Կրթական համակարգը կհաջողվի, երբ սովորողակենտրոն միջավայրը դարձնենք իրողություն. Ժաննա Անդրեասյան
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կրթական համակարգը կհաջողվի, երբ կարողանանք գնալ դեպի իրական բովանդակություն ունեցող ձևակերպումներին և սովորողակենտրոն միջավայրը դարձնենք իրողություն:
«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ, այս մասին «Ֆորում 405»-ի ընթացքում իրականացված հարց ու պատասխանի ժամանակ ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ուսուցիչ-առաջնորդ Սեդա Մխիթարյանի այն հարցին, թե նախակրթարանները ինչ կարևորություն ունեն կրթության ոլորտում՝ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ նախակրթարանները մեր ամենակարևոր օղակներից մեկն է, և շատ երկրներ գնում են նրան, որ նախակրթարանների ուսուցումը դարձնում են կրթության պարտադիր բաղադրիչ:
Անդրադառնալով Հայաստանում 12-ամյա կրթության վերաբերյալ քննարկումներին ու տարբեր կարծիքներին՝ փոխնախարարը նշեց, որ իրեն հաճախ են հարցնում, թե երբ են անցնելու տասնամյա կրթությանը:
«Սա շատ լուրջ խնդիրների վրա հիմնված հարց է, քանի որ ծնողներն ու աշակերտները չեն տեսնում արդյունավետությունը, բայց ես չեմ հոգնում կրկնել, որ մենք պետք է խոսենք ոչ թե կրթության տևողության կրճատման մասին, քանի որ ժամանակակից աշխարհը անընդհատ սովորելու աշխարհ է, և մեզնից յուրաքանչյուրը պետք է սովորի, այլ պետք է խոսենք այն բովանդակության մասին, որը մենք լցնում ենք այդ տարիներին»,- ասաց նա:
Նա ասաց, որ ժամանակակից աշխարհը շատ ավելի հաճախ խոսում է սովորելու իրավունքի մասին, որը մեր առաջ դնում է պարտավորություն՝ արդյունքի նկատմամբ, այսինքն՝ ոչ միայն վերցնել ժամանակը և դա լցնել որևէ բանով, այլ ունենալ պատասխանատվություն տեսնելու, թե ի՞նչ է տեղի ունենում վերջում:
«Եվ, եթե մենք չենք ունենում վերջնարդյունքի վրա հիմնված կրթություն, որտեղ կենտրոնում սովորողն է, և որտեղ կան անհրաժեշտ բոլոր պայմաններն այդ կրթությունն ապահովելու, նշանակում է, որ մեր կրթական համակարգը մնում է այն խնդիրների օղակի մեջ, որը հիմա ունենք»,- ասաց փոխնախարարը:
Ժաննա Անդրեասյանը կարևորեց այն, որ դպրոցներում պետք է ունենալ մասնագիտական կողմնորոշման շատ ուժեղ համակարգ և հանրակրթության նոր չափորոշիչ, որով նախարարությունն այժմ առաջնորդվում է:
«Փորձարկման արդյունքներն այս շաբաթ կամփոփենք, ինչը մեզ հնարավորություն է ընձեռելու, որպեսզի բոլոր դպրոցներում մասնագիտական կողմնորոշման ակումբները դարձնենք պարտադիր: Դրանք մի միջավայր և հնարավորություն են, որտեղ երեխաները ստանում են անհրաժեշտ տեղեկատվությունն այն մասնագիտությունների մասին, որոնք կան, այն հնարավորությունների մասին, որոնք ապագայում տալու է յուրաքանչյուր մասնագիտություն՝ այդ ուղղությամբ շարունակելու դեպքում: Կարողանալու են հանդիպել տարբեր ոլորտների մասնագետների հետ, ունենալու են քննարկումներ, այցելու տարբեր ոլորտներում գործող կառույցներ, գործարաններ որպեսզի պատկերացնեն, թե ինչ է նշանակում ընտրել այս կամ այն մասնագիտությունը»,-ասաց փոխնախարարը:
Նա շեշտեց, որ այս ուղղությամբ մեր նոր չափորոշչի համաձայն անցում ենք անհատական դասացուցակի, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր երեխա, բացի պետական պարտադիր բաղադրիչից, մնացած ամբողջ դասացուցակը կարող է ձևավորել ըստ իր նախասիրությունների: Երկրորդը կրեդիտային համակարգի ներդրումն է, որը թույլ է տալու որ մենք կարողանանք բոլոր այն հարակից զբաղվածությունները, որ մեր աշակերտները ունեն, հաշվի առնվեն դասապրոցեսում: Օրինակ, եթե որևէ մեկը արվեստի դպրոց է գնում կամ սպորտդպրոց և այնտեղ որոշակի պարապմունքներ ունի, ապա դպրոցում կարող է այդ կրեդիտները բերել և դրանք հաշվարկել իր ընդհանուր ուսումնական ծանրաբեռնվածության մեջ:
«Այս նոր մոտեցումները հնարավորություն կտան, որ մեր երեխաներն իրենց դասընթացները վերցնեն արհեստագործական ուսումնարաններից, և ես կարծում եմ, որ այս մեթոդներով և միջոցներով մենք կարող ենք գնալ դպրոցի ավագ դասարաններում այն անհրաժեշտ արդյունավետության ապահովմանը, որը, հուսով եմ, մի որ կբերի նրան, որ մենք այլևս չենք հարցնի, թե երբ ենք կրճատում կրթության տևողությունը»,- ասաց Ժաննա Անդրեասյանը: