Փրկարարները տարբեր մարզերից 11 օձ են տեղափոխել անվտանգ տարածք
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 29-31-ը 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում օձեր նկատվելու վերաբերյալ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ օձերի առկայության մասին ահազանգ է ստացվել Երևանում և Լոռու մարզի Սպիտակ, Արարատի մարզի Արտաշատ, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Շիրակի մարզի Գյումրի, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում։
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 6 լորտու, 1 սահնօձ, 2 իժ, 2 շահմարտեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: