Երևանում՝ 11:07,   25 Մայիս 2024

Երևանում կկառուցվի ճարտարապետական բացառիկ լուծումներով բազմաֆունկցիոնալ բիզնես համալիր

Երևանում կկառուցվի ճարտարապետական բացառիկ լուծումներով բազմաֆունկցիոնալ 
բիզնես համալիր

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գործադիրը հավանություն է տվել ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագծին, որի ընդունումը, ըստ հիմնավորման,  դառնալու է քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումները տրամաբանական ավարտին հասցնելու  կարևոր գործոն: Մասնավորապես, վերանայվել են ազատազրկման դատապարտված անձանց պահման ռեժիմների փոփոխության կանոնները: Այս խնդրի շրջանակում նախատեսվում է  ներմուծել ռեժիմների աստիճանական փոփոխության ճկուն մեխանիզմ ՝ խիստ ռեժիմից դեպի մեղմ: Մասնավորապես, ըստ անվտանգության աստիճանի նախագծով սահմանվել են  քրեակատարողական հիմնարկների 3 տեսակներ՝ ցածր, միջին, բարձր անվտանգային տեսակներ։ Նախատեսվել է նաև քրեակատարողական հիմնարկներում պատժի կրման մեղմ և խիստ ռեժիմներ: Առաջարկվում է հստակեցնել  դատապարտյալներին անջատ պահելու չափանիշները և ներդնել այդ անձանց վարքագծի ռիսկային գնահատման համակարգ: Սա ենթադրում է, որ Քրեակատարողական նոր օրենսգրքում պետք է սահմանվեն այնպիսի նորմեր, որոնք դատապարտյալի համար կանխատեսելի կդարձնեն քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվելը:

Նախագծով սահմանվել է նաև էլեկտրոնային հսկողությունը և վերահսկողությունը: Մասնավորապես՝ նախատեսվել է, որ դատապարտյալի կամ այլ անձանց անվտանգության և ապահովության կամ այլ իրավաչափ շահերի պաշտպանության նպատակով՝ դատապարտյալների փախուստները, ինքնավնասումները, ինքնասպանությունները, պատժի կրման սահմանված կարգի խախտումները, անկարգությունները, հանցագործությունները կամ այլ իրավախախտումները  կանխելու անհրաժեշտության դեպքում, ինչպես նաև դատապարտյալների վարքագծի մասին անհրաժեշտ տեղեկություն ստանալու նպատակով՝ քրեակատարողական հիմնարկում իրականացվում է էլեկտրոնային հսկողություն և վերահսկողություն՝ տեսաձայնային միջոցների կամ այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ։ Ամրագրվել են նաև էլեկտրոնային հսկողության և վերահսկողության իրականացման կարգը և հիմքերը:

Նախագծով առաջարկվում է ձևավորել Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողով, որը յուրաքանչյուր դատապարտյալի հետ տարվող վերասոցիալականացման աշխատանքների արդյունքները քննարկում է 3-6 ամիս պարբերականությամբ՝ կախված դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետից և ռիսկերի ու կարիքների գնահատման արդյունքներից: Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի կազմում ընդգրկվում են քրեակատարողական հիմնարկի հոգեբանը, սոցիալական աշխատողը, ինչպես նաև օպերատիվ և անվտանգության բաժիններից մեկական ծառայող: Ըստ անհրաժեշտության, Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի մեջ կարող են ներգրավվել նաև հոգևորական, բժիշկ և այլ մասնագետներ, այդ թվում՝ բժշկության ոլորտի:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նախագծի ընդունումը և նշել, որ այն  քրեաիրավական ոլորտի բարեփոխումների շարքի հերթական նշանակալի փոփոխությունն է: «Այս առումով ուզում եմ հիշեցնել, որ մենք նաև խափանման միջոցների և պրոբացիայի ծառայության հետ կապված էական բարեփոխումներ ենք ընդունել: Հաջորդ փուլում մենք արդեն պետք է քրեակատարողական ոլորտում անդրադարձ ունենաք նաև ֆիզիկական ենթակառուցվածքների հարցին, որովհետև դա ամենակարևոր խնդիրներից մեկն է. իրավունքների պաշտպանության, անվտանգության, բոլոր առումներով քրեակատարողական մեր հիմնարկները ֆիզիկական ենթակառուցվածքների մասով չեն համապատասխանում այն չափանիշներին, որոնք  օրենքներում և ընդհանրապես մեր գաղափարաբանության մեջ ձևակերպել ենք»,-ասել է վարչապետը: 

Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածության թեթև ռեժիմի կարևորությունը և նշել, որ պետք է այս քաղաքականությունը շարունակել և դարձնել ավելի արդյունավետ: Այդ համատեքստում վարչապետը կարևորել է խափանման այլընտրանքային միջոցների նկատմամբ   հսկողության անհրաժեշտությունը: «Այսինքն հաջորդ փուլով այդ մարդիկ կլինեն հսկողության տակ, նրանց շարժը հետագծելի կլինի,  ինչը հանցագործությունների կանխարգելման շատ էական նշանակություն կունենա: Նկատի ունեմ, որ այո, այդ պրոբլեմների հետ մենք այս ընթացքում առերեսվում ենք, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հետ գնանք այն հին տրամաբանությանը, պետք է առաջ գնալ: Ես համոզված եմ՝ և՛ քաղաքակրթական, և՛ քաղաքական, և՛ սոցիալ-հոգեբանական առումով սրանք շատ կարևոր նշանակություն ունեցող փոփոխություններ են: Մենք նոր ստանդարտ ենք սահմանում մեր երկրի համար և այդ ստանդարտի սահմանման ճանապարհին պետք է  լինենք հետևողական»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Կառավարությունը  4 մլրդ 750 մլն դրամ կհատկացնի  ճանապարհների նորոգման նպատակով

Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում ՝ պետբյուջեով նախատեսված «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և  «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումների կատարումն ապահովելու համար: Որոշման նպատակն է՝ 2022 թ. հիմնանորոգման ծրագրով նախատեսված մի շարք ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների, ինչպես նաև  մի շարք ճանապարհահատվածների և թվով 1 տրանսպորտային օբյեկտի նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման և դրանց փորձաքննության ծառայությունների համար նախատեսել ֆինանսական միջոցներ։ Ըստ այդմ, առաջարկվում է 4 մլրդ 750 մլն դրամ հատկացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:

Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը,  օբյեկտներից 7-ը փոխանցիկ են՝ այսինքն՝ ավարտական փուլում են, 3-ը նոր սկսվող աշխատանքներ են, 3-ը նախագծման աշխատանքներ են, և 43-ը` փորձաքննական ծառայության ենթակա աշխատանքներ։

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խոշոր ճանապարհաշինական աշխատանքներ կան, որոնք ավարտական փուլում են. «Խոսքը Մ2 միջպետական նշանակության ավտոճանապարհի Արենի-Արփի-Եղեգնաձոր 17.7 կմ հատվածի հիմնանորոգման մասին է Վայոց ձորի մարզում, Մ2 միջպետական ավտոճանապարհի Սարավան-Սարալանջ 16.9 կմ հատվածի հիմնանորոգման մասին է: Ես ուզում եմ ընդգծել, որ վերջին տարիներին մենք, ըստ էության, ճանապարհների որակի առումով էական փոփոխություն ենք արել, բայց դեպի Սյունիքի մարզ տանող ճանապարհն այն հատվածներից էր, որը դեռ որակի առումով էական խնդիրներ ուներ: Վերջին անգամ, որ եղել եմ այդ ճանապարհին, արդեն երևում էր, որ այս հատվածների հիմնանորոգմամբ էականորեն որակական փոփոխություն կունենանք: Հաջորդ հատվածը վերաբերում է Սյունիքի մարզի Վարդավան-Խդրանց-Ագարակ ճանապարհի 13.1 կմ հատվածի հիմնանորոգմանը, հաջորդը՝ Գեղարքունիքի մարզի Մ11 միջպետական նշանակության ավտոճանապարհի Մարտունի-Աստղաձոր 5.9 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգումն է, հաջորդը՝ Մ10 ավտոճանապարհի Վայոց ձորի մարզ Գետափի հողային պաստառի փլուզված հատվածների, պաշտպանիչ հենապատերի և կառուցվածքների վերակագնումն է,  Արմավիրի մարզում՝ Ալաշկերտ ճանապարհի 1 կմ հատվածի հիմնանորոգումը, որ նույնպես ավարտական փուլում է: Հաջորդը՝ Լոռվա մարզի Ստեփանավան քաղաքի սուրբ Վարդան փողոցի 1.6 կմ հատվածի հիմնանորոգումն է: Սրանք այն ծրագրերից են, որոնք կավարտվեն»:

Վարչապետն անդրադարձել է նաև 2022 թվականին նախատեսված  ճանապարհաշինական աշխատանքներին. «Խոսքը՝ Վայոց ձորի մարզում Նորավանքի պատմական հուշարձանի հանրապետական նշանակության ավտոճանապարհի Արենի 8.1 կմ, Արարատի մարզի Բերդիկ-Այգեստան ավտոճանապարհի 2.1 կմ հատվածների հիմնանորոգման մասին է: Կրկին Արարատի մարզում՝ Այգեվան-Եղեգնավան ավտոճանապարհի 2.9 կմ հատված է  հիմնաբորոգվում: Սրանք այն հատվածներն են, որոնց մրցույթներն արդեն եղել են, շինարարությունը որոշումից հետո արդեն կմեկնարկի:

Եվ սկսում ենք նախագծային աշխատանքներն Աղվանի-Տաթև միջպետական նշանակության ավտոճանապարհի Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցման հատվածում: Երկրորդը՝ Սյունիքի մարզում Որոտան-Բարձրավան-Շուռնուխ հատվածը շրջանցող ավտոճանապարհի վերակառուցման մասին է և երրորդը՝ Մ3 միջպետական նշանակության ավտոճանապարհի 11+400 հատվածում գտնվող կամրջի շինարարության հիմնանորոգման մասին է Արմավիրի մարզում: Այստեղ ես ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել, որ Սյունիքի մարզում ճանապարհների նորոգման հետ կապված բավական մեծ ծավալ կա, և այս աշխատանքները սկսվել և շարունակվում են»:

Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ Սյունիքում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների շնորհիվ հնարավոր կլինի խուսափել Տաթևի ոլորանների ձորի բարդությունից. Սիսիանի հատվածից մինչև Տաթև կունենանք նոր ճանապարհ:

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն էլ նշել է, որ  մարզում ճանապարհաշինարարական աշխատանքները լայն թափով են ընթանում: «Որոշակի խնդիրներ կան Տաթև-Աղվանի ճանապարհատվածում, սակայն վստահ եմ,  որ շատ մոտ ապագայում այդ թերությունները կվերացվեն: Իսկ ընդհանուր առմամբ՝ աշխատանքներն կատարվում են լայն թափով և ժամանակին կավարտվեն»,-ասել է մարզպետը:       

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը ներկյացրել է Տաթև-Աղվանի հատվածում առաջացած խնդիրները. «Նախորդ տարի մի քիչ արտակարգ ռեժիմով այդ ճանապարհը կառուցվեց: Երբ նախագծում էինք այդ ճանապարհը չէինք նախատեսել, որ պետք է բեռնափոխադրումների ամբողջ ծավալը տեղափոխվի այդ հատվածը: Այն նախագծային տվյալներով ավելի շատ որպես միջհամայնքային և տուրիստական նշանակության ավտոճանապարհ էր նախատեսվել: Դրա համար էլ այնտեղ խնդիրներ են  առաջացել: Շինարարների հետ էլ ենք աշխատում, հասկանանք  աշխատանքը ոնց ենք բաշխելու, որ բերենք պատշաճ որակի: Բայց վստահ ենք, որ այս բոլոր նախագծերն իրականացնելուց հետո, կունենանք շատ ավելի լավ, շատ ավելի արագընթաց ճանապարհ, որը հետագայում՝ Հյուսիս-հարավը կառուցելուց հետո, իհարկե, կվերադառնա իր նախնական նշանակությանը: Կարծում եմ՝ այն Սյունիքի մարզի զարգացման համար շատ էական նշանակություն կունենա: Հիմա մենք հանգամանքների բերումով Սյունիքի մարզում շատ խիտ ճանապարհային ցանց ենք ստեղծում, ինչը շատ կարևոր ներդրում է նաև մարզի սոցիալ-տնտեսական զարգացման առումով: Առաջիկայում սպասում ենք նաև Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի մրցութային փաթեթների բացմանը, որպեսզի տեսնենք ինչպես ենք  առաջ շարժվելու: Այդտեղ էլ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կարողանանք նախանշած ժամկետում իրականացնել ծրագիրը»:   

 

Կառավարությունը հաստատել է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը

Կառավարությունը հաստատել է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2022-2024 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը, ռազմավարության իրականացման հսկողությունն ու համակարգումն ապահովող անձանց ցանկը: Ըստ հիմնավորման, հանրային կառավարման համակարգի խորքային բարեփոխումների համապարփակ օրակարգի ընդունումն ու իրագործումն անբեկանելի առաջնահերթություն է՝ որպես երկրի անվտանգությունն ու կայուն զարգացումն ապահովող առանցքային նշանակության նախապայման և երաշխավոր: Ռազմավարությամբ առաջին անգամ ձևակերպվում է Հայաստանի հանրային կառավարման միասնական ու համապարփակ բարեփոխումների օրակարգը՝ նպատակ ունենալով հասցեագրել խորքային ախտորոշման արդյունքում նույնականացված խնդիրները, վերաձևակերպել հանրային կառավարման համակարգի արժեբանական հիմքերը և քաղաքականության թիրախավորված գործողությունների միջոցով ապահովել համակարգի շարունակական արդիականացման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ կարողությունները:

Ինչպես նշել է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը,  ռազմավարության մեջ նշված  բազմաթիվ խնդիրներն օբյեկտիվ ախտորոշված են և տրված են դրանց բոլոր հնարավոր լուծումները՝ մի քանի փուլերով: Ըստ նախարարի՝ ռազմավարությամբ նախատեսված աշխատանքներն իրկանացվելու են   4 ուղղություններով: «Առաջինը հանրային ծառայությունների ոլորտն է: Հատվածական արդեն իսկ մեր երկրում տեղի են ունեցել բազմաթիվ հանրային ծառայությունների բարելավումներ: Տարբեր կառույցներ, տարբեր նախարարություններ ստեղծել են միասնական որոշակի գրասենյակներ, միասնական կառույցներ, որոնք բարելավել են ծառայությունների որակը: Կա շատ երկրների փորձ, որտեղ բոլոր ծառայություններն են միավորված: Դրանք պատշաճ թվայնացված են, դրանց կառավարումը հասցված է մաքսիմում լավագույն վիճակի, որպեսզի մարդը կարողանա մեկ աղբյուրից, մեկ տեղից օգտվել բոլոր հանրային ծառայություններից և չգտնվել այդ քաշքուկների մեջ: Այս ռազմավարությունը կարևոր լուծումներ է հաղորդում կարևոր հենասյուներից մեկին:

Մյուս կարևոր խնդիրը մարդկային ռեսուրսն է: Վստահ եմ՝ դահլիճում գտնվող մեր բոլոր գործընկերները բախվել են խնդրի հետ, երբ կան լավ կադրեր, բայց չես կարողանում ներկայիս քաղաքացիական ծառայության կանոնակարգումներով ներգրավել: Եվ ճիշտ հակառակը՝ ժամանակին եղել են դեպքեր, երբ բարեկամներին, ազգականներին մտցրել են համակարգ և ստեղծել քաղծառայության համակարգը, բայց այն բավարար չափով չի խրախուսում, չի ներգրավում և չի կատարելագործում այն կադրերին, որոնք պետք են մեր աշխատանքներն իրականացնելու համար: Օրինակ՝ պարգևատրումների կարգն այսօր որոշ դեպքերում դարձել է աշխատավարձի հավելավճար: Դա պետք է, որովհետև, հակառակ դեպքում, ուղղակի չենք ունենա հանրային պետական ծառայողներ, բայց մյուս կողմից էլ՝ մենք պետք է հասկանանք և գտնենք ձևերը: Այս ռազմավարությունը հստակ տալիս է այդ լուծումները, թե ինչպես պարգևատրել, ինչպես խրախուսել իսկապես արժանավորներին և ինչպես կարողանալ հետաքրքիր դարձնել պետական հանրային ծառայությունը՝ մասնավորի հետ մրցակցության պարագայում:

Հաջորդն ինստիտուցիոնալ արդիականացումն է: Շատ հաճախ քաղաքական գործիչը, նշանակվելով պաշտոնի, ունենալով բարի և լավ ցանկություններ՝ ուզում է իրականացնել լավ գործեր, բայց ինստիտուցիոնալ համակարգը ոչ միայն չի օգնում, այլև տեղ-տեղ նույնիսկ սկսում է խոչընդոտել: Կա նաև հորիզոնական հարաբերությունների զարգացման խնդիր, ճիշտ կապերի կառավարման և ամբողջն իրականացնելու համար դարձյալ ռազմավարություն և ախտորոշում է պետք:

Չորրորդ ուղղությունը քաղաքականություն ընդունելու  ռազմավարական մոտեցումն է: Մենք արդեն, որպես կառավարություն, մի քանի տարի է՝ գնում ենք այնպիսի ճանապարհով, որ հնարավորինս որոշումները այսրոպեական չլինեն, այլ լինեն ռազմավարությունների մաս, բայց նույնիսկ դա համակարգման և էլ ավելի կատարելագործման կարիք ունի»,- ասել է Կարեն Անդրեասյանը:

Անդրադառնալով որոշմանը՝  Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը պետական մեքենայի բարեփոխումների մասին է. «Այսինքն՝ երեք տարվա ընթացքում փորձելու ենք վերլուծել այդ մեքենայի աշխատանքը։ Արձանագրել ենք, չնայած գիտեինք նաև, որ  այդ մեքենայի մեջ կան ավելորդ և պակասող դետալներ, և այդ մեքենան ժամանակակից պահանջներին չի համապատասխանում։ Այն անհարմար է և՛ վարողների, և՛ ուղևորների համար, երբեմն ավելի է բենզին ծախսում՝ չբացելով բավարար արագություն, երբեմն արգելակները չեն պահում, երբեմն շրջադարձների վրա ենք պրոբլեմներ ունենում և  այսպես շարունակ: Մեր խնդիրը հետևյալն է,  առաջին կետը հանրային ծառայություններն են, որոնց հետ անմիջապես առնչվում են մարդիկ: Վերջին կետը ռազմավարություններն են, որ պատկերավոր կարող ենք գնահատել որպես ճանապարհ: Մեզ պետք է ունենանք որակյալ ճանապարհ և այդ ճանապարհով մեր ուղևորներին առավել հարմարավետ տեղ հասցնել: Երկրորդ՝ այդ մեքենան վարողները պետք է պատշաճ որակավորում ունենան: Իսկ որպեսզի պետական կառավարման համակարգում հնարավոր լինի պատշաճ որակավորում ունեցող մասնագետների ներգրավել, պետք է ունենալ պատշաճ վարձատրություն: Բայց որպեսզի այդ վարձատրությունը չափից ավելի մեծ բեռ չլինի հանրության և պետական բյուջեի վրա,  պետք է ծառայություններն օպտիմալ լինեն իրենց չափերով»։

Վարչապետը նշել է նաև, որ անընդհատ խոսվում է  պետական կառավարման համակարգը գերբեռնված լինելու  մասին. «Սակայն մյուս կողմից տեսնում ենք, որ կան օղակներ, որտեղ մարդիկ չեն հերիքում աշխատանք անելու համար։ Դա նշանակում է՝ մենք որոշ տեղերում ունենք ռեսուրսներ և հաստիքներ, որոնք, ըստ էության, կամ անելիք չունեն, կամ կորցրել են գործառույթը։ Մեծ հաշվով, երբ ասում ենք՝ պետական համակարգի հանրային կառավարման բարեփոխումներ, նկատի ենք ունենում հետևյալը, որ քաղաքացիների համար կյանքն ավելի հարմարավետ դարձնելու մեխանիզմը աշխատի առավել արդյունավետ։ Սա շատ մեծ ծավալուն աշխատանք է, և ես համոզված եմ, որ մենք այդ աշխատանքը հետևողական կանենք»:

 

Հայաստանում  սոցիալական նշանակության նոր համակարգ կներդրվի. բանկային քարտով գնումներ անելու դեպքում թոշակառուները որոշակի զեղչեր կստանան

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երկրում առաջիկայում սոցիալական նշանակության նոր համակարգի ներդրմանը: «Ես հույս ունեմ, որ մենք հաջորդ շաբաթ կառավարության նիստում այն մանրամասն կքննարկենք:  Անընդհատ մեր օրակարգում է  սոցիալական քաղաքականության արդյունավետության բարձրացման հարցը: Այս առումով մենք որոշակի ռազմավարական պատկերացումներ ունենք, որը կապված է նաև այլ ռազմավարությունների հետ: Տեղյակ եք, որ արդեն այս տարվանից մենք կենսաթոշակների անկանխիկ վճարման ծավալներն ընդլայնել ենք: Առաջիկայում ներդնելու ենք հետևյալ համակարգը՝ հանրապետության բոլոր կենսաթոշակառուների բանկային քարտերով արվող առևտրի դեպքում պետք է կիրառենք զեղչեր: Եթե թոշակառուն առևտուրն իրականացնում է բանկային քարտի միջոցով, մենք կներդնենք զեղչերի համակարգ, որն ունի շատ կարևոր մի քանի նշանակություն: Առաջինը՝ զուտ սոցիալական նշանակություն, երկրորդը՝ կանխիկի շրջանառության կրճատում, երրորդը՝ այդ առևտրի տվյալների վերլուծություն, որի շնորհիվ կկարողանանք արդյունավետ դարձնել սոցիալական քաղաքականությունը և գտնել առավել զգայուն կետերը մեր կենսաթոշակառուների կարիքների համար»,-ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը ներկայացրել է նաև, թե ինչպես է համակարգը աշխատելու. «Այստեղ պետության և մասնավորի համագործակցության շատ կարևոր օրինակ է, որովհետև այդ զեղչերը, ինչքան որ կսահմանվեն, հույս ունենք, որ կհամաֆինանսավորվեն կառավարության, բանկային համակարգի և արդեն մասնավորի կողմից: Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև բանակցում ենք, նաև բանավոր խոսակցություններ ենք ունեցել տարբեր ընկերությունների հետ այս ծրագրում ներգրավելու համար, բայց, այնուամենայնիվ, ենթադրում եմ, որ ոչ բոլոր ընկերություններն են տեղյակ, որ այսպիսի գործընթաց է տեղի ունենում: Ես հիմա կառավարության նիստում բարձրաձայնում եմ, որ ահա այսպիսի նախագիծ կա և հույս ունեմ՝ այն ընկերությունները, որոնց մենք այսպես ասած հասցեական չենք դիմել, իրենք էլ նախաձեռնություն կցուցաբերեն և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կաշխատեն»:

Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ  այս ծրագիրը շատ կարևոր է և բարդ.  «Այն  ունի ծրագրային ապահովման անհրաժեշտություն, տվյալների վերլուծության անհրաժեշտություն: Այսօրվա իմ ուղերձը հետևյալն է՝ այն ընկերությունները, որոնք անկանխիկ առևտրի համակարգ ունեն և ուզում են մասնակցել այս ծրագրին, սոցիալական պատասխանատվության այս գործառույթի մեջ իրենց դերը ստանձնել, պիտի կոչ անեմ, որ առաջիկա մեկ-երկու շաբաթների ընթացքում ակտիվ աշխատեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ: Գիտեք, եթե ըստ էության շատ ուղիղ ասենք, խոսքը թոշակները 10 տոկոսով բարձարցնելու մասին է, բայց մի փոքր այլ մեխանիզմով: Սա մոտավորապես այն նույն մոդելն է, որը մենք իրականացնում ենք ուսուցիչների աշխատավարձի բարձրացման դեպքում: Այսինքն՝ մենք մի փոքր այլ մեխանիզմ ենք փորձում ներդնել, որը նաև մեզ տվյալներ է տալու: Այդ տվյալների մշակման արդյունքում մենք կարողանալու ենք ավելի վիզուալ պատկեր ունենալ մեր կողմից վարվող սոցիալական քաղաքականության արդյունավետության մասին, անհրաժեշտության դեպքում նաև կարող ենք  սրբագրումներ մտցնել մեր սոցիալական քաղաքականության մեջ: Հույս ունենք, որ գործնականում հունիսի կեսերից այս համակարգն արդեն լիարժեք՝ քարտերով, բանկային համակարգով և առևտրային ցանցերով կսկսի գործել»:

 

Օրենսդրական այլ նախաձեռնություններ. կառավարությունը նախատեսում է ընդլայնել և զարգացնել փաստաբանների պալատի ներքին կառուցվածքը և կառավարման համակարգը

Կառավարությունը հավանություն է տվել ««Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է ընդլայնել և զարգացնել փաստաբանների պալատի ներքին կառուցվածքը և կառավարման համակարգը՝ այն ավելի համահունչ դարձնելով ինքնակառավարման սկզբունքին և կոլեգիալության տրամաբանությանը: Կատարվող փոփոխությունների և լրացումների արդյունքում ակնկալվում է ավելի արդյունավետ դարձնել փաստաբանների կարգապահական պատասխանատվության վարույթի իրականացումը: Փոփոխությունների արդյունքում ակնկալվում է նաև զարգացնել փաստաբանական ուսուցման, որակավորման քննությունների անցկացման և փաստաբանի արտոնագրման կարգը՝ թույլատրելով որոշակի չափանիշներին համապատասխանող անձանց առանց փաստաբանական դպրոցում պարտադիր ուսուցման անմիջապես մասնակցել որակավորման քննություններին: Միևնույն ժամանակ, փոփոխությունների արդյունքում նպատակ է հետապնդվում թեթևացնել հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածությունը՝ թե՛ հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության նոր հնարավորությունների, թե՛ դրա այլընտրանքների հստակ մեխանիզմների նախատեսման միջոցով: ««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով, մասնավորապես, առաջարկվում է վերանայել պալատի նախագահի դերակատարությունը փաստաբանների պալատի գործադիր կառավարման որոշ հարաբերություննեում` առաջնահերթությունը տալով կոլեգիալ կառավարմանը` որպես փաստաբանության գործունեության ինքնակառավարման սկզբունքի արտահայտում, փաստաբանների պալատի ներքին կառուցակարգերը և ներքին կառավարման իրականացման կարգը, մասնավորապես, նախատեսել նոր մասնագիտացված մարմին` կարգապահական հանձնաժողովը և ընդլայնել խորհրդի լիազորությունների շրջանակը: Փաստաբանության, դրա մասնագիտական կազմավորման ապաքաղաքականացվածությունն ապահովելու նպատակով առաջարկվում է սահմանել պալատի նախագահի և խորհրդի անդամների` քաղաքական չեզոքություն ու զսպվածություն դրսևորելու պահանջները։ Առաջարկվում է վերանայել պալատի նախագահի դերակատարությունը հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար կազմի ձևավորման առումով: Օրինագծով նախատեսվում է վերանայել պալատի նախագահի դերակատարությունը փաստաբանական դպրոցի ղեկավարման գործունեությունում: Օրինագծով առաջարկվում է նաև ընդլայնել անվճար իրավաբանական օգնության շահառուների շրջանակը: Նախատեսվել են մեխանիզմներ, որպեսզի հանրային պաշտպանի գրասենյակը անձանց հանրային պաշտպանությունը կարողանա կազմակերպել նաև հանրային պաշտպան չհանդիսացող այլ անձանց միջոցով,  կամավոր անհատույց օգնության վերաբերյալ կարգավորումներ՝ սահմանելով կամավոր անհատույց օգնություն տրամադրող անձանց շրջանակը, կամավոր անհատույց օգնության տրամադրման եղանակները և շրջանակները, երաշխավորելով կամավոր անհատույց օգնության խրախուսումը:

Գործադիրը հավանություն է տվել «Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունմամբ կսահմանվեն փոխադրողի կողմից իրականացվող չվերթով կեղծ ճամփորդական փաստաթղթերով փոխադրման ընդունման, միջազգային բժշկասանիտարական կանոնների և դրանց հետ կապված դրույթների  պահանջների խախտումով փոխադրման ընդունման համար, ինչպես նաև վայրէջքի օդանավակայանում օդանավից դուրս գալու պահից մինչև երկրի պետական սահմանի հատման ժամանակահատվածն ուղևորների անվտանգության ապահովման և խնամքի համար փոխադրողի պատասխանատվության պահանջներ և կապահովվի ժամանած ուղևորի պատշաճ խնամք փոխադրողի կողմից: Նշված պահանջները չկատարելու համար նախատեսվում է տուգանքի նշանակում, որը կնպաստի ավիաընկերության կողմից ուղևորների առջև միջազգային ստանդարտներով  սահմանված պատասխանատվության պատշաճ կատարմանը:

Կառավարության մեկ այլ որոշմամբ Ազգային ժողովին առաջարկվում է մայիսի 19-ին գումարել արտահերթ նիստ:

 

Երևանում կկառուցվի ճարտարապետական բացառիկ լուծումներով բազմաֆունկցիոնալ բիզնես համալիր

Գործադիրը հավանություն է տվել՝ Սուրեն  և Հասմիկ Փահլևանյանների ներկայացրած՝ Երևան համայնքում բազմաֆունկցիոնալ բիզնես համալիրի կառուցման ներդրումային ծրագրին: Ներդրողները ներկայացրել են ք. Երևան, Կենտրոն վարչական շրջանի Ձորագյուղ ազգագրական թաղամասի տարածքում իրականացնել ներդրումային ծրագիր՝  10 մլն ԱՄՆ դոլարի: Այդ տարածքում նախատեսվում է կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան և ռելիեֆային անկումով հողատարածքի համար նախատեսված ճարտարապետական բացառիկ լուծումներով բազմաֆունկցիոնալ բիզնես համալիր։ Այն իր մեջ ներառելու է ինչպես բնակելի և բիզնես տարածքներ այնպես էլ հատուկ մշակութային միջոցառումների համար նախատեսված սրահ. արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի հետ որոշակի նմուշների ցուցադրության մասով: Շինությունն ունենալու է երեք հարկից բաղկացած ավտոկայանատեղ և ճարտարապետական նորագույն լուծումներով այգի: Ծրագիրը ներառելու է նաև հարակից տարածքների բարեկարգում և ընդհանուր առմամբ կարող է լավ սկիզբ հանդիսանալ Հրազդանի կիրճի ճարտարապետական միջավայրի ձևավորման և հետագա զարգացման համար։ Աշխատանքները կտևեն 2-3 տարի, որի արդյունքում կստեղծվի 150-200 նոր աշխատատեղ։

 

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական մասնագիտացման դատավորների թվակազմը կավելանա 2-ով

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ավելացնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական մասնագիտացման դատավորների թվակազմը 2 դատավորով: Հիմնավորման համաձայն՝ նման որոշման ընդունումը պայմանավորված է ««Գնումների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների ընդունմամբ գնումների հետ կապված բողոքներ քննող անձանց գործունեության ապահովմամբ:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թեկնածուների ցուցակը համալրելու մրցութային հանձնաժողովի կազմում առաջադրվել է վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը:

 

Այս տարի կոմունալ ծառայությունների դիմաց փոխհատուցում կստանա սոցիալական տներում բնակվող 100 միայնակ կենսաթոշակառու

Գործադիրը սահմանել է ՀՀ-ում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների փոխհատուցման կարգը: Որոշման նպատակն է մեղմել սոցիալական տներում բնակվող միայնակ կենսաթոշակառուների սոցիալական անապահով վիճակը։ Նախատեսված փոխհատուցման ենթակա ծախսերը ամրագրված են ՀՀ 2022 թ. պետական բյուջեում, որը յուրաքանչյուր կենսաթոշակառուի համար կազմում է 144,0 հազ. դրամ: Այս տարի կոմունալ ծառայությունների դիմաց փոխհատուցում կստանա սոցիալական տներում բնակվող 100 միայնակ կենսաթոշակառու:

 

Կներդրվի ՏՏ բնագավառում ամենամյա կրթական մրցանակների շնորհման նոր և արդյունավետ համակարգ

Կառավարությունը սահմանել է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակները, դրանց շնորհման և հանձնման կարգը: Ըստ այդմ՝ սահմանվում են ՏՏ բնագավառում լավագույն ուսանողներին ամենամյա կրթական մրցանակների շնորհման առանձնահատկությունները, ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվում են Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակի մրցանակակրի ընտրություն կատարող հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը: Սահմանվում են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լավագույն ուսանողների կրթական պարգևների մրցանակաբաշխության մասնակից համալսարանների ընտրության պայմանները, մասնակից համալսարանների ցանկը, «Լավագույն աշակերտ» մրցանակաբաշխության պայմանները: Ըստ հիմնավորման՝ ՏՏ բնագավառում ամենամյա կրթական մրցանակների շնորհման նոր և արդյունավետ համակարգ է ներդրվում: Մասնավորապես, ՏՏ բնագավառը զարգացնելու, կատարելագործելու և խրախուսելու նպատակով նախատեսվում է սահմանել կրթական 6 մրցանակ` լավագույն ուսանողների համար` «գլխավոր մրցանակ», «լավագույն ասպիրանտ» (I և II կարգ), «լավագույն մագիստրանտ» (I և II կարգ), «լավագույն բակալավր» (I և II կարգ) և լավագույն սովորողների համար` 2023 թվականից` «գլխավոր մրցանակ» և «լավագույն աշակերտ» (I և II կարգ):

 

Տարբեր մարզաձևերում ընդունելությունը և մարզումները կկազմակերպվեն ավելի վաղ տարիքից

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել  պատշաճ մասնակցություն տարբեր մարզաձևերի կրտսեր տարիքի պատանիների առաջնություններին: Ըստ հիմնավորման՝ որոշման մշակման հիմք է հանդիսացել մարզաձևերի ֆեդերացիաներից և ոլորտի մասնագետներից ստացված առաջարկությունները՝ երեխաների մարզադպրոց ընդունվելու նվազագույն տարիքի վերանայման վերաբերյալ: Առաջարկները հիմնավորվում են տարբեր մարզաձևերում կրտսեր տարիքի պատանիների (սկսած 12 տարեկանից) առաջնությունների անցկացմամբ, որոնց պատշաճ մասնակցություն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ավելի վաղ տարիքից սկսել մարզումները: Ըստ այդմ՝ առաջարկվում է տարբեր մարզաձևերում ընդունելությունը և մարզումները կազմակերպել ավելի վաղ տարիքից. 2022 թ. սեպտեմբերի 1-ից՝ ՊՈԱԿ հանդիսացող մանկապատանեկան մարզադպրոցներում, 2024 թ. սեպտեմբերի 1-ից՝ բոլոր մանկապատանեկան մարզադպրոցներում, անկախ կազմակերպական-իրավական ձևից:

 

Քուվեյթի քաղաքացիները Հայաստան կայցելեն առանց մուտքի վիզայի

Կառավարությունն ընդունել է «Քուվեյթի Պետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի պահանջից ազատելու» մասին որոշում:  Հիմնավորման համաձայն, որոշման ընդունումը լուրջ խթան կհանդիսանա նախ և առաջ Քուվեյթից Հայաստան զբոսաշրջային հոսքի և գործարար ակտիվության համար: Քուվեյթի Պետության քաղաքացիները կկարողանան այցելել և մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:  Հնարավոր է նաև, որ վիզայի ռեժիմի ազատականացումը որոշիչ դեր խաղա Քուվեյթ-Երևան ուղիղ չվերթի վերաբացման համար, որն իր հերթին զգալիորեն կդյուրացնի շփումներն ու փոխայցելությունները:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է տրամադրել  ՀՀ քաղաքացու անձնագրեր օտարերկրյա պետություններում՝ առանց պետտուրք գանձելու: Ըստ հիմնավորման, օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը: 2022թ. 1-ին եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 210 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել: Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում ՀՀ դեսպանության (119 գործ) և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության (91 գործ), կողմից տվյալ քաղաքներում ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար:

 

Միջազգային համագործակցություն. ԵԱՏՄ-ում  կկարգավորվի  գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը

Կառավարության հավանությանն է արժանացել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրով կկարգավորվի  գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը՝ աշխատանքի տեղավորման պետությունում աշխատանքային միգրացիայի ոլորտում մասնագիտական գործունեության իրականացման հասանելիությունն այդ փաստաթղթերն ունեցող անձանց համար ապահովելու նպատակով։

Գործադիրը հավանություն է տվել  «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Բելառուսի Հանրապետության դատական փորձաքննությունների պետական կոմիտեի միջև դատափորձագիտական գործունեության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրմանը: Ըստ հիմնավորման՝ համաձայնագրի կնքմամբ հնարավորություն կընձեռվի ծավալելու առավել սերտ համագործակցություն բարձրացնելու հանցավորության դեմ պայքարը` դատական փորձաքննության և քրեագիտության ժամանակակից մեթոդների և միջոցների ակտիվ կիրառման հիման վրա, ինչպես նաև իրականացնել դատափորձագիտական գործունեության և քրեագիտության ոլորտում փորձի և տեղեկատվության փոխանակում:

Հավանություն է տրվել 2021 թ. հոկտեմբերի 19-ին Մոսկվայում ստորագրված «Մաքսային միության մաքսային տարածքում ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի հետ կապված հարցերի վերաբերյալ» 2010 թ. հունիսի 18-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը հաստատելու մասին» Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագրով սահմանվում են ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների (ԱՏԳ) ստեղծման, գործունեության կարգը և ժամկետները: Դրա նպատակն է նպաստել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացմանը, ներդրումների ներգրավմանը, նոր տեխնոլոգիաների վրա հիմնված արտադրությունների և տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացմանը: Համաձայնագրով սահմանվում է ԱՏԳ-ի ռեզիդենտների գրանցումը և ԱՏԳ-ի ռեզիդենտների ռեեստրի վարումը, ինչպես նաև «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի ընդհանուր դրույթները և ձևակերպման պայմանները: Արձանագրությամբ նախատեսված մյուս փոփոխությունները վերաբերում են ազատ տնտեսական գոտու տարածքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի կիրառման առանձնահատկություններին, համաձայնագրում փոփոխությունների կատարման և վեճերի կարգավորման գործընթացներին։ Արձանագրությունն ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության միջև:

Կառավարության հավանությանն է արժանացել 2022 թ. մարտի 15-ին և մարտի 18-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ծրագրի նպատակն է քաղաքացիական ծառայության շարունակական բարեփոխումների, պետության և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների թվայնացման և ընտրված էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման միջոցով աջակցել պետական կառավարման համակարգի արդիականացմանը։ Ծրագրի հաջող իրականացման արդյունքում ակնկալվում է բարձրացնել ընտրված պետական ծառայությունների արդյունավետությունը ու բարելավել դրանց հասանելիությունը բիզնեսի և քաղաքացիների համար։

 

Այլ որոշումներ. կհստակեցվեն զինծառայողների զոհվելու դեպքում օրենքով սահմանված շահառուների շրջանակը սահմանող դրույթները

Կառավարությունը փոփոխություն ու լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողներիկ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի դրույթներին համապատասխանեցնելու նպատակով: Կհստակեցվեն զինծառաողների և (կամ) կամավորագրված անձանց զոհվելու (մահանալու) դեպքում օրենքով սահմանված շահառուների շրջանակը սահմանող դրույթները, կամրագրվեն  շահառու դիտարկելու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը: Բացի այդ, կլուծվեն իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները, ինչի արդյունքում կկատարելագործվի նաև օրենսդրությունը և կապահովվի որոշման համապատասխան դրույթների կիրառումը`  անկախ ռազմական դրություն հայտարարված լինելու հանգամանքից:

Գործադիրի որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված և շահագործումից դուրս գրված, կազմաքանդված ԲՏՌ-60  զրահափոխադրիչը կնվիրաբերվի  Արագածոտնի մարզի Օրգով համայնքին՝  կառուցվող հուշահամալիրի տարածքում տեղադրելու նպատակով:

Կառավարությունն ընդունել է «ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին» որոշում:  Եռամսյա ժամկետում Թալի համայնքի ավագանու նիստեր չեն գումարվել, այդ փաստն արձանագրվել է համայնքի աշխատակազմի կողմից և ներկայացվել է ՀՀ ՏԿԵՆ ՀՀ Արագածոտնի մարզպետի գրությամբ: Ըստ այդմ՝ առաջարկվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին  որոշումն ուժի մեջ  մտնելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում  նշանակել Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու արտահերթ ընտրության անցկացման օրը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am