ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չարբախում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամի անվան մարզադպրոց կկառուցվի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ իրենց հայրենի բնակավայրում արդեն կառուցվում են Արթուր Ալեքսանյանի և Սիմոն Մարտիրոսյանի անվան դպրոցները:
«Ուղղակի մարզական դպրոց կառուցելը լավ է, բայց երբ դպրոցը կապվում է սպորտային մեծ աստղերի հետ, դա պատանիների, երեխաների համար ավելի գրավիչ է դարձնում: Մենք այդ մասշտաբի նվաճումներ ունեցող մեր մարզիկներին մեծարելու ենք նաև այս ճանապարհով: Սա վաստակի գնահատանք է, և շատ լավ փարոս մեր երեխաների համար, որպեսզի նրանք զբաղվեն սպորտով»,- ասաց նա:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ հավելեց, որ օլիմպիական հերթափոխի դպրոցում երկու մեծ դահլիճ է կառուցվելու: «Նախագծերը ավարտված են, մրցույթը կհայտարարվի»,- հավելեց նա: