Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Հունիս 2022

Արգենտինայի ազգային տոնը Երևանում կնշվի հայտնի երաժիշտների մասնակցությամբ hամերգով

Արգենտինայի ազգային տոնը Երևանում կնշվի հայտնի երաժիշտների 
մասնակցությամբ hամերգով

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի ազգային տոնի առթիվ, որը նշվում է մայիսի 25-ին, Հայաստանը հյուրընկալել է հանրահայտ բանդոնեոնահար Վալտեր Ռիոսին և երգչուհի Մարիել Դյուպետին, որոնք Օպերային թատրոնի նվագախմբի և «Կադանս» անսամբլի հետ հանդես կգան համերգային ծրագրով:

Համերգը, որը տեղի կունենա մայիսի 27-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, կղեկավարի դիրիժոր, թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանը: Կհնչեն Աստոր Պjացոլայի «Տարվա եղանակները», որի գործիքավորումն իրականացրել է կոմպոզիտոր Կարեն Անանյանը, Անիբալ Տրոյլոյի և այլ հեղինակների գործեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը «Կադանս» անսամբլի պրոդյուսերական կենտրոնի տնօրեն Նիկա Բաբայանը հիշեցրեց՝ 2013 թվականին կազմակերպել են համերգ, որի շրջանակում Օպերային թատրոնի նվագախմբի հետ, որը ղեկավարել է դիրիժոր Կարեն Դուրգարյանը, նվագել են Պjացոլայի «Տարվա եղանակները»: «Դա գեղեցիկ փորձ էր, և մենք որոշեցինք կրկնել այն: Ռիոսի և Դյուպետիի հետ վաղուց ենք աշխատում. 2009 թվականին ԱՄՆ-ում ենք համերգներով հանդես եկել, հետո՝ Արգենտինայում, իսկ այնուհետև Հայաստանում»,- նշեց նա:

Մայիսի 27-ին կայանալիք համերգի նախաձեռնության հեղինակը ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարան է, որի խոսքով՝ Արգենտինայի ազգային տոնը հրաշալի առիթ է Երևանում ընդունելու այնպիսի փայլուն աստղերի, ինչպիսիք են Վալտեր Ռիոսն ու Մարիել Դյուպետին:  «Վալտեր Ռիոսն արգենտինական տանգոյի պատմության կենդանի լեգենդներից է, իսկ Մարիել Դյուպետին՝ տանգոյի հանճարեղ կատարող: Այն, ինչ նրանք պատմում են տանգոյի մասին, կարելի է գրի առնել: Իմ հիացմունքը պետք է արտահայտեմ նաև «Կադանս» անսամբլի հանդեպ: Նրանք այնպես են նվագում արգենտինական տանգո, որ չի տարբերվում արգենտինացի երաժիշտների կատարումներից: Ուղղակի հրաշալի են»,- շեշտեց դեսպանը:

Նա խոստովանեց՝ շատ է սիրում Հայաստանը, բայց հաճախ է կարոտում արգենտինական բանդոնեոնի հնչյունները, որոնք վայելելու հնարավորությունն ունենալու ենք այս համերգին: «Հնչյունները կարոտում եմ այնպես, ինչպես Հայաստանից հեռու ապրող հայը կկարոտի տոլման, լավաշը»,- ասաց Վերգարան:

Բանդոնեոնահար Վալտեր Ռիոսը վստահեցրեց, որ համերգային երեկոն նվեր է լինելու Հայաստանին: Նա ընդգծեց՝ այն բանդոնեոնը, որն ինքն է նվագում, շատ տարիներ առաջ իրեն նվիրել է Պjացոլան: Երաժիշտն իր հետ Երևան է բերել նաև մեկ այլ բանդոնեոն, որը հատուկ այս համերգի համար երկրից դուրս հանելու թույլտվություն է ստացել Արգենտինայի տանգոյի ազգային ակադեմիական թատրոնից:  Այն պատկանում է  արգենտինացի մեկ այլ նշանավոր երաժշտի՝ Անիբալ Տրոյլոյին: «Այդ գործիքով կատարելու եմ Տրոյլոյի հայտնի գործերից մեկը՝ բացելով համերգի երկրորդ մասը: Անչափ երջանիկ եմ, որ հնարավորություն եմ ունեցել ճանաչելու նրան և լինելու նրա կրտսեր ընկերը: Այդ կատարումից հետո ինձ կմիանան «Կադանս» անսամբլը՝ փայլուն երաժիշտներ, այնուհետև՝ Դյուպետին, որը կկատարի Տրոյլոյի «Մալենա» ստեղծագործությունը»,- պատմեց Ռիոսը:

Մարիել Դյուպետին էլ շեշտեց՝ համերգը կրկին միավորել է վաղեմի ընկերներին: «Առաջին անգամ, երբ եկանք Հայաստան ներկայացնելու Պjացոլայի գործերը, ինձ վրա մեծ հանձնառություն էր դրված՝ խոսքով հնչեցնել տանգոն: Ինձ համար անսպասելի էր, թե ինչքան ջերմ ու բուռն  արձագանք ստացան մեր կատարումները: Հույս ունեմ, որ այս անգամ ևս մեծ հաջողություն կունենանք»,- ասաց երգչուհին:

Ըստ նրա՝ երաժշտությունը մոտեցնում, մտերմացնում է մարդկանց: Դյուպետին վստահ է՝ դա ինտելեկտի, խելքի հարց չէ. մարդիկ սրտով են մոտենում միմյանց:

Երևանյան համերգից հետո  խումբը մեկնելու է Սիրիա, որտեղ համերգներով հանդես կգա  Հալեպում ու Դամասկոսում:

Անժելա Համբարձումյան

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]