աշխատելը հեշտ է, հետաքրքիր ու հաճելի»,-ասաց նա: 

Հայաստանի համն ու բույրը

Տաթևը խոստովանեց, որ ամենասիրելի տեսարանը ծաղկած ծիրանենիների այգիներն են, ամենասիրելի բույրը՝ ծիրանի, որովհետև դա ուրիշ ոչ մի տեղ չես կարող զգալ:

Երազանքներ

«Երևի  հիմա ամենամեծ երազանքս հզոր Հայաստան տեսնելն է, որ ունենանք մի երկիր, որով կհպարտանանք: Հայաստանը շատ-շատ լավ կողմեր ունի, բայց շատ չօգտագործվող պոտենցիալ եմ ես տեսնում բոլոր բնագավառներում: Կուզեի, որ կրթության ոլորտում ներդրումները՝ թե՛ պետական, և թե՛ ոչ պետական,  մեծ լինեին, որպեսզի մենք այդ ոլորտում և առհասարակ բոլոր ոլորտներում առաջատար լինենք: Իմ ցանկությունն է, որ մենք լինենք տարածաշրջանում առաջատարը բոլոր ոլորտներում:  Նաև մարզերի զարգացման հարցն է ինձ համար շատ-շատ կարևոր: Մենք միայն մեր մարզերը զարգացնելով կկարողանանք մեր երկիրը զարգացնել: Նաև մեծ ցանկություն ունեմ աղբի խնդիրը բարձրացնելու, որպեսզի մարդիկ ավելի իրազեկված լինեն ու մի քիչ ավելի հոգատար վերաբերմունք ցուցաբերեն մեր երկրի ու բնության նկատմամբ»,-ասաց Տաթևը:

Ես սիրում եմ Հայաստանը հատկապես…

Բնությունը, մարդկանց մեջ եղած լավ գծերը՝ հասնող, օգնող:

«Ես հիացած եմ այստեղի մշակութային կյանքով, քանի որ շատ-շատ եմ սիրում արվեստ, թանգարաններ և այլն: Այստեղ շատ տաղանդավոր մարդիկ կան, և միշտ՝ տեսնելու նոր բաներ: Նաև սիրում եմ արշավների գնալ, ուզում եմ վայելել և ծանոթանալ Հայաստանի բնությանը: Ավանդական ուտելիքների մասին էլ չեմ խոսում. շատ սիրում եմ մեր ավանդական հայկական խորովածը, տոլման, գաթան և, իհարկե, թոնրից նոր հանած լավաշն ու պանիրը՝դրանից լավ բան, երևի, չկա»,- պատմեց Տաթև Մանուչարյանը:

Տաթև Մանուչարյանը «ԻԳործ» նախագծի շրջանակում Հայաստան է եկել է 2021 թվականի սեպտեմբերին, ծրագրի տևողությունը մեկ տարի է:

Գայանե Գաբոյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]