Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Հուլիս 2022

Ճապոնիայի ԱԳ փոխնախարարը կարևորել է ՄԽ համանախագահության դերը ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործում

Ճապոնիայի ԱԳ փոխնախարարը կարևորել է ՄԽ համանախագահության դերը ԼՂ 
հիմնահարցի խաղաղ կարգավորման գործում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Երևանը կարևորում է հայ-ճապոնական հարաբերությունների հետագա զարգացումն ու ամրապնդումը, ինչպես նաև տնտեսական փոխգործակցության ակտիվացումը՝ արժևորելով Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանում իրականացվող պաշտոնական օգնության ծրագրերը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից՝ մայիսի 3-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական տեղակալ Տարո Հոնդայի գլխավորած պատվիրակությանը, որը երկօրյա այցով ժամանել է Հայաստան:

Արտգործնախարարությունում տեղի ունեցած հանդիպման սկզբում կողմերը շնորհավորանքներ են փոխանակել Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ՝ նշելով տարեդարձի կարևորությունը երկկողմ օրակարգն առավել զարգացնելու համար:

Մնացական Սաֆարյանը կարևորել է հայ-ճապոնական հարաբերությունների հետագա զարգացումն ու ամրապնդումը, տնտեսական համագործակցության ակտիվացումը՝ արժևորելով Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանում իրականացվող պաշտոնական օգնության ծրագրերը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նաև ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող բացահայտ ոտնձգությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին զարգացումները և վերահաստատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը:

Իր հերթին փոխնախարար Տարո Հոնդան ասել է, որ իր այցը նպատակ ունի ակտիվացնելու հայ-ճապոնական երկխոսությունը և գոհունակություն է հայտնել «Օսակա 2025» միջազգային ցուցահանդեսին ՀՀ մասնակցության հաստատման վերաբերյալ։ Նա վերահաստատել է Ճապոնիայի դիրքորոշումն առ այն, որ ԼՂ հիմնահարցը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների միջոցով՝ կարևորելով կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում հայ-ճապոնական համագործակցությանը, կարևորվել են հետագա մշակութային փոխանակումները, համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում:

Ճապոնիայի արտաքին գործերի խորհրդարանական փոխնախարար Տարո Հոնդայի գլխավորած պատվիրակությունը մայիսի 2-3-ը բարեկամական այցով ժամանել է Հայաստան: Փոխնախարարը «Արմենպրես»-ին հայտնել է, որ ինքը Հայաստան է եկել հայ-ճապոնական երկկողմ հարաբերությունները ամրապնդելու նպատակով: Մայիսի 2-ին Տարո Հոնդային ընդունել էր ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը: Մայիսի 3-ին փոխնախարար Հոնդան իր գլխավորած պատվիրակության և Հայաստանում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի ուղեկցությամբ այցելել է Արարատի մարզի Ղուկասավան գյուղի ՏՏ մասնագիտական կենտրոն, որը հիմնվել է Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ:

Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությաւնները հաստատվել են 1992 թ. սեպտեմբերի 7-ին: 1999 թվականից ի վեր Հայաստանում 88 ծրագիր է իրականացվում Ճապոնիայի կառավարության աջակցությամբ:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]