Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Օգոստոս 2022

Տեղի ունեցավ «Ուդուլի» տոլմայի համահայկական 11-րդ փառատոնը. «Էլեգանտը» ռեկորդի հավակնող 193 մետրանոց տոլմա էր պատրաստել

Տեղի ունեցավ «Ուդուլի» տոլմայի համահայկական 11-րդ փառատոնը. «Էլեգանտը» 
ռեկորդի հավակնող 193 մետրանոց տոլմա էր պատրաստել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում հունիսի 19-ին տեղի ունեցավ «Ուդուլի» տոլմայի համահայկական 11-րդ փառատոնը: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկա էր նաեւ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը: «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը միջոցառման ժամանակ նշեց, որ փառատոն-մրցույթին այս տարի մասնակցում է 27 թիմ: «Ուդուլի» տոլմայի  համայահայկական 11–րդ փառատոնի բացարձակ հաղթող անվանակարգում մրցանակակիր դարձավ «Գառնի տուն» ռեստորանը:  Սա փառատոնի գլխավոր մրցանակն էր: Տաղավարում ներկայացրել էր 7 տեսակի տոլմա՝ հորթի մսով, սնկով, պասուց տոլմա, Մշո տոլմա, սարի տոլմա, ամառային, դեղձով ու չրով տոլմա:

Հաղթող թիմը ուտեստները մատուցել էր հին հայկական արքունական մոտիվներով: «Արքունական տներում այն ժամանակ տոլման մատուցվել է կավե տարբեր ափսեների մեջ՝ խմորով կնքված: Տոլման խոհանոցից մտել է սեղան՝ կնքված վիճակում, բացվել է տեղում՝ համտեսելու ժամանակ»,- ներկայացրեց ռեստորանի սեփականատեր Հմայակ Բաբայանը:

Թիմերը պայքարեցին «Լավագույն համ», «Լավագույն տեսք», «Լավագույն գաղափար» անվանակարգերում հաղթելու համար: Միմյանց դեմ մրցում էին ռեստորանատերեր, սպասարկման ոլորտի ներկայացուցիչներ, խոհարարներ եւ անհատներ Գյումրուց, Ծաղկաձորից, Գավառից: Մասնակիցները ներկայացրին ձկով, կարտոֆիլով, կանեփով տոլմաներ և սիրված ուտեստի այլ տեսակներ: Թիմերը պատրաստեցին տոլմայի մոտ 70 տեսակ:  Այս տարվա փառատոնին մասնակից թիմեր էլ կային, որոնք պատրաստեցին քաղցրավենիք, գաթա, փախլավա եւ այլն:

Այսպես, «Լավագույն մտահաղացում» անվանակարգում երրորդ տեղը զբաղեցրեց «Մաչանենց տունը», երկրորդ տեղը՝ Երեւանի պետական տեխնոլոգիական քոլեջը, առաջինում՝ «Էլեգանտ» ռեստորանային հյուրանոցային համալիրը: «Էլեգանտը» 193 մետրանոց տոլմա էր պատրաստել, որի թիմը ստացավ շնորհակալագիր եւ հավաստագիր, Սեդրակ Մամուլյանի խոսքով՝ գրանցվեց «Դյուցազնագրքում» եւ հնարավոր է նաեւ գրանցվի «Գինեսի» ռեկորդների գրքում:

«Լավագույն համ» անվանակարգում հաղթող ճանաչվեցին՝ երրորդ տեղ՝  «Գենացվալե» պանդոկը, երկրորդ՝ «Գարեջուր օնլայն» ընկերությունը, առաջին՝ Երեւանի թիվ 6 արեստագործական պետական ուսումնարանը:

«Լավագույն տեսք» անվանակարգում երրորդ տեղում էր Սեւանի «Ծաղկունք» հյուրատունը, երկրորդ տեղին արժանանացավ  «Հատիս» խոհարարական թիմը, առաջին տեղի մրցանակը ստացավ «Քամանչա» ռեստորանը: Լավագույն տաղավարի համար մրցանակ ստացավ «Մեգերյան կարպետ-ի ռեստորանը, թեեւ մրցույթին չէր մասնակցել:

2011թ.-ից իրականացվող համահայկական փառատոնը նպատակ ունի նաեւ զբոսաշրջության ոլորտը զարգացնել, օտարերկրացիներին ծանոթացնել հայկական մշակույթի առանձնահատկություններին: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց՝ այս իմաստով փառատոնն իր առաքելությունը շատ հաջող իրականացնում է:

«Երբ նոր էինք սկսում փառատոնների գործընթացները, ասում էինք, որ գալու է մի օր, որ տարբեր երկրների զբոսաշրջիկները ընտրությունն են կատարելու՝ գնան Բրազիլիայի դիմականահանդեսին, թե՞ գան Հայաստան մասնակցելու, ենթադրենք, տոլմայի կամ գինու փառատոնին: Հիմա մենք շատ մոտ ենք դրան: Գնալով փառատոնը ավելի հայտնի եւ գրավիչ է դառնում, ավելի շատ զբոսաշրջիկներ են գալիս: Հատկապես այս տարվա փառատոները կարեւոր առաքելություն ունեն: Կորոնավիրուսից հետո, երբ համաշխարհային շուկան վերաձեւավորվում է, զբոսաշրջությունը կարեւորող աշխարհի զարգացած երկրները պիտի գրավեն նոր վերաձեւավորվող շուկան, իսկ մեզ համար այս հանգամանքը կրկնակի կարեւոր է, որովհետեւ պատերազմ տեսանք եւ խնդիր ունենք համաշխարհային շուկան դեպի մեր կողմը բերելու»,- հավելեց նա:  

Լիանա Սարգսյան

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]