Պաշտոնական

Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել նրանց ներդրումը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ երկու երկրների օրենսդիր և գործադիր մարմինները համագործակցում են սերտորեն և դրանում մեծ է նաև բարեկամության խմբի ավանդը: «Ձեր այցերը մեր երկիր մեծ և դրական լիցք են հաղորդում հայ-ֆրանսիական գործընկերության շարունակական ամրապնդմանը»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

Ժիլբեր-Լյուկ Դըվինազը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ հետագայում ևս ջանքերն ուղղելու են երկկողմ գործընկերության զարգացմանը: «Մենք շարունակելու ենք լինել Հայաստանի ու Արցախի կողքին»,- ասել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը՝ հիշեցնելով, որ Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչմանն ուղղված բանաձևը ստացել է լայն աջակցություն սենատորների կողմից:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Սենատի ընդունած բանաձևը հսկայական քաղաքական նշանակություն ունի, որը մեծ ուժ և վստահություն է հաղորդում արցախահայության իրավունքների միջազգային ճանաչման համատեքստում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել դեռևս Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ քաղաքացիական անձանց վերադարձի ապահովմանը, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը վերաբերող հարցերի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում