ԳԱՎԱՌ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս օրերին Սեւան քաղաքում իրականացվում են գծանշման աշխատանքներ, որոնք ընդգրկում են կենտրոնական եւ երկրորդային փողոցները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, աշխատանքները ներառում են ճանապարհների հոծ գծանշում՝ 7150 գծամետր, ճանապարհների անընդհատ գծանշում՝ 10000 գծամետր՝ 10 սմ լայնությամբ եւ հոծ գծանշում՝ 15սմ լայնությամբ:
«Ճանապարհային գծանշումն անվտանգ եւ ապահով երթևեկության երաշխիքներից մեկն է: Աշխատանքների կատարման պայմանագրային արժեքը 2 միլիոն 496 հազար դրամ է։ Աշխատանքները ֆինանսավորվում են համայնքային բյուջեի միջոցներով եւ իրականացվում են «Նաիրի Թորոսյան» ԱՁ-ի կողմից:
Առաջիկայում Սեւան համայնքում կմերկնարկեն ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները, որոնք իրականացվելու են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։
Այս աշխատանքներին նախորդել են մի շարք փողոցների փոսային նորոգման աշխատանքները, որոնք եւս իրականացվել են համայնքային բյուջեի միջոցներով»,-ներկայացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից։
Խոսրով Խլղաթյան