Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կմասնակցեն Ապարանում կազմակերպված քանդակագործության միջազգային սիմպոզիումին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապարանի համայնքապետարանի նախաձեռնությամբ արդեն երրորդ տարին է՝ Ապարանում կազմակերպվում է քանդակագործության միջազգային սիմպոզիում, որը 2022-ին կրում է «էթնոարվեստն այսօր» խորագրիրը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սիմպոզիումին մասնակցում են Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, արտասահմանից և Հայաստանի տարբեր համայնքներից արվեստագետներ, թվով 17 մասնակից:
Սիմպոզիումի նպատակն է մեկ հարթակում՝ Քանդակների պուրակում, համադրել Հայաստանի ազգային փոքրամասնությունների մշակույթները, ընդգծել տարբեր համայնքների և բնակավայրերի մշակութային ոգին, առանձնահատկություններն ու ինքնատիպությունը, տարածաշրջանում ստեղծել ու զարգացնել արտտուրիզմ, երիտասարդների շրջանում ակտիվացնել մշակութային կյանքը և մեծացնել հետաքրքրությունը դեպի արվեստը, կազմակերպել վարպետաց դասեր՝ քանդակագործների հմտություններն ու ստեղծագործ մտածողությունը փոխանցելու համար։
2018 թվականին Ապարանի համայնքապետարանը հաջողությամբ իրականացրել է 1-ին միջազգային քանդակագործական սիմպոզիումը, որը կրել է «Մեր պապերի սխրանքը» խորագիրը: 2019 թվականի հունիսին Ապարանում կազմակերպվել է միջազգային 2-րդ սիմպոզիումը՝ «Ապագայի շարժվող արվեստ» խորագրով:
3-րդ սիմպոզիումը Ապարանի համայնքապետարանը նախատեսել էր իրականացնել 2020 թվականին, սակայն համավարակի և պատերազմի պատճառով նախաձեռնությունը հետաձգվել է: