Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Հունիս 2022

Պետական սահմանի անցման կետերում վերահսկողություն կիրականացնեն միայն ԱԱԾ սահմանապահ զորքերը և մաքսային մարմինները

Պետական սահմանի անցման կետերում վերահսկողություն կիրականացնեն միայն ԱԱԾ 
սահմանապահ զորքերը և մաքսային մարմինները

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը քննարկեց կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է պետական սահմանի անցման կետերում ներդնել «մեկ պատուհանի» սկզբունք, այսինքն՝ տնտեսավարողները կմոտենան միայն մեկ պատուհանի, անցման կետերում ֆիզիկապես ներկա կգտնվեն և վերահսկողություն, հսկողություն կիրականացնեն միայն երկու պետական մարմին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը:

Ըստ նրա՝ փաթեթը միտված է պետական սահմանի անցման կետերում  «մեկ կանգառ-մեկ պատուհան» սկզբունքի ներդրմանը:

«Ներկայումս պետական սահմանի անցման կետերում սահմանային վերահսկողություն և հսկողական գործառույթներ են իրականացնում հետևյալ մարմինները՝ ԱԱԾ սահմանապահ զորքերը՝ սահմանային վերահսկողության մասով, մաքսային մարմինները՝ մաքսային հսկողության մասով, ոստիկանությունը՝ անձնագրային և ճանապարհային երթևեկության օրենսդրության խախտումների նկատմամբ հսկողության մասով, տեսչական մարմինը՝ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային, անասնաբուժական, բուսասանիտարական  վերահսկողության մասով:

Նախագծով առաջարկում է մի շարք օրենքներում կատարել փոփոխություն, մասնավորապես ամրագրել, որ պետական սահմանի անցման կետերում մշտապես ֆիզիկապես ներկա կգտնվեն միայն երկու մարմիններ՝ ԱԱԾ սահմանապահ զորքերը՝ սահմանային վերահսկողություն իրականացնելու համար, ինչպես նաև մաքսային մարմինները՝ մաքսային հսկողություն իրականացնելու համար: Իսկ երբ անհրաժեշտություն կլինի պետական վերահսկողական գործառույթ իրականացնել, ապա դրանք կիրականացվեն այդ մարմինների կողմից:

Մասնավորապես, նախատեսվում է, որ անձնագրային  և  ճանապարհային երթևեկության կանոնների խախտման մասով վերահսկողությունը կիրականացնեն ԱԱԾ մարմինները, իսկ ՍԱՏՄ-ի գործառույթների մասով գործառույթը կիրականացնեն մաքսային մարմինները: Մաքսային մարմինները պետական սահմանին կիրականացնեն ՍԱՏՄ-ի բացառապես այն ֆունկցիաները, որոնք ենթադրում են փաստաթղթային ուսումնասիրություն կամ ակնադիտական զննում:

Նախագծում նախատեսվել է կարգավորում, որ առանձին դեպքերում ժամանակավորապես պետական սահմանի անցման կետերում հնարավոր կլինի տեղակայել նաև վերահսկողական գործառույթներ իրականացնող այլ մարմիններ: Առանձին դեպք կարող է հանդիսանալ, օրինակ, կարանտինը:

Հարակից զեկուցող Ծովինար Վարդանյանը հայտարարեց՝ նախագիծը միտված է տնտեսավարողների կյանքը հեշտացնելու կառավարության նպատակադրմանը: «Եթե մաքսային անցման կետերում տնտեսավարողները գործ էին ունենում տարբեր պետական մարմինների հետ, ապա նախագծի ընդունման արդյունքում տնտեսավարողը ընդամենը մեկ պատուհանի են մոտենալու և մեկ անգամ են առնչվելու պետական մարմնի հետ»,-ասաց պատգամավորը:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]