Մասնակից եղիր բարեփոխումներին. Բուսաբանական այգին հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը կազմել է Բուսաբանական այգու վերածննդի ծրագիր, որը նախատեսում է բարեկարգման, արդիականացման աշխատանքներ տարբեր ուղղություններով: Որպես առաջին քայլ ստեղծվել է «Բուսաբանական այգու ընկերներ» հարթակը, որով նախատեսվում է ներգրավել անհատների, որոնք կաջակցեն, իրենց ներդրումը կունենան ծրագրերում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Գասպարյանը նշեց, որ աշխարհում կա նման պրակտիկա, երբ բուսաբանական այգիներին կից գործում են այդպիսի հարթակներ, որոնք օգնում են այգու գործունեությանը:
«Հարթակը ստեղծվեց մեր աշխատակիցների կողմից: Յուրաքանչյուր անհատ, որը ցանկանում է աջակցել այգուն, պետք է ունենա այդ հնարավորությունը: «Բուսաբանական այգու ընկերներ» հարթակում ներգրավված անձինք մասնակից կդառնան այգու բարեփոխումներին»,- ասաց Արսեն Գասպարյանը:
Բուսաբանության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, «Բուսաբանական այգու ընկերներ» բարեգործական ՀԿ նախագահ Նարինե Հայրապետյանի խոսքով՝ հարթակը չի լինելու մի միջոց, որով գումարներ են ներգրավվում, այն նաև քաղաքացիներին ծառայություն է առաջարկելու:
«Որոշեցինք համախմբվել ու Բուսաբանական այգին հանել այս ճահճային վիճակից: Այդ նպատակով ստեղծեցինք այս հարթակը: Ֆինանսավորում ներգրավելու համար մենք առաջարկում ենք տարբեր փաթեթներ: Օրինակ, ամսական 5 հազար դրամ անդամավճար տալով, քաղաքացին ոչ միայն ամբողջ ամսվա ընթացքում ցանկացած ժամանակ անվճար մուտքի հնարավորություն է ստանում, այլև կարող է մասնակցել այգում կազմակերպվող միջոցառումներին, սենյակային բույսերի, տնկիների գնումների դեպքում ունենալ զեղչեր: Այսինքն՝ ոչ միայն մարդիկ պարզապես 5 հազար դրամ են ներդնում, այլև դրա դիմաց ծառայություն են ստանում»,- ասաց Նարինե Հայրապետյանը:
Արսեն Գասպարյանը հավելեց, որ հարթակը գործելու է թափանցիկ, յուրաքանչյուր ներդրող տեղեկանալու է, թե գումարներն ինչ ուղղություններով են ծախսվելու: Ստացվում է՝ մարդիկ փոքր ներդրումներով կկարողանան մեծ ծրագրեր իրականացնել Բուսաբանական այգում:
Արսեն Գասպարյանը տեղեկացրեց, որ ֆինանսական միջոցներ ներգրավելու առումով, որպես երկրորդ բաղադրիչ, աշխատելու են նաև բիզնես ընկերությունների հետ:
«Այգում խնդիրները բազմաթիվ են, 30 տարի լուրջ ներդրումներ չեն արվել: Մենք պետք է կարողանանք այդ խնդիրները լուծել, որ զարգացումն ապահովենք: Առաջին կարևոր հարցը անվտանգությունն է: Մենք այս պահին ունենք երկու անվտանգության աշխատող՝ 80 հա տարածքի համար: Այդ մակարդակով անվտանգություն չես կարող ապահովել: Մարդիկ հաճախ ցանկապատը կոտրում են, վնասում են, բույսեր են գողանում: Դրանից բացի, տարածքը մեծ է և ոչ մարդաշատ, մարդիկ ներխուժում են ու ապօրինի գործունեությամբ են զբաղվում»,- ասաց Արսեն Գասպարյանը: Հաջորդ կարևոր խնդիրը լուսավորությունն է: Դրա բացակայության պայմաններում մարդիկ երեկոյան չեն կարողանում անվտանգ այցելել այգի:
Այգու տարածքում կան անապատային տարածքներ, որտեղ ոռոգման ցանց ունենալու անհրաժեշտություն կա: Դա հնարավորություն կտա նոր շունչ հաղորդել տարածքի այդ հատվածին:
Բուսաբանական այգին մշակել է խնդիրների լուծմանն ուղղված ռազմավարություն, որը շուտով ներկայացնելու է կառավարությանն աջակցություն ստանալու նպատակով: Արսեն Գասպարյանը նշեց, որ կառավարությունը աջակցելու պատրաստակամություն ունի:
«Թեպետ կառավարությունը պատրաստակամ է, սակայն մենք ցանկանում ենք նաև մեր տարբեր ծրագրերով ևս ֆինանսական միջոցներ ներգրավել, աջակիցների շրջանակն ընդլայնել, որպեսզի կարողանանք համակարգային լիարժեք լուծում տալ»,- հավելեց Արսեն Գասպարյանը: