Հասարակական

Աշտարակի ոստիկաններն ապօրինի պահվող զենք-զինամթերք ու թմրանյութ են հայտնաբերել

2 րոպեի ընթերցում

Աշտարակի ոստիկաններն ապօրինի պահվող զենք-զինամթերք ու թմրանյութ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզներն ապրիլի 30-ին տեղեկություններ էին ստացել, որ չորս տղամարդ, որոնցից մեկը՝ Երևանի, երեքը՝ Արագածոտնի մարզի բնակիչներ, Աղձք գյուղից Տեղեր համայնք տանող ճանապարհի վագոն-տնակի մոտ թմրամիջոց են օգտագործում, և որ վագոն-տնակի տակ ինքնաձիգ կա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, մեկնած օպերատիվ խումբը տեղում հայտնաբերել է մոխրացած հետքերով 3 կաթուցիչ և ստվարաթղթե փաթեթ՝ չորացված, մանրացված զանգվածով:

«Ոստիկանները վագոն-տնակի տակից հայտնաբերեցին «Կալաշնիկովի» ինքնաձիգ:

Ըստ Աղձք գյուղի 40-ամյա բնակչի՝ բուսական զանգվածը թմրամիջոց է, պատրաստել էր վայրաճ կանեփի թփերից: Ինքնաձիգը ևս իրենն է:

Չորսն էլ բերման ենթարկվեցին ոստիկանության Աշտարակի բաժին:

Հարուցվեց քրեական գործ: Բերման ենթարկվածներից 40-ամյա տղամարդը ձերբակալվեց:

Հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություններ կատարվեցին ձերբակալված անձի և բերման ենթարկված 42-ամյա երևանցու հաշվառման ու բնակության վայրերում: Հայտնաբերվեցին մեկ տուփ վառոդ, 16 պայթուցիչ, ինքնաձիգի լիցքավորված 10 պահեստատուփ, գնդացրի շղթա՝ փամփուշտներով, և տարբեր տրամաչափի 170-ից ավելի փամփուշտ: Հայտնաբերեցին նաև երկու փաթեթ կանեփանման չորացված, մանրացված զանգված, ապակե տարայով հեղուկ՝ կանեփանման բույսի թփերով:

Ըստ 42-ամյա երևանցու՝ հայտնաբերված բուսական զանգվածը թմրամիջոց է, իսկ զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նշանակվել են փորձաքննություններ:

Հանգամանքները պարզվում են: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում