Քաղաքականություն

Չեռնոգորիան աջակցում է ՀՀ-ի ղեկավարության` տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերին. Միլո  Ջուկանովիչ

3 րոպեի ընթերցում

Չեռնոգորիան աջակցում է ՀՀ-ի ղեկավարության` տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերին. Միլո  Ջուկանովիչ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեռնոգորիան մեծապես հարգում է Հայաստանի ղեկավարության ջանքերը, որոնք ուղղված են տարածաշրջանում տևական խաղաղություն և կայունություն ապահովելուն:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը:

«Իմ ամբողջ պատվիրակության անունից շնորհակալություն եմ հայտնում ջերմ ընդունելության համար: Սա, ինչպես գիտեք, նախագահի մակարդակով առաջին այցն է Հայաստան՝ սկսած այն պահից, ինչ մեր երկրները անկախություն են հաստատել: Եվ ինչպես նախագահ Վահագն Խաչատուրյանն ասաց, չնայած մեր հարուստ և երկար ավանդական միջպետական հարաբերություններին, սա առաջին այցն է, հետևաբար այսպիսի այցերը շատ կարևոր են, որպեսզի օգտագործենք բարեկամության կառուցումը և դա մի քայլ առաջ անենք, բարելավենք միջպետական հարաբերությունները: Ես հանդիպում ունեցա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, ներկայումս ես հանդիպում եմ ձեզ հետ: Սա հնարավորություն է տալիս խոսել կոնկրետ, թե ինչպես բարելավենք միջպետական հարաբերությունները: Այս հարցերի մասին մանրամասն խոսեցինք և իրապես խոսեցինք անհրաժեշտ առաջնահերթությունների մասին: Վստահ եմ, որ կլինի պատասխանատու մոտեցում այս հարցերին, և մենք կօգտվենք դրանից և մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեսնել ավելի համապարփակ համագործակցություն երկու երկրների միջև: Մենք ունենք համագործակցություն տնտեսության ոլորտում, կարողացանք հանդիպել Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ: Հուսով եմ, որ ապագայում նույնպես կկարողանանք ունենալ բարձր մակարդակի ներկայացուցիչներ Չեռնոգորիայում՝ ավելի զարգացնելու մեր միջպետական հարաբերությունները»,- ընդգծեց Ջուկանովիչը:

Անդրադառնալով Հայաստանի իշխանության կողմից որդեգրած խաղաղ զարգացման դարաշրջանի քաղաքականությանը՝ Չեռնոգորիայի նախագահը նշեց, որ իրենք իրապես ցանկանում են, որ հասնեն լուծումների, որոնք կհանգեցնեն երկարատև խաղաղության և կայունության տարածաշրջանում:

«Խաղաղությունն ու կայունությունն իրենց հերթին կհանգեցնեն արագացված տնտեսական զարգացմանը: Հաջողություն ենք մաղթում: Մաղթում եմ, որպեսզի դուք հասնեք ձեր նպատակներին: Վստահ եմ, որ դուք ընտրում եք ճիշտ լուծումներ, և մենք արդեն իսկ անհամբերությամբ սպասում ենք մեր ապագա համագործակցությանը»,- եզրափակեց Ջուկանովիչը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում